Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոսը Վազգեն վարչապետին

Օգոստոս 17,1999 00:00
vazgen khachikyan

«Վազգենն ամուսնանում է,- լսափողի մեջ լսվեց մեր պատասխանատու քարտուղարի ձայնը,- վաղը կգնաս պսակադրությանը»։ Գիշերվա կեսին հեռախոսազանգի հուժկու ձայնից արթնացել ու չէի հասկանում, թե ինչ է կատարվում. ականջումս անվերջ հնչում էր՝ «Վազգենն ամուսնանում է»։

Աստված իմ, մի՞թե վերջապես ամուսնանում է հանրապետության թիվ 1 փեսացուն՝ Վազգեն Սարգսյանը, մտմտում էի ես ու թվում էր, թե հուզմունքից սկսված սրտիս թրթռոցը լսվում է նաեւ հեռախոսի մյուս ծայրում, երբ ինձ արթնացրած ձայնը շարունակեց. «Պատգամավոր Վազգեն Խաչիկյանն է ամուսնանում»։ Սա լսելուց հետո անկեղծ ասած չգիտեի՝ ուրախանալ (ինձ համար), թե տխրել (վարչապետի համար)։

Անցած շաբաթ օրը մայրաքաղաքի փողոցները «ցնցվում էին» հարսանեկան մեքենաների ազդանշաններից։ Այդ ազդանշաններից ականջները տրաքվող մարդկանց մտքով էլ չէր անցնում, որ երջանիկ զույգերից մեկն էլ ԱԺ երիտասարդ պատգամավոր Վազգեն Խաչիկյանն է։ Մինչ կհասնեի սբ. Զորավոր եկեղեցին, ենթադրում էի, որ եկեղեցու բակում կհանդիպեմ երիտասարդ պատգամավորի երջանկությունը կիսող քաղաքական գործիչների ու հատկապես «Միասնություն» դաշինքի պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ։ Մտածում էի. ճիշտ է, Կարեն Սերոբիչը խոստացել է զբաղվել մյուս Վազգենի (Սարգսյան) ամուսնության հարցերով, բայց դե ինչպե՞ս կարող է անտարբեր մնալ երիտասարդ կուսակցի ընտանիքի կազմավորման գործին։ Մտածում էի՝ կգա Կարեն Սերոբիչը իր քավորությամբ կամուսնացնի Վազգեն Խաչիկյանին եւ դեռ նախընտրական շրջանից մնացած մի երկու հատ էլ ոչխար մատաղ կանի։

Երբ հասա սբ. Զորավոր եկեղեցի՝ աչքերիս չէի հավատում, Վազգեն Խաչիկյանից բացի, չկար ոչ մի քաղաքական գործիչ։ Պսակադրությունը կատարվում էր ընտանեկան նեղ շրջանակում։ Նորափեսա Վազգենի եւ նորահարս Լիլիթի պսակադրությունը կատարեց սբ. Զորավոր եկեղեցու քահանա տեր Մյուռոնը, քավորությամբ՝ ՀՀ երիտասարդության հարցերի փոխնախարար Վահրամ Բարսեղյանի։ Նրան տեսնելով՝ կրկին ոգեւորվեցի՝ հույս ունենալով, թե քաղաքական էլիտան նորապսակներին հարսանյաց սրահում է սպասում։ Ցավոք, պրն Բարսեղյանն էլ հուսախաբ արեց՝ ասելով, թե հարսանիքը նեղ ընտանեկան շրջանակում է կայանալու։ «Ճիշտն ասած, Վազգենի քավորը լուսահոգի Հենրիկ Խաչատրյանն էր։ Նրա մահից հետո սպասեցին մինչեւ տարին լրացավ, հետո, երբ քավորության համար ինձ դիմեցին՝ չմերժեցի։ Դե, նախ Վազգենի հետ վաղուց ծանոթ ենք, հետո էլ երիտասարդության հարցեր, բան…»,- ասաց Վահրամ Բարսեղյանը։

Ճիշտ է, էլի, երիտասարդ նորապսակների քավորը պետք է երիտասարդության հարցերի փոխնախարարը լինի։ Իսկ Կարեն Սերոբիչը այս նույն տրամաբանությամբ կարող է միայն Վազգեն Սարգսյանի ու նրա հասակակիցների քավորը լինել։

Նորապսակներին մի բարձի ծերանալու մաղթանքով՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031