Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Օգոստոս 17,1999 00:00
femida

«Տնտեսական ու պաշտոնեական հանցագործությունների բացահայտման եւ այդ բնույթի գործերի քննության նկատմամբ դատախազական հսկողության վիճակի ուսումնասիրման արդյունքների մասին» ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին «Առավոտ» օրաթերթը չէր տեղեկացվել։

Սակայն երեկ մեզ տրամադրված ՀՀ դատախազության կոլեգիայի որոշման նախագիծն ու տեղեկանքը «կօգնեն», հավանաբար, «մասնակից դառնալ» կոլեգիայի «լուսաբանմանը»։ Զեկուցումով հանդես գալով՝ նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետի տեղակալ Գ. Հարությունյանը «արձանագրում է, որ դատախազները վերացրել են քննիչների կողմից կայացված քրեական գործերը կարճելու, կասեցնելու վերաբերյալ 8 անօրինական որոշումներ, 18 գործերով տրվել են գրավոր ցուցումներ, ՆԳՆ քննիչների քննած չորս գործերով դատախազների կողմից մեղադրական եզրակացությունները չեն հաստատվել, գործերը վերադարձվել են լրացուցիչ քննության, թերությունները, խախտումները վերացվելուց հետո այդ գործերը ուղարկվել են դատարան, հանցավորները դատապարտվել են»։

Վիճակագրական

1998 թ. հանրապետությունում արձանագրվել է 306 տնտեսական հանցագործությունների դեպքեր, 1999 թ. առաջին եռամսյակում՝ 65։

Պաշտոնեական հանցագործությունները 1999-ի առաջին եռամսյակում 32 են եղել, 1998-ին՝ 140։ «Պաշտոնական դիրքերը ի չարը գործադրելու» դեպքերը տոկոսային գնահատմամբ՝ 31,4 % է։

Պետական շահերի պաշտպանության վարչության կողմից (ՀՀ գլխավոր դատախազություն) 12 գործ է հարուցվել։ «Այդ գործերով պետությանը պատճառված 579,1 մլն դրամ վնասից նյութերի նախապատրաստման եւ նախաքննության ընթացքում վերականգնվել է 303,5 մլն դրամ»։

Առանց բավարար տվյալների

Հանցավոր արարքների սխալ որակման, առանձին գործերով քննության անհարկի ձգձգման, անորակ քննություն կատարելու նյութերով քրեական գործի հարուցումը անհիմն մերժելու… «նշված բնույթի խախտումներ» են թույլ տվել Գավառի, Արմավիրի, Շահումյանի, Արաբկիրի նախկին տարածքներում, Կոտայքի մարզում։ Նշվել է, որ 10 հանցագործությունների դեպքերից, որոնք չեն բացահայտվել, 8-ը տնտեսական բնույթի էին։

«Թերի, անորակ քննություն կատարելու պատճառով» դատարանների կողմից լրացուցիչ քննության են վերադարձվել 3 քրեական գործեր։ Առաջինով կայացվել է արդարացման դատավճիռ՝ Սյունիքի մարզում։

Ընդսմին հանձնարարվել է «քննության առումով բարդ, ծավալուն, բազմադրվագ գործերի քննությունը հանձնարարել առավել փորձված քննիչներին» եւ որոշվել է «հետեւողականորեն հակազդել դեպքերը հաշվառումից թաքցնելու, օրենսդրությամբ պահանջների այլ խախտումների փաստերին», այլ օրակարգում դրված է նաեւ խախտումներ թույլ տված քննիչների, դատախազների, պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը։

Դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչությանը հանձնարարվել է ապահովել «մեղադրանքի պատշաճ կազմակերպումն ու պաշտպանությունը», առաջ քաշելով յուրաքանչյուր անօրինական դատավճռի եւ որոշման բողոքարկման հարցը…

Ժամկետների խախտման մասին

Կոլեգիայում անդրադարձել են նաեւ «տնտեսական եւ պաշտոնեական հանցագործությունների վերաբերյալ հաղորդումները ժամանակին քննարկելու, քրեական գործ հարուցելու…» ժամկետների մասին հարցին։ Նշվել է, օրինակ, որ 1998-ին տնտեսական եւ պաշտոնեական հանցագործությունների մասին հաղորդումների ավելի քան 30%-ը քննարկվել եւ ընթացք են ստացել 10-օրյա ժամկետի խախտմամբ, իսկ 79 քրեական գործերի նախաքննությունը կատարվել է 4-ամսյա ժամկետի խախտմամբ, որից 12-ը եղել են «կալանվորական»։ Կան նաեւ մեկ տարուց ավել ժամկետում քննված քրեական գործեր։

«Ռեկորդային» է օրինակ. 1 տարի 5 ամիս տեւողությամբ Շահումյանի տարածքի դատախազության կողմից քննիչ Մ. Ալեքսանյանի կողմից քննած Ս. Բարոյանի, Ս. Շափաղաթյանի, Հ. Առաքելյանի կողմից ապօրինի ազատությունից զրկելու եւ 5500 ԱՄՆ դոլար շորթելու, «Լենդ» բանկի վարկային բաժնի վարիչին կաշառք տալու (3200 դոլար) եւ այլ եղանակով 13000 դոլար վարկ ստանալու քրեական գործը, մեկ տարի տեւած «Մասիս» ձկնային ՓԲԸ եւ Արմավիրի նավթի բազայի, Մեծամորի բնակարանային կոմունալ տնտեսության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու վերաբերյալ քրեական գործերը…

«Սխալ քրեաիրավական գնահատականի» արժանացած գործերից արժանահիշատակ է Երեւանի կոնյակի գործարանի եւ Դոնի Ռոստովի «Արարատ» ՓԲԸ-ի գործը։ «Արարատի» տնօրեն Խաչատուր Կարապետյանը կոնյակի գործարանից ստացել է 17.370 շիշ (67.000 ԱՄՆ դոլար արժողությամբ) եւ այն Դոնի Ռոստով փոխադրելու համար հանձնել գործարքի մեջ ներգրավված անձանց։ Պարզվել է հետագայում, որ թերի քննություն էր տարվել եւ որ… «ՌԴ Պյատիգորսկ քաղաքում էլ ավազակային հարձակում չի կատարվել»։ Դատախազական հսկողությունը շարունակվում է։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031