Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՓԱԿԵԼ ԲՅՈՒՋԵԻ ՃԵՂՔՎԱԾՔԸ

Օգոստոս 14,1999 00:00
byuje

Եւ ստեղծել եկամտաբեր աշխատատեղեր

Պետական բյուջեի այսօրվա ճեղքվածքով պիտի բոլորն անհանգստանան։ 013 կամերի կալանավորներով մտածում ենք՝ ո՞նց շուտափույթ լցնենք ճեղքվածքը։ Հո չե՞նք կարող հանգիստ սպասել, թե երբ պիտի Արմեն Դարբինյանի դրած այդ ականի վրա պայթի Վազգեն Սարգսյանի կառավարությունը։

Տեսնենք՝ ի՞նչ ունենք, ինչպիսի՞ պահանջարկ կա ու ինչպե՞ս կարելի է ունեցածդ ապրանքը «քյաշ» փողի վերածել։ Ներդրումային ծրագրեր ու տնտեսության աշխուժացում՝ թողեք։ Սրա համար տարածաշրջանային խաղաղ գոյակցություն ու իրական ժողովրդավարություն է պետք։

Բյուջեի առաջացած ճեղքվածքը մեկ տարում լցնելու եւ այսուհետ ճեղքվածք թույլ չտալու համար հեղափոխության կարիք չկա։ Պիտի քաղաքացիների կալանման-ազատման մեթոդը արագ զարգացնել ու ամբողջացնել այնպես, որ այն լրիվ ծառայի պետական բյուջեին, դառնա նոր ծառայություն, ձեռներեցի-պաշտոնյայի կամա-ակամա գործած մեղքերի թողության ձեւ։

Բյուջեի մուտքային մասն ապահովող այս մոտեցումը կդառնա քաղաքացիների հարկադիր կալանման ու երաշխավորված ազատման վճարովի ծառայություն։ Համակարգը ներդնելիս առանց միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային միջոցների ու պետբյուջեից կապիտալ միջոցների ներգրավման հազարավոր եկամտաբեր աշխատատեղեր կստեղծվեն։

Առաջարկում ենք բյուջեից հանել պետական կառավարման, դատաիրավական բոլոր մարմինների պահման ծախսերը՝ դրանք դասելով ոչ բյուջետային հիմնարկների շարքում։ ՀՀ նախագահի, կառավարության, ԱԺ-ի, մարզպետարան-թաղապետարանների բոլոր աշխատողներին, դատավոր-դատախազ-քննիչներին ճանաչել որպես ոչ բյուջետային աշխատողներ։ Լիցենզավորել ամեն տարի պետական պաշտոնյայի գործունեությունը, մտցնելով դիֆերենցված ամենամյա պետական տուրք։ Աշխատասեր ու հնազանդ հայ ժողովուրդը պահել է ու կպահի իր օրգանին ու պաշտոնյային, գումարած ազգային բանակը։ Օրգանն ու պետական պաշտոնյան ոչ միայն պիտի ինքն իրեն պահի, այլեւ ֆինանսավորի իր աշխատանքային ծախսերը, վճարի պետական տուրքեր։ Բյուջետային միջոցները պիտի օգտագործվեն բացառապես դպրոցական, գրահրատարակչական ու մշակութային գործունեության վրա, որոնց պահման սովորույթը մեր ժողովրդի մեջ չի ձեւավորվել։

