Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՍՏՈՒԳԵԼ ԼԵԶՎԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 14,1999 00:00
lezu

Գնալով կրքերը բորբոքվում են անգլերենի հարցաթերթիկի 7-րդ առաջադրանքի շուրջ։ Շատերը համոզված են, որ այդ առաջադրանքը շահարկվում է առարկայական հանձնաժողովի կողմից։ Բայց տվյալ դեպքում դա չէ էականը, այլ այն եզրակացությունը, որ այդպիսի առաջադրանքով լեզվիմացություն ստուգելուն ո՛չ մեր հասարակությունն է բարոյապես հասու, ո՛չ մեր մասնագետներն են գիտականորեն եւ մանկավարժորեն պատրաստ։

Փոքրիկ պարզաբանում 1. Անգլերենի հարցաթերթիկի 7-րդ առաջադրանքի պահանջն է՝ «Ավարտել նախադասությունը»։ Այն ենթադրում է ճիշտ եւ տրամաբանորեն անթերի նախադասություն՝ անկախ դրա ծավալային ու բովանդակային բնութագրերից։ Սակայն հանձնաժողովը պահանջում է նաեւ, որ նախադասությունները պարզունակ չլինեն, հարուստ բառապաշար կիրառվի։ Այսպիսի պահանջները ենթադրում են հստակ չափանիշներ, որոնցով կարելի լինի միանշանակ ու անվիճելի կերպով որոշել, թե որ նախադասությունն է պարզունակ, որը՝ ոչ, առնվազն քանի եւ հատկապես որ բառերը պետք է կիրառել՝ հարուստ բառապաշար ցուցադրած լինելու համար։ Ավելին, հարկ էր սահմանել պարզունակության աստիճանները (ասենք՝ 4 աստիճան)՝ որոշելու համար, թե երբ պետք է 0,1 միավոր հանել, երբ՝ 0,2 եւ այլն։ Հարկ էր ունենալ նաեւ բառապաշարի հարստության գնահատման սանդղակ՝ համապատասխան աղյուսակներով, բանաձեւերով, բառացանկերով։ Մասնագետները, բնականաբար, չունեն նման բաներ, պատկերացում էլ չունեն դրանց մասին։ Առարկայական հանձնաժողովի անդամներին մնում է մեկ բան՝ առաջնորդվել աչքաչափով եւ ճաշակով։ Սրանք էլ ամենապարարտ հողն են քմահաճության, կամայականության, կողմնակալության, շահարկումների համար։

Մեր մասնագետների բարոյական ու գիտամանկավարժական պատրաստականության այս վիճակը նկատի առնելով էր, որ հայոց լեզվի հարցաթերթիկից հանվեց նախադասություն կազմելու տխրահռչակ առաջադրանքը։ Դրանով իսկ զգալիորեն բարձրացավ հայերենի հարցաթերթիկների ձեւայնացման աստիճանը, բայց այն դեռ հեռու է բացարձակ լինելուց։

Աշխարհում կան եւ լայնորեն կիրառվում են բացարձակ ձեւայնացված հարցարաններ։ Դրանք գաղտնիք չեն եւ ոչ էլ անհասկանալի կամ անհասանելի են։ Պարզապես մեր հասարակությունը եւ մանկավարժների մեծ մասը դեռեւս հոգեբանորեն եւ իմացաբանորեն հասու չեն դրանց առավելություններին։ Այդ նկատառումներով էլ 1995թ. եւ 1996թ. «Հայոց լեզվի հարցաթերթիկներ» ժողովածուները կազմվեցին՝ իբրեւ անցումային փուլ շարադրություն-փոխադրություն-թելադրությունից դեպի բացարձակ ձեւայնացված հարցարաններ։ Անցումը պետք է կատարվեր աստիճանաբար, հարցարանները կատարելագործելու ճանապարհով։ Սակայն նույնիսկ հեղինակներից բոլորը չէ, որ ըմբռնեցին այդ տրամաբանությունը, եւ որոշ չափով ստացվեց կարապի, խեցգետնի ու գայլաձկան պատմությունը։ Գայլաձկան մեղքով էր, որ 1996թ. ժողովածուի մեջ խցկվեց նախադասություն կազմելու առաջադրանքը։

Փոքրիկ պարզաբանում 2. (Ինքնաբամբասանքի կարգով)։ 1996թ. ժողովածուն սխալաշատ ստացվեց ոչ միայն սկզբունքային տարամիտումների եւ հապճեպության պատճառով, այլ, որովհետեւ հեղինակների մի մասը շատ լավ տիրապետում էր «խալտուրայի» մեթոդներին։ Գործը հեշտացնելու համար հաճախ ոչ թե բնագրեր էին մշակվում, այլ օրինակների ծաղկաքաղ էր արվում դպրոցական եւ բուհական դասագրքերից, թելադրության ժողովածուների ծռմռված ու խճճեցված տեքստերից, 1995թ. ժողովածուից։ Դա դեռ ոչինչ։ Ժողովածուի համահեղինակները փոխադարձաբար նյութ էին քաղում մեկը մյուսի կազմած բաժնից։ Օգտվում էին անգամ իրենք իրենց կազմած բաժնից՝ նույնությամբ կամ մասամբ փոփոխված կրկնելով, նույնիսկ կցորդելով օրինակները։ Վերցնում էին մի բաժնի նյութ, փոխակերպում եւ օգտագործում որպես հակադարձ պահանջով բաժնի նյութ։ Կազմում էին մի քանի առաջադրանք, հետո դրանք խառնում եւ հավաքում նոր համակցությամբ՝ մատուցելով իբրեւ նոր նյութ։ Խմբագրելիս խոտանված օրինակի փոխարեն հաճախ ոչ թե նույնն էին գրում, այլ կրկնում փոքր-ինչ հեռու գտնվող որեւէ օրինակ։ Այդպիսով, ժողովածուն աղքատացավ, լցվեց կրկնություններով։ Կրկնվող օրինակների հետ կրկնվեցին նաեւ սխալները, թերությունները, անճաշակությունը… Հաճախ չէին ստուգում՝ իրենց կազմած առաջադրանքը լուծում ունի՞, թե՞ ոչ, եթե ունի, ապա քանի՞սը…

