Պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանին
– Հուլիսի 28-ի հեռուստաելույթում վարչապետը նշեց. «Արգելել եմ ամեն տեսակ կանխավճարները»։ Սակայն բոլորը գիտեն, որ վերջին ամսում համատարած հարկային կանխավճարներ էին հավաքում։ Հավաքելուց հետո, իհարկե, կարելի է արգելել մինչեւ հաջորդ անգամ կանխավճար հավաքելը։
– Այդպես չէ։ Տարվա սկզբից սկսել էինք աստիճանաբար պակասեցնել կանխավճարները։ Եվ այս պահին այլեւս բացարձակ չենք հավաքում կանխավճարներ։ Մենք, միանշանակ, առանց կանխավճարումների ենք աշխատելու։ Բայց եթե ձեռնարկություններ լինեն, որոնք իրենց ցանկությամբ ցանկանան տալ՝ ոչինչ չենք կարող անել։ Օրենքն այնպիսին է, որ ձեռնարկատերը ցանկացած ժամանակ կարող է հարկ վճարել։
Հունիսին արձանագրված երեւույթն ընդհանրապես կապված չէր կանխավճարների հետ։ Քաղաքի խոշոր, լավագույն ֆիրմային խանութների կողմից եւ ընդհանրապես հասարակական սննդի ոլորտում համատարած հարկ չվճարելու միտում կա։ Ասենք, եթե «Մոսկվա» եւ «Արարատ» ռեստորաններն իրենց թեկուզ 1 օրվա շրջանառությունն ամսվա համար հարկ տային՝ կարելի էր նորմալ համարել։
Կարդացեք նաև
Մամուլը մեզ ասում է՝ վերահսկողություն իրականացրեք։ Ուրեմն ես, օրը 24 ժամ 2 աշխատակից պիտի այնտեղ պահեմ, եւ նրանք ռեստորանից դուրս եկող ամեն հաճախորդի ստուգեն՝ կտրոն ունի՞, թե՞ ոչ։ Պատկերացնո՞ւմ եք, թե սա ինչքան բարդ աշխատանք է։ Միայն Երեւանում այսօր գործում են բացօթյա 250 սրճարաններ։ Պատկերացնո՞ւմ եք, թե քանի աշխատակից է պետք դրանց վրա վերահսկողություն իրականացնելու համար։ 2500 հսկիչ-դրամարկղային մեքենա է տեղադրված այժմ։ Հոկտեմբերի 1-ից եւս 8 հազարը կավելանան։ Դրանց վերաբերյալ այժմ բավական լուրջ խնդիր ունենք՝ մարդիկ խուսափում են կտրոնները տալուց, քաղաքացիներն էլ մեզ չեն օգնում, չեն պահանջում այդ կտրոնները։ Հիմա փաստորեն պիտի տոտալ հսկողություն իրականացնենք բոլոր օբյեկտներում։
– Այնուամենայնիվ, դեռ ինչքան պիտի մի բուռ ձեռներեցների վրա ծանրանա պետբյուջեի ճեղքվածքը կարկատելու «պատիվը», իսկ իրենց ձեռնարկություններն իբրեւ անշարժ գույք օգտագործողների վերաբերյալ տարեցտարի միայն թղթի վրա մնացող խոստումներ արվեն, թե գործուն միջոցներ կձեռնարկվեն եւ այլն։
– Եթե սեփականատերն իր ձեռնարկությունը կանգնեցնում եւ չի կարողանում աշխատեցնել, այսպես թե այնպես՝ բավական ծախսեր է կատարում։ Մյուս կողմից, տեսակետ կա, թե ձեռներեցին արտադրելը ձեռնտու չէ եւ ամիսը 2-3 անգամ իր ձեռնարկությունից հաստոցներ ու նյութեր վաճառելով՝ գումարն այդ միջոցով է վաստակում։ Բայց երկու դեպքում էլ, եթե, ժողովրդի լեզվով ասած, կարգին գին տվող լիներ՝ անպայման կվաճառեին։ Ամբողջ խնդիրն այն է, որ ստեղծված չէ այդ շուկան, այդ ձեռնարկությունների պահանջարկը չկա այս պահին։ Եվ եթե փորձենք չաշխատող ձեռնարկությունների վրա բարձր գույքահարկի միջոցով կարգավորել այս խնդիրը՝ ուղղակի անհասկանալի վիճակում կհայտնվենք։ Ձեռնարկատերը ստիպված պիտի վաճառի, բայց ո՞ւմ, եթե պահանջարկ չկա…
Ա. Ի.