Լրահոս
Օրվա լրահոսը

Դարդիս դարման չի լինի

Օգոստոս 14,1999 00:00

Դարդիս դարման չի լինի Ջրի խնդիրը վերջին ժամանակներս Հայաստանում, թերեւս «ամենամոդայիկ» թեման է դարձել։ Հանրապետության ցանկացած կետում ջուրը դարձել է սեւ աղվես։ Որ ջուր չկա՝ դա հասկանալի է, միայն թե պարզվում է՝ ամեն տեղ դրա բացակայությունը յուրովի է դրսեւորվում։ Սյունիքի մարզի (նախկին Գորիսի շրջան) Շինուհայր գյուղի հոգսերը դժվար թե դառնային թերթի թեմա, եթե ինքներս գյուղ չայցելեինք։ Անգամ այս դեպքում աշխարհի կողմից մոռացված գյուղացիները խիստ կասկածում էին, թե հայոց լեզվի մեր իմացությունները հնարավորություն կտան նկարագրել գյուղի իրական պատկերը. «Է՜, աղջիկ ջան, մին ա, հինչ ալ վեր կիրես, հունց ալ վեր կիրես, մզանավ վեչ մինն ալ հետաքրքրվելու չի»,- ասաց գյուղի կանանցից երեւի ամենաակտիվը (թեպետ այս գյուղի որեւէ կնոջ ոչ ակտիվ չես կարող համարել)։ «Գյուղը ուրան հիմնադրման օրվանից ճրի պակաս ա ունեցալ, էնպես որ, ամեն հինչ իզուր ա»,- ավելացրեց մի ծեր շինուհայրեցի։ Քանի որ խիստ կասկածում եմ, թե բոլորն են տիրապետում Գորիսի բարբառին, ուստի, գյուղի վիճակը կփորձեմ շարադրել բոլորին հասկանալի հայերենով։ Այնքան էլ անկեղծ չէր ակտիվ կինը՝ ասելով, թե իրենց մասին հետաքրքրվող չկա, մյուս գյուղացիների պնդմամբ, գյուղի մասին, որպես կանոն, հիշում են ցանկացած ընտրությունից առաջ։ Ու քանի որ յուրաքանչյուր թեկնածու հրաշալի պատկերացնում է, թե տվյալ ընտրատարածքի ամենացավոտ հարցը որն է՝ այդպես էլ այն թողնում է անլուծելի (թե չէ եթե հարցերը կարգավորեն, հաջորդ ընտրություններում ինչո՞վ պետք է գնեն ձայները)։ Շինուհայր գյուղում էլ ընտրությունից ընտրություն շահարկում են ջրի խնդիրը։ Գյուղացիներն ասում էին, թե այս գյուղը, գրեթե, միշտ տառապել է ջրի պակասից։ Թերեւս միայն խորհրդային վերջին մի քանի տարիներին նման խնդիր չեն ունեցել։ Իսկ հիմա, այս խնդիրն օգտագործվում է զուտ իբրեւ ընտրակաշառք։ Գյուղացիները ջրի երես տեսնում են ընտրությունից ընտրություն։ Գյուղացիներից մեկը կատակով ասում էր. «Լավ ա, վեր էս տարի էրկու անգամ ա ընտրություն ինիլու, հույս օնենք, վեր աշնան ընտրություններին ալ մին էրկու օրավ ճուր կտան»։ Թերահավատ գյուղացիները կասկածում էին, թե մեր «ռիսկը կհերիքի» գրել ԱԺ պատգամավոր Սուրեն Խաչատրյանի դեմ, դրա համար չէին ուզում ասել, թե իրականում ինչ «դեւ» է նստել ջրի ակունքին։ Շինուհայրեցիների կասկածները փարատելու համար տպագրում ենք իրենց իսկ պատմածը։ Նրանց խոսքերով. ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ այս գյուղում հաղթել է Սամվել Հարությունյանը։ Սուրեն Խաչատրյանն էլ, իբր չհանդուրժելով պարտությունն ու գյուղին պատժելու համար, փակել է խողովակաշարի պտուտակը եւ 2 մեքենա հող լցրել ջրի ակունքին։ Ասենք, որ գյուղացիները չեն էլ երազում, թե երբեւէ հոսող ջուրը իրենց տուն կմտնի (թեեւ ողջ ցանցը կա դեռ խորհրդային ժամանակներից), պարզապես փափագում են, որ գոնե ջուրը գյուղ մտնի։ «Գյուդում չեմ, թե հիշքան վախտ պիտի գյուղան կիլոմետրերով հեռու տեղան էշերավ ու ծիերավ ճուր պիրենք»,- ասաց ջուր կրելու գործում «արհեստավարժված» մի երիտասարդ։ Անշուշտ, ջրի խնդիրն ամենահրատապն է, սակայն գյուղը լի է նաեւ 1000 ու մի այլ հոգսերով։ Գյուղացիները խոսում էին, որ սոցիալական ծանր վիճակի պատճառով մարդիկ հոգեկան խանգարումներ են ստանում ու իբր թե եղել են նաեւ ինքնասպանության դեպքեր։ Ամենացավալին գորիսեցու համար այն էր, որ ջրի պատճառով չեն կարողանում մշակել անգամ հայտնի Գորիսի լոբին։ Բայց «կամիկաձեներ» էլ կան այս գյուղում, ամեն գնով Գորիսի լոբու համբավը պահելու համար, շինուհայրեցիները կիլոմետրերով ոտքով իջնում են ձորը ու այնտեղ լոբի ցանում։ Երեւի ճիշտ էին գյուղացիները, քանի որ իսկապես նրանց հոգսերը հասկանալու համար պետք է գոնե մի 2 օր իրենց կյանքով ապրել։ Իսկ ես խիստ կասկածում եմ, թե որեւէ պաշտոնյա կհամաձայնի ոչ թե 2 օր, այլ թեկուզ 2 ժամ ապրել այդ կյանքով։ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031