Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսանողները չե՞ն «վառվում» արտասահման գնալու մտքից

Օգոստոս 14,1999 00:00
usanox

Խորհրդային տարիների նախկին շինջոկատներն այսօր փոքր-ինչ փոխակերպվել են, այսինքն՝ 1992 թվից սկսած կամավորականների փոխանակումներ է կատարում նաեւ արտասահմանյան նմանատիպ ճամբարների հետ, ինչպես եւ այստեղից են ուսանողներ-կամավորներ ուղարկում միջազգային ճամբարներ։

Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ կամավորական աշխատանքների ծառայությունը ոչ պետական կազմակերպություն է, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմակերպություններից մեկի՝ կամավորական շարժման կոորդինացման կենտրոնի, անդամ է։

Հայաստանում նման 5 ճամբարներ կան՝ Օշականում, Արզնիում, Սպիտակում, եւ 2 էկոլոգիական ճամբարներ Երեւանի Բուսաբանական այգում եւ Սեւանում։ Արտասահմանյան՝ հայ կամավորականներին ընդունող, կազմակերպությունն ապահովում է անվճար սնունդը, բժշկական ապահովագրությունը եւ ապրելու տեղը։ Ծրագիրը հիմնականում գործում է ամռանը եւ յուրաքանչյուր կամավորական մեկնում է 14-30 օր ժամկետով։ Այս տարի ուղարկվել են մոտ 200 ուսանողներ, իհարկե մեկնում են նաեւ ոչ ուսանողներ։

Հատկապես ուսանողները միշտ երազում են մեկնել արտասահման մշտական բնակության եւ նման հեշտ մեկնելու առիթը, կարծում եմ, շատերը բաց չեն թողնի։ Սակայն Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբ կամավորական աշխատանքների ծառայության վարչության պատասխանատու քարտուղար Նինա Մովսիսյանն ասաց, որ փախուստի ընդամենը 2-3 դեպքեր եղել են 93 թվին։ «Այդ դեպքում մենք կապվում ենք ընդունող կազմակերպության հետ, իրենք տեղեկացնում են տեղի ոստիկանությանը, որոնք էլ կարող են բռնի տեղահանության ենթարկել տվյալ անձին եւ վերադարձնել»,- ասաց Ն. Մովսիսյանը։ Ն. Մովսիսյանի հավաստմամբ, շատերն են դիմում իրենց, բայց խիստ ընտրություն է կատարվում: Միջագային ճամբարները հիմնականում եվրոպական երկրներում են, կան նաեւ ԱՄՆ-ում։

Յուրաքանչյուր արտասահման մեկնող կամավորական մուծում է 55-60.000 դրամ անդամավճար։ Ճանապարհածախսի գումարը եւ անդամավճարը կարող են փոխանցվել որեւէ կազմակերպությունից, վիզաների ձեռքբերման հարցերը լուծում է շտաբը։ Վիզաները կամավորականներին անվճար են տրվում, սակայն որոշ արտասահմանյան դեսպանություններ կամավորականից պահանջում են հյուպատոսական անդամավճար՝ 25-35$։ Կամավորականները, ինչպես Հայաստանում գտնվող, այնպես էլ միջազգային ճամբարներում տարբեր աշխատանքներ են կատարում՝ շրջակա միջավայրը մաքրում, տնակներ ներկում, ծառեր տնկում, էքսկուրսիաների եւ սեմինարների մասնակցում։ Ինքս էլ փորձեցի համոզել Ն. Մովսիսյանին՝ եթե գնամ՝ էլ ինչո՞ւ վերադառնամ։ Ասաց՝ «Եթե տեղ ունեք մնալու՝ կարող է, բայց անկապ գնալ-մնա՞լ»։ Ամեն դեպքում 93 թվին կատարված փախուստի այդ 2-3 դեպքերն ավարտվել են փախչող կամավորականներին Հայաստան վերադարձնելով։ Կարծիք կար, թե կամավորական միջազգային շինջոկատների այս կազմակերպությունը բիզնեսի հին ձեւն է որդեգրել։ Փաստորեն, այսօր մեր ուսանողներն այնքան էլ չեն «վառվում» արտասահման գնալու մարմաջով…

Ս. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031