Յուրաքանչյուր քաղաքում, նախկին շրջկենտրոններում բացել քննչական մեկուսարաններ (կալանատուն)՝ հատկացնելով կրթադաստիարակչական հաստատությունների հարմարավետ շենքերը։ Նոր կալանատները կգործեն որպես բաժնետիրական ընկերություններ կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ։ Բաց աճուրդով արագ մասնավորեցնել գործող կալանատները։ Կալանատան ու կալանավորի պահման ծախսերը հանել բյուջեից՝ ինչի՞ է նման, ուսուցիչը սոված է ու արձակուրդային չի ստանում, իսկ պետությունը ամիսներով կերակրում-պահում է վաղվա դատապարտյալին, աշխատավարձ տալիս կալանատան աշխատողին։ Կալանատան գործունեությունը կառավարությունը պիտի արտոնագրի ու հավատարմագրի՝ սահմանելով բարձր պետական տուրքեր։ Շնորհիվ կալանատների օրենքով կարգավորված շուկայացման, կալանատների ազատ մրցակցությամբ կզարգանան բոլոր հնարավոր ծառայությունները։ Այս ճանապարհով մեր կալանատները գրավիչ կդառնան անգամ այլ պետությունների կալանավորների համար։ Միջպետական համագործակցության համար նոր դաշտ կբացվի։ Ժամանակի ընթացքում կառաջանան սուպերմեկուսարաններ առավել ապահովվածների համար կամ ըստ մասնագիտությունների։ Կալանատան գործունեությունը հեշտ կհարկվի՝ մեկ կալանավորի համար հաստատագրված գումարի չափով։

Շուտափույթ պետք է տասնապատկել դատավորների, քննիչների ու դատախազների քանակը այն հաշվով, որ ամեն 1000 մարդուն ընկնի 1 դատավոր, 1 դատախազ, 5 քննիչ։ Առանց բյուջեից 1 լումա անգամ ծախսելու կստեղծենք եկամտաբեր մի քանի հազար աշխատատեղ, կբազմապատկվի բյուջեի մուտքային մասը ապահովող պատասխանատուների թիվը։ Փաստաբանների ինստիտուտն, իհարկե, պետք է պահել միջազգային աղմուկից հեռու։

Քրեադատավարական օրենսգրքում պետք է փոփոխություններ անել այն հաշվով, որ քրեական գործ հարուցելու պահից յուրաքանչյուր մեղադրյալ կալանավորվի։ Սա ծառայություն է, որի համար կալանավորը պիտի դատարանին վճարի։ Իսկ կալանքից ազատվելու համար պետք է մուծի պետական տուրք։ Թող մեղադրյալն ընտրելու հնարավորություն ունենա՝ ազատվի մուծելով պետական տուրք կամ գնա կալանատուն եւ վճարի ծառայությունների համար։

Մեր մոտեցմամբ դատավճիռներին փոխարինելու կգան դատապարտյալի հետ կնքվող պայմանագրերը։ Յուրաքանչյուր հանցանք դրամական փոխհատուցում պիտի ենթադրի, օրենքով որոշված սակագների համաձայն, պայմանագրում նշվող չափով ու ժամկետներում։ Նրանք, ովքեր չեն կարող վճարել՝ թող նստեն։ Ազատված գաղութներն ու բանտերը կօգտագործվեն որպես կալանատներ։ Ամիսը մեկ կարելի է կալանավորել հանրապետության որեւէ հայտնի մեծահարուստի։ Նախ, ժողովրդավարության պատրանք կստեղծվի (բոլորն հավասար են օրենքի առաջ), ապա նման մի ակցիայով ամեն անգամ մի անցք կփակվի։ Ասենք, կալանավորելով Բուռնաշին, կարելի է լուծել հանրապետական մարզադաշտի շինարարությունն ավարտելու հարցը։

Առաջարկված միջոցառումների արդյունքում ոչ միայն կփակվի բյուջեի ճեղքվածքը, այլեւ կունենանք տարածաշրջանում ամենակազմակերպված պետությունը, կանխատեսելի ու հեշտ կառավարելի, ձեւով իրավական-ժողովրդավարական, բովանդակությամբ՝ ինքնակազմակերպվող ու կարգապահ։ Կունենանք լեգիտիմ կալանատուն-պետություն, կալանավոր-ազգ։

ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ

թիվ 1 մեկուսարան,

013 խուց

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031