Շուկայական դաժան հարաբերությունների պատճառով ծանրացել են ժողովրդի սոցիալ-տնտեսական պայմանները, մեծ թիվ են կազմում գործազուրկները, ցածր է աշխատողների (մանավանդ բյուջետային)աշխատավարձը։ Ծնողների մեծ մասը հնարավորություն չունի գոնե տարին մեկ-երկու անգամ իրենց երեխաներին տանել զբոսայգիներ, մասնակից դարձնել հաճելի խաղերին, բավարարել նրանց տարրական պահանջները։
Իսկ երեխան մնում է երեխա. ունեւոր ընտանիքի է, թե չունեւոր։ Բոլորն էլ ուզում են զվարճանալ, օգտվել հաճույքներից։ Զբոսայգիներից մեկում որոշ աշխատանք կատարված է երեխաների հետաքրքրությունները բավարարելու ուղղությամբ։ Այգու տնօրինության հայտարարության համաձայն, նույնիսկ բարեգործական նպատակով օգոստոսի 2-31-ը, բացի շաբաթ եւ կիրակի օրերից, օրական 3 ժամ (փոփոխական կարգով) անվճար կարուսել է տրամադրվում երեխաներին։
Ցավոք, ընդհանուր առմամբ, երեխաներին սպասարկող ատրակցիոն խաղերի, մյուս զվարճալիքների, սննդամթերքի գները այստեղ անհամեմատ բարձր են եւ չեն համապատասխանում ազգաբնակչության այսօրվա հնարավորություններին։
«Սատանայի անիվ», «շղթա» եւ մյուս կարուսելներն արժեն 125 դրամ։
Կարդացեք նաև
Տեսնելով երեխաների հետ կանգնած ծնողներին, կարուսելի աշխատողներից մեկը հեռվից հրավիրեց օգտվել այդ հաճույքից։
-Երկու երեխա են ընդամենը,- պատասխանեց ծնողներից մեկը,- թող հավաքվեն, կգանք։
-Ոչինչ, երկու երեխայի համար էլ կաշխատեցնենք,- ասաց նա։ Եվ երկու երեխաներով կարուսելն սկսեց պտտվել, ուրախացնել նրանց։ Մի քանի րոպե անց բարձր տրամադրությամբ երեխաները «վայրէջք» կատարեցին, 250 դրամը ծնողները վճարեցին, իհարկե ոչ դրամարկղ, որոնց գոյությունը հիմնականում ձեւական է, ու հեռացան։
Պատահական չէր, որ մեկ ուրիշ տեղ, երբ տոմսակը ձեռքին ներկայացավ հաճախորդը, «ղեկավար» աշխատողը բարձրաձայն զայրացած կարգադրեց իր կամակատարին.
-Սրանից հետո ով տոմսով ներկայանա, չթողնես՝ ներս մտնի, ով ուզում է լինի։
Վճարովի կարուսելի մոտ դարձյալ երեխաներ չկային, մինչդեռ անվճար կարուսել նստելու համար հերթի էին կանգնած։ Արդյոք դա չի՞ խոսում այն մասին, որ գները բարձր են, դրա համար էլ ցանկացողները քիչ են։ Ճիշտ չէ՞ր լինի գները սահմանել ժողովրդի այսօրվա կենսամակարդակը հաշվի առնելով, մատչելի, որի շնորհիվ հաճախորդները կլինեն ավելի շատ, իսկ եկամուտը՝ բարձր։
-Գները բարձր են, բայց ի՞նչ կարող եմ անել,- ասում է ծնողներից մեկը,- տարին մի անգա՞մ էլ երեխաներիս չբերեմ այստեղ։
«Սատանայի անիվը», որ միանգամից կարող է 80 երեխայի ծառայել, նույնիսկ երկու-երեք երեխայի համար աշխատում է։
Անմատչելի են գները նաեւ մյուս խաղահրապարակներում։ Ավտոդրոմում 5 րոպեն արժե 150 դրամ, իսկ բենզինով աշխատող փոքրիկ ավտոմեքենայի մեկ պտույտը, որը 40-50 մետրից չի անցնի եւ այդ ճանապարհը «20-30 վայրկյանում կհաղթահարվի», արժե 150 դրամ։ Խեղճ երեխաներ, բենզինի թանկացումը որքա՜ն է անդրադարձել ձեր երթեւեկության վրա։ Բա որ ավտոպահեստամասերն էլ թանկանան, տեսնես ինչքա՞ն կարժենա այդ ավտոմեքենայի մեկ պտույտը, փոքրիկ չունեւոր «վարորդները» հնարավորություն կունենա՞ն օգտվել դրանցից։
-Եթե տոմսերի արժեքը ցածր լինի,- ասում է Լիլիթի եւ Կառլենի մայրը՝ տիկին Աննան,- երեխաները նույն կարուսելից էլի կօգտվեն եւ դա շահեկան կլինի նաեւ իրենց՝ աշխատողների համար։
Հապա նավակնե՞րը: Մեկ ժամ շրջագայելն արժե 1200 դրամ։ Բայց երեխան հո միայն այդ խաղերով չի՞ բավարարվում։ Նա տեսնում է, որ իր ընկերները խմորեղեն, պաղպաղակ են ուտում, հյութեր խմում, ինքն էլ է ուզում։ Սակայն դրանց գները նույնպես այգիներում սովորականից բարձր են։ 100 դրամանոց պաղպաղակն արժե 150 դրամ, «Կոկա-կոլան», «Ֆանտան», որի մեկ շիշը ամենուրեք 90-100 դրամ է, այստեղ վաճառում են 150 դրամով։ Խմորեղենի, եգիպտացորենի եւ մյուս սննդամթերքի գները նույնպես գերազանցում են սովորականին։
-Մեր երկու երեխաների համար 4500 դրամ ծախսեցինք այսօր,- ասում է ծնողներից մեկը։
-Էստեղ հլա ոչինչ, փառք է,- ասում է կանանցից մեկը,- բա «Լունապարկում» (խոսքը «Այրարատ» կինոթատրոնի դիմացի ատրակցիոն խաղերի մասին է) ինչքան թանկ է։
Իրոք, այնտեղ ավելի թանկ հաճույք է այդ զվարճախաղերից օգտվելը։
«Թռչող կարապներ» կարուսելն արժե 300 դրամ, «Վիկինգների նավը»՝ 300 դրամ եւ այլն։
Երբ հսկիչներից մեկին հարցրի, թե ինչո՞ւ են այդքան թանկ, նա պատասխանեց լռությամբ եւ ուսերը շարժելով։ Իսկ զվարճախաղերը գրեթե անգործության էին մատնված, չնայած վիզները ծռած ու կանգնած երեխաներ կային։ Հանուն երեխաների պետք է զոհաբերություններ անել, մատչելի գներ սահմանել, չբարձրացնել սննդամթերքի արժեքը, բարեխղճորեն սպասարկել եւ միշտ հիշել, որ ծնողներից շատերը գործազուրկ են, ցածր են աշխատավարձերը, կենսաթոշակները։
Վերջապես «բազարային» հարաբերություններն էլ չափի մեջ են գեղեցիկ։
ԿԱՌԼԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