Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ենք այսպես ապրում

Օգոստոս 14,1999 00:00
Ernest Sogomonyan

Իմ սերնդակիցները գրեթե նույն դաստիարակությունն են ստացել։ Բոլորս անցած-գնացած հասարակարգի դրական-բացասական դրոշմն ենք կրում։ Ու հազիվ թե մոտ ապագայում դրանից ձերբազատվենք։ Սա մի օբյեկտիվ հոգեբանական գործընթաց է, որը հավանաբար դեռ մեր երեխաներն են խաչի պես կրելու… Լավ է, գոնե մեր թոռները չեն բախվի հին հասարակարգի հիմնախնդիրներին։

Ինչո՞ւ ենք այսպես ապրում։ Գուցե ճի՞շտ էր դպրոցում, բուհում եւ այլուր մեզ հրամցվող տեսությունը՝ կապիտալիզմին անպայման հաջորդելու է սոցիալիզմը, որն իր բոլոր թերություններով ու նաեւ մարդկային դեմքով փորձում էին կառուցել մեր երկրում։ Գուցե ճի՞շտ էին կոմունիզմի հայրերը, որ սոցիալիզմից կապիտալիզմ անցում չի լինում։ Ուրեմն սա՞ է այն կոմունիզմը, որն ըստ դասականների գտնվում էր… ապագայում։ Երեւի սա է կոմունիզմը, երբ հայրենակիցներիս մի մասը թշվառության մեջ է, իսկ մի մասն էլ ապրում է իրոք կոմունիստական շրջան։ Բա այն 96-97 տոկոս կազմող մի մասն ըստ ո՞ր տեսության է անվրդով վայելում բարիքները, իսկ մյուսը՝ աղքատության ճիրաններում հազիվ իր գոյությունն է քարշ տալիս՝ նորօրյա հարուստներից մի կտոր հաց մուրալով։ Պատահում է, որ երբեմն դիրքերն են փոխվում՝ մեկը վեր է սլանում, մյուսը գլխիվայր անդունդն է ընկնում։

Ինչո՞ւ ենք այսպես ապրում։ Այս ի՞նչ ժամանակավորության ցավ է մեզ պատել՝ տարվող կադրային քաղաքականությունը հասցնելով զրո մակարդակի։ Եթե նախկին քայլերով շարունակվի կադրային կարուսելը, մի քանի տարի հետո մեր երկրի 1/3-ը բաղկացած է լինելու նախկին կառավարությունների դժգոհ անդամներից եւ փոխանդամներից, նույնպես դժգոհ նախկին ռայ կամ քաղսովետների, կամ էլ այժմյան համայնքների պետերով եւ նրանց տեղակալներով, վարչության եւ այլ պետերով։ Այդ ի՞նչ թաքնված միտումով էին կավճոտ ձեռքերով նվիրյալներին պաշտոններ տալու միջոցով վարկաբեկում, հանում իրենց բնորոշ ստեղծագործական մթնոլորտից։ Չինովնիկությունն էլ ստեղծագործական աշխատանք է, եւ ով դա չգիտի կամ չի ընկալում՝ իրեն տապալման է դատապարտում։ Ինչո՞ւ ենք այսպես ապրում։ Ինձ շատ վշտացրեց մեր վարչապետի ավանդական դառնալու հավակնություն ունեցող ամսական հաշվետվությունը, ուր նա ընդամենը սփյուռքյան երկու մեկենասների անուն նշեց, որոնցից մեկը վաղուց հրաժեշտ է տվել այս «անիծյալ աշխարհին»։ Այստեղ «գործ դնելուց» խուսափողների եւ ոչ մի պատճառաբանություն ազգիս զավակի բանականությունը չի կարողանում ընկալել։ Այդ ինչպես է, որ այլ ազգի Հանսմանը «ռիսկի» է դիմում, իսկ մերոնք՝ ոչ։

Եթե տականքը որեւէ մեկին կամ ընդամենը մի տասնյակի (ոչ ավելի) խաբել է, ապա դա չի նշանակում, որ մենք բոլորս խաբեբա ենք։ Կամ մի՞թե չեն տեսնում, թե ովքեր են ղեկավարման եկել գործադիր եւ օրենսդիր մարմիններ։ Առաջ սփյուռքահայ մեծահարուստները կամ ոչ այդպիսիք, ասենք՝ շուկա փնտրողները, ասում էին, որ մեր չինովնիկները վերից վար աչքածակ են եւ բուրժուական հասարակարգին համապատասխան նախնական կապիտալի կուտակմամբ են զբաղված։ Հիմա չե՞ն տեսնում, թե՞ չեն ուզում տեսնել, որ ԱԺ «շարքային» պատգամավորներից սկսած՝ աչքները կուշտ, բոլոր նախնական փուլերն անցած մարդկանց է ժողովուրդն ընտրել։ Գուցե հայի ժառանգական հիշողությունն է, որ նաեւ սփյուռքի մեկենաս-ներդրողների, այլ ոչ մեկենաս-մուրացողների թիվը Հայաստանում ավելանա։ Հայրենիքի նկատմամբ սերը պահանջում է՝ խոսելու, լացելու եւ հուզվելու, մեր ընդհանուր հողը համբուրելու ժամանակները մոռանալ։ Այս հողն արդեն արցունքներ չի ուզում, այս հողն արդեն վերջնականապես հաղթանակած ազգի հող է։ Այս հողը մշակվել է ուզում՝ նաեւ ձեր գութանն է պետք, այս հողը կառուցվել է ուզում՝ ձեր կռունկն է պետք, այս հողը պաշտպանվել է ուզում՝ զինվոր պահել է պետք։ Հետո այդ բոլորը ձեզ է պաշտպանելու՝ ապրեք Հայրենիքում, թե նրանից հեռու, ձեր զավակներին, թոռ ու ծոռին է պաշտպանելու, ձեր հայ մնալն է իր կրծքով պաշտպանելու, ձեր սրտերն արժանապատվությամբ լցնելու…

Կարդացեք նաև
ԼԱՎ ԼՈՒՐ

Ես էլ չե՛մ զարմանում, թե ինչո՞ւ ենք մենք այսպես ապրում։

ԷՌՆԵՍՏ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031