1997-1999 թվերին կրթության եւ գիտության նախարարությունը զարմանալի հետեւողականությամբ ձախողում էր հարցարանի կատարելագործման առաջադրանքներն ու ջանքերը։ Անարձագանք էին թողնում նաեւ սկզբունքորեն նոր, լիովին ձեւայնացված հարցարաններ կիրառելու առաջարկները։

Մինչդեռ լիովին ձեւայնացված հարցարանների կիրառումն է միակ ճանապարհը, որով հնարավոր է բացառել մասնագետների վեճերը քննությունների ընթացքում (թող նրանք սրտների ուզածի չափ վիճեն մինչեւ քննությունները՝ հարցարանները կազմելիս), բացառել անվստահության ծանրագույն մթնոլորտը (համակարգիչը կարիք չունի «ազնիվ խոսք» ասելու, որ հավաստի իր անաչառությունը եւ անշահախնդրությունը), բացառել ակնհայտ, բայց եւ անապացուցելի կաշառակերությունը։ Հարցարանների բացարձակ ձեւայնացման դեպքում է միայն, որ զուգաձեւությունները «խանգարող սուբյեկտներից» կվերածվեն ստուգման «օբյեկտների», կվերանան «երկակի ստանդարտների» կիրառման, սխալներ չնկատելու, գրավոր փոխելու կամ լրամշակելու, հուշելու, ծածկաթերթիկ օգտագործելու, պայմանական նշաններ անելով՝ գրավոր ճանաչելու հնարավորությունը։ Անտեղի եւ անիմաստ կդառնա բողոքարկումը։ Պատմության գիրկը կանցնի հարակից (արտագրություն եւ այլն) սխալի հասկացությունը։ Չեն լինի նաեւ միավորների (գնահատականների) հաշվարկման սխալները։ Ծիծաղելի անաքրոնիզմ կդառնա առաջադրանքի պահանջը չարտագրելու, գրավորը սխալ ձեւավորելու, ձեռագրի անընթեռնելիության եւ այլ կողմնակի պատճառներով միավոր հանելու երեւույթը։

Այս ամենը նշանակում է, որ կբարձրանա գիտելիքների արժեքը։ Կդադարեն քննությունների շուրջ անառողջ կրքերի բորբոքումները։ Կընդլայնվի ստուգվող նյութի ծավալը եւ տեսականին։ Գիտելիք ստուգելիս էական գործոն կլինի ոչ միայն պասիվ իմացությունը, այլեւ հմտությունը։ Ընդհակառակը, երկրորդական գործոն կդառնա անգիր անելը։ Լիովին ձեւայնացված հարցարանների շտեմարան հրապարակելու կարիք չի լինի, բավական կլինի հարցաթերթիկի նմուշների հրապարակումը։

Այսքան առավելությունների թվարկումից հետո արժեր նաեւ խոսել ձեւայնացված հարցարանների թերությունների մասին։ Բայց դրանից առայժմ ձեռնպահ եմ մնում՝ ընդդիմախոսներին չզրկելու համար դրանք հայտնագործելու հաճույքից։ Իսկ ընդդիմախոսներ, անշուշտ, կլինեն։ Նրանք «կբացահայտվեն» նմուշների հրապարակումից հետո, մանավանդ, երբ որոշ պատասխանատու ղեկավարներ սկսեն լրջորեն հետաքրքրվել դրանցով։ Ընդդիմախոսները հայացքները կհառեն անցյալին՝ հիշելով շարադրությամբ եւ թելադրությամբ քննությունները, կհիշեն ութերորդ դասարանի այս տարվա փոխադրությամբ «քննությունը»։ Կհիշեն թախիծով, կարոտով, հույսով, հավատով եւ սիրով։ Եվ, անշուշտ, կմոռանան այն բոլոր խայտառակությունները, որոնց պատճառով ժամանակին հարկ եղավ հրաժարվել քննության այդ եղանակներից։ Բայց ես որպես տխուր հիշատակ պահում եմ շարադրության «պատրոնդաշ» տարիների մի նմուշ։ Մոռացկոտներին պատրաստ եմ ցույց տալ։ Մտադիր եմ նաեւ հիմնել քննությունների պատմության թանգարան, որտեղ ամենաթափանցիկ ձեւով կցուցադրվեն քննական բոլոր կարգի զեղծարարություններն ու աճպարարությունները, մանկավարժական տանջամոլության հնարքները, երեխաների ու նրանց ծնողների թափած արցունքները եւ էլի շատ հետաքրքիր բաներ…

Բայց մինչ այդ խոստանում եմ շատ չուշացնել ձեւայնացված հարցարանի նմուշների հրապարակումը՝ ակնկալելով առողջ քննարկումներ եւ օգտակար դիտողություններ։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031