Բարձրագույն կրթության նկատմամբ հայ մարդու սերը անափ է։ Այդ սերը խորհրդային տարիներին կաշկանդված էր բուհերի սահմանափակ քանակով եւ այդ բուհերում ընդունվողների սահմանափակությամբ։ Այդ պատճառով իրավաբանական ֆակուլտետի մեկ տեղի համար դիմորդների թիվը առանձին տարիների հասնում էր մինչեւ 20-ի։
Ստացվում էր, որ բոլորի իրավաբանական կրթություն ստանալու մարմաջը բավարարելու համար անհրաժեշտ էր առնվազն 20 այդպիսի իրավաբանական ֆակուլտետ։ Անկախության շրջանը հայ ժողովրդի ուսումնատենչ շրջանակներին պարգեւեց ոչ թե 20, այլ մոտ 80 ոչ պետական բուհեր, որոնց մեծ մասում կան մեր ժողովրդին սիրելի մասնագիտություններ։
Ուսումնական բիզնեսը ամենաշահութաբերն է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Այստեղ գրեթե բացակայում է ռիսկի գործոնը, սակայն դրա փոխարեն մեծ է եկամտաբերությունը։ Հայաստանում նոր ձեւավորվող ոչ պետական բուհական համակարգում, ձեւավորողների շարքում, հայտնվեցին, այլ ոլորտներում չհաջողված գործարարներ։ Հայաստանում կոշիկ կարող եւ Ռուսաստան արտահանող հայ գործարարը այլեւս չի կարողանում իրացնել իր արտադրանքը եւ իր ունեցած միջոցները տեղափոխում է բուհական համակարգ։ Մինչեւ 1997 թ. ոչ պետական բուհերի քանակը աճում էր երկրաչափական պրոգրեսիայով։ Որեւէ ոչ պետական բուհի պրոռեկտոր կամ ճարպիկ դասախոս, տեսնելով իր շեֆի հաջողությունները, եւ հասկանալով, թե ինչպիսի հեշտությամբ կարելի է մեծ փող աշխատել՝ հիմնում էր սեփական համալսարանը։ Այդ ընթացքում աճում էին նաեւ ուսանողներից գանձվող տարեկան վարձերը։ 1998 թ. ծայր առած տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը թողեց նաեւ ուսումնական բիզնեսի վրա։ Վճարովի բուհ ընդունվողների քանակը կտրուկ նվազեց, եւ այդ պատճառով մեծացավ պայքարը յուրաքանչյուր պոտենցիալ ուսանողի համար։
Անչափ հետաքրքիր տեսարան է մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի նախասրահում։ Այստեղ շուրջբոլոր նստած են առնվազն 6 ոչ պետական ուսումնական հաստատությունների ընդունող հանձնաժողովներ՝ «Գրիգորիս» բժշկական քոլեջ, Երեւանի մշակույթի համալսարան, «Վիլյամ Սարոյանի» եւ «Մոնթե Մելքոնյանի» անվան համալսարաններ, պրոֆեսոր Ակունցի բժշկական քոլեջ եւ «Հայբուսակ» ինստիտուտ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչպիսի իրարանցում է առաջացնում որեւէ դիմորդի նախասրահ մտնելը։ Բոլորը փորձում են համոզել, որ ամենալավագույնն իրենցն է, իսկ մյուսները իսկական խաբեություն են։ Այսպես՝ «Վիլյամ Սարոյան» համալսարