Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈՂՆԱՇԱՐՆ Է»

Օգոստոս 17,1999 00:00
Davit Zadoyan

Հարցազրույց էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանի հետ

-Եթե արդյունաբերությունը ուզում ենք աշխատեցնել, ապա անհրաժեշտ է, որ էներգետիկայի նախարարությունը լինի բարվոք վիճակում, կամ ինչպես վարչապետն է ձեւակերպում՝ էներգետիկան արդյունաբերության ողնաշարն է։ Մեր ողնաշարն ուղիղ է, ծռված չի, բայց ֆինանսական տեսանկյունից շատ ենք ծանր վիճակում։ Գիտեք, որ ԱԺ-ում անընդհատ խոսվում էր գերկորուստների մասին։ Այո, ես համամիտ եմ, դրանց 70 տոկոսը ավելորդ կորուստ են, կամ մեկ բառով ասած՝ գողություն են։ Պետք է դրա դեմն առնել, իմ գերխնդիրը գերկորուստների նվազեցումն է։ Առաջին կիսամյակում մեզ մոտ կորուստները 14 տոկոս էին կազմում, եթե ուշադրություն եք դարձնում, անցյալ տարի 20 տոկոսից ավելի էր։ Վերջին երկու ամսում կորուստները իջան 7 տոկոսի։ Սա արդեն կտրուկ տարբերություն է։

– Ինչի՞ շնորհիվ հասաք դրան, մարդիկ այլեւս չե՞ն գողանում, ինչո՞վ եք դա բացատրում։

– 7 տոկոսն արդեն մեծ թիվ է, այդքանը որ գողանան տատ ու պապին էլ կկերակրեն։ Անհրաժեշտ է, որ դա էլ չլինի։ Իսկ այստեղ պարզ է։ Նույն տեսուչը 17 հազար է ստանում, դրա համար չի գնա մտնի այդ բեռի տակ։ Մտածում եմ նաեւ այդ մասին։ Այս գերկորուստները իջեցնելով, նաեւ՝ կրճատելով տեսուչների քանակը, նրանց աշխատավարձը կտրուկ բարձրացնել մինչեւ 50-60 հազար։ Եթե այդքանը ես նրան տամ, նա առաջին չորս ամիսը չի գողանա, բարեխիղճ կաշխատի։ 4 ամիս հետո անպայման նրան չի բավարարի, ուրեմն հարկավոր է ավելի բարձրացնել։ Տեսուչը պետք է հասկանա, որ եթե իրեն գործից հանեցին, ինքը չի կարող նոր գործի տեղ գտնել ու պետք է վախենա։ Ստրատեգիական քայլեր ենք մշակել այս ուղղությամբ եւ այդպես էլ շարժվելու ենք։ Գերկորուստների իջեցումը նախատեսում է նաեւ, որ կարողանանք մեր պարտքերը փակել։

– Սակայն գերկորուստները միայն տեսուչներով չեն պայմանավորված, ավելի խոշորամասշտաբ գողացողներ կան, այնպես չէ՞։

– Գերկորուստների գոյությանը մասնակցում ենք ազգովին, սկսած մեր բաժանորդից մինչեւ գալիս հասնում է չգիտես թե ուր։ Դրա համար էլ այդ պայքարը պետք է տանենք ազգովին։ Հազար դրամի համար երեք հազար դրամ փչացնում ենք, չի կարելի։ Պարույր Սեւակի ասած՝ մի գերանի համար ուրիշի շեն տունն են քանդում։ Ցավալի է, բայց հոգեբանությունը հին է՝ մեզ թվում է էլի էն մեծ երկրում ենք ապրում՝ կարելի է։ Իրականում անգամ մեկ դրամի խախտումը մեր պետության վրա ազդում է։ Ազգովին եթե մեր հոգեբանությունը չփոխենք՝ պետություն չենք դառնա։

– Եթե կարելի է, սակագների մասին խոսեք, որովհետեւ ժողովուրդն անհանգստություն ունի, թե դրանք կրկին բարձրանան։ Բայց հնարավո՞ր է գները ոչ թե բարձրանան, այլ՝ իջնեն։

– Ուրեմն, հնարավոր է իջնեն, թե՝ ոչ։ Ես գտնում եմ, որ եթե այսօր հնարավորություն լինի, պետք չէ շտապել, որովհետեւ համակարգը մեծ ծախսերի մեջ է։ Բայց պետք էլ չի բարձրացնել, գիտենք, որ դրամը ինֆլացվում է, տարեկան մինչեւ 10 տոկոս։ Եթե մենք նույն գինը պահենք, արդեն էժանացրած կլինենք, եթե դրան էլ գումարենք, որ հիմա գիշերային սակագներով ենք աշխատում, ապա բավականին իջել է։ Այսինքն՝ այս սակագինն իջել է։ Եթե հաշվիչները մենք դնենք (այս պահին գումարը չունենք, փորձում ենք վարկերով գտնել), իսկ բոլոր նրանք, ովքեր իրենց գումարը կդնեն ու հաշվիչ կտեղադրեն, մենք հաշվիչի ծախսը աստիճանաբար կվերադարձնենք։

– Ունե՞նք հանրապետությունում բացարձակ անվճարունակների թիվ, որոնք մեկ տարի, կամ՝ կես, բացարձակապես էլեկտրաէներգիայի վարձ չեն մուծել։

– Ունենք, բայց բարեբախտաբար դրանց թիվը մեծ չի։ Եվ հետաքրքիրն այն է, որ աղքատներն ամենաբարեխիղճն են վճարում, ամենաբարոյականն են, քան նրանք, ովքեր աշխատանք ունեն։ Սկսած մեր էլցանցի աշխատողներից (ես մեզանից եմ սկսում, որ ուրիշները չնեղանան), չեն վճարում։ Ով մի քիչ հնարավորություն ունի, չի վճարում, մտածում է՝ ո՞վ կարող է իրեն բան ասել։ Ե՛վ ՆԳ աշխատողներ կան, ե՛ւ հարկային տեսուչներ, տարբեր մարդիկ, ովքեր իրենց մի փոքր ավելի լավ են զգում, դժվարությամբ են վճարում։

– Դրանց դեմն ինչպե՞ս եք առնելու, թե՞ իրոք նրանց դեմ խաղ չկա։

– Դրանց դեմն առնելու ձեւն արդեն գտել ենք, նախարարների հետ պայմանավորված, ցուցակները կազմում ենք, ուղարկում նախարարներին եւ մարզպետներին։ Եվ տեղերում նախ աշխատավարձից են պահում, եթե հարկ կա, նաեւ աշխատանքից են ազատում։ Ինձ թվում է նաեւ սա է պատճառը, որ անցյալ տարի բնակչությունից հավաքագրումը եղել է 95 տոկոս։

-Դուք ասացիք, որ նաեւ վարչարարությունն է պատճառը, որ կորուստները բավականին նվազել են։ Չե՞ք գտնում, որ դա մարդկանց ստիպում է ավելի հնարամիտ լինել եւ խաբելու նոր ձեւեր գտնել։

-Հավաքագրումը թող փոքր լինի, ոչինչ, բայց հաշվիչի վրա թող գրանցվի։ Եթե հաշվիչի վրա գրանցվի, այլեւս կորուստ չի լինի։ Այստեղ չի կորուստը, կորուստը լրիվ այլ տեղ է։ Օրինակ, այս կարճ ժամանակահատվածում հայտնաբերել ենք, որ 8-9 հազար մարդ գույքագրում չի արել։ Մոտ 160 հիմնարկ-ձեռնարկություն ենք գտել, որոնք աշխատել են, բայց փող չեն տվել։ Հիմա դրանք գույքագրվեցին։ Հենց գույքագրվեցին, արդեն կորուստ չի լինի։ Վարչարարությունը օգնում է, որ կորուստները քիչ լինեն, բայց դա միայն մի տարի, մի տարուց հետո արդեն լուրջ ներդրումներ են հարկավոր, որ մարդու գործոնը որքան հնարավոր է փոքրացնենք։ Էլեկտրական հաշվիչների դեպքում մարդու գործոնը կփոքրանա, տեսուչը ոչինչ չի կարող անել։

– Ամենախոշոր արտադրական ձեռնարկությունը, որ ամենաշատն է էլէներգիա ծախսում, ո՞րն է, եւ նրա պարտքերը որքա՞ն են։

– Ամենախոշոր էներգակառույցներից են «Նաիրիտը», ոռոգման եւ խմելու ջրի համակարգերը։ Այս երեքն էլ շատ վատ են վճարում, մեծ պարտքեր ունեն։ Միայն «Նաիրիտը» գազի եւ էլէներգիայի համար պարտք է 19 միլիարդ դրամ (մոտ 38 միլիոն դոլար)։

– Արտահանվող էներգիայի մասին՝ ո՞ւմ ենք տալիս, ի՞նչ գնով եւ ինչո՞ւ ենք տալիս։

– 2,5-3 մլրդ խորանարդ Իրանին ենք վաճառում։ Ամռանը Իրանը դեֆիցիտ ունի՝ տալիս ենք, ձմռանը՝ վերցնում ենք, եթե հաջողվի Իրանից հետ վերցվի ոչ թե հոսանք, այլ՝ գումարը, ապա դա ավելի լավ է։ Վաճառել ենք նաեւ Վրաստանին։ Վրաստանը հիմա մեզ պարտք է շուրջ 6 միլիոն դոլար։ Այս օրերին բանակցություններ ենք տանում, որ այդ 6 միլիոնը ետ վերցնենք։ (…) Եթե անգամ Թուրքիան հոսանք ուզի, ես պատրաստ եմ վաճառելու, մնում է, որ խորհրդարանը եւ քաղաքական այրերը լուծեն այդ հարցը։

– Էներգետիկ հանձնաժողովի եւ ձեր նախարարության հարաբերությունների մասին. չի՞ բացառվում, որ հանձնաժողովը կրկին սակագների բարձրացման որոշում կկայացնի եւ էներգետիկայի նախորդ նախարարի պես դուք էլ կասեք՝ թե դա հանձնաժողովի որոշումն է, ու դուք ոչ մի կապ չունեք։ Լինո՞ւմ է անկախ հանձնաժողով։

– Նայենք այսպես. նախ ես որպես էներգետիկայի նախարար, պետք է ասեմ, որ սակագինը ինչքան թանկացնենք՝ մեր օգուտն է։ Համակարգի համար ձեռնտու է, որ սակագինը բարձրանա։ Բայց մյուս կողմից, ինչքան թանկ լինի, այնքան հավաքագրումը վատ կկատարվի։ Իրականում էներգետիկայի հանձնաժողովը պետք է սակագները ինքը որոշի, մենք տալիս ենք բոլոր այն հաշվարկները, որ ունենք (…) Մենք Հրազդանի ՀԷԿ-ում բազմաթիվ նորարարություններ ենք արել, որը կբերի նրան, որ մենք 25 դրամի մեջ կտեղավորվենք եւ սակագինը բարձրացնելու կարիք չի լինի (…)։ Իսկ լրիվ անկախ բան լինել չի կարող, եթե լրիվ անկախ լինի, կընկնի գետնին։

Հարցազրույցը վարեց

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031