Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՆԱ ՄԵՌԻ, ԱՐԻ ՍԻՐԵՄ

Օգոստոս 17,1999 00:00
Sandoyan

Ինչը Հայաստանում /եւ ընդհանրապես Ասիայում/ լավ է դրված, դա կեղծավորությունն է, երեսպաշտությունը եւ փարիսեցիությունը:

Դեռ երեկ Էդվարդ Եգորյանը «մոսկա» էր, կաշառակեր, 95 թվականի կեղծիքների գլխավոր կազմակերպիչ: Դեռ երեկ իշխանությունը նրա վրա «կոմպրոմատ» էր պեղում՝ ապացուցելու համար, որ նա խոսելու տեղ չունի, որ նրա քննադատությունը մի կոպեկ չարժե: Եվ այսօր հանկարծ, նրա ողբերգական մահից հետո՝ է՛լ թաղման կառավարական հանձնաժողով, է՛լ պաշտոնական մահախոսականներ, է՛լ հայոց պետականության հիմնադիր, է՛լ կարկառուն պետական եւ քաղաքական գործիչ: «Նախորդ հանցավոր ռեժիմի ներկայացուցիչները» փայլուն հնարավորություն ստացան տեսնելու սեփական հոգեհանգիստն ու թաղումը եւ ուրախությամբ համոզվելու, որ դրանք բավականին ճոխ են լինելու, եւ այդ տխուր միջոցառումներին մեծ խանդավառությամբ մասնակցելու են «ներկա ազգային ռեժիմի» բոլոր բարձրաստիճան ներկայացուցիչները:

Բայց ինչո՞ւ են մեր պաշտոնյաներն ու գործիչները իրար հարգանքի տուրք մատուցում միայն մահվանից հետո: Ավելի հեշտ չէ՞ որդեգրել մեկ մարդկային եւ բարոյական սկզբունք՝ կիրառելով այն անկախ նրանից՝ մարդը ողջ է, թե մեռած, իշխանություն է, թե ընդդիմություն, ընկերդ է, թե թշնամիդ: Երբ 1996 թվականի օգոստոսի 15-ին «Առավոտը» ջերմ խոսքեր գրեց այն ժամանակ բանտում գտնվող ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի ծննդյան օրվա առթիվ, այն տարիների իշխանավորները, մեղմ ասած, զարմանում էին՝ ինչի համար ենք փառաբանում քրեական տարրին: Հիմա էլ ենք, բնականաբար, շնորհավորում պրն Հովհաննիսյանի 44-ամյակը՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ այսօր նա իշխանավոր է:

Սխալ էին Տեր-Պետրոսյանը, Սիրադեղյանը, Եգորյանը եւ նրանց զինակիցները, երբ կարծր եւ անհանդուրժողական քաղաքականություն էին վարում ընդդիմության եւ, մասնավորապես, դաշնակցության նկատմամբ: Սխալ էր «Հանրապետություն» միավորումը, երբ պաշտոնանկ արեց Եգորյանին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահի դիրքից՝ որպես պատիժ «Հայրենիք» խումբը ստեղծելու համար: Սխալ էին դաշնակցականները, երբ անցած տարվա աշնանը հանրահավաքում, որպես իրենց նեղացնողների նկատմամբ հաշվեհարդար, «սեւ ցուցակ» հրապարակեցին՝ գործ տալով քաղաքական հակառակորդների վրա: Սխալ էին մեր իրավապահները՝ փորձելով գործեր սարքել ընդդիմադիրների՝ այդ թվում՝ Եգորյանի վրա:

Ամենահետաքրքիրն այն է, որ այդ սխալներից ոչ ոք առայժմ դասեր չի քաղում: 95 թվականին «Դրո» խմբի արխիվը, նախագահական նստավայրից եկող հրահանգի համաձայն, տպագրում էր միայն «Հայաստանի հանրապետություն» թերթը: Այսօր Վանո Սիրադեղյանի մեղադրական եզրակացությունը սկսել է տպագրել չորրորդ թերթը՝ փաստորեն չորրորդ անգամ հրապարակելով բառացիորեն նույն տեքստը: Հարցն այստեղ այս կամ այն մարդու մեղավորության կամ անմեղության մեջ չէ՝ ի վերջո թողնենք դա դատարանին: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ մեր պետական «ագիտպրոպը» եղել եւ մնում է պարզամիտ եւ անարդյունավետ:

Խոսքն այստեղ այն «բարի մթնոլորտի» մասին է, որը ստեղծելու անհրաժեշտության մասին իրավացիորեն խոսում է վարչապետը: Բարության, հանդուրժողականության, ընդդիմախոսիդ նկատմամբ հարգալից վերաբերմունքի եւ նրա արժանիքները գնահատելու մասին մեր պետական եւ քաղաքական այրերը հիշում են միայն այն ժամանակ, երբ այդ ընդդիմախոսը մահանում է: Այդժամ միայն նրանք սկսում են ողբալ, սգավոր դեմքեր են ընդունում, սրտաճմլիկ ցավակցական ուղերձներ գրում եւ հեռուստատեսությամբ գեղեցիկ հիշողություններ պատմում հանգուցյալի մասին: Եթե վաղը, Աստված մի արասցե, մի բան պատահի Հրանտ Բագրատյանի հետ, կասկածո՞ւմ եք, որ Արշակ Սադոյանն իր գլխին մոխիր կլցնի եւ ելույթներ կունենա այն մասին, թե ինչպիսի նշանավոր պետական այր էր պրն Բագրատյանը: Նույնը կանի նախկին վարչապետը պրն Սադոյանի (դարձյալ՝ Աստված մի արասցե) պարագայում: Այդ հիմա են նրանք իրար միս ուտում եւ հայհոյում վերջին բառերով՝ մտածելով, հավանաբար, որ հավերժ են թե՛ քաղաքականապես եւ թե՛, որն ավելի կարեւոր է, ֆիզիկապես:

Իհարկե, դժվար է այսօր վերանալ իշխանության համար մանր գզվռտոցից եւ հասկանալ, որ ոչինչ հավերժ չէ: Մանավանդ, հավերժ չեն պաշտոններն ու իշխանությունը: Վաղ թե ուշ, օրինակ, պաշտոնանկ կարվեն Ռոբերտ Քոչարյանը, Վազգեն Սարգսյանը կամ Սերժ Սարգսյանը: Վստահ եմ, որ նրանց հակառակորդները, որոնք այսօրվա ընդդիմությունն են, իսկ այն ժամանակ իշխանություն կլինեն, կսկսեն նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնել: Եվ, երբ մեր թերթը գրի, որ դա տգեղ երեւույթ է, այդ իշխանավորները, մեղմ ասած, կզարմանան:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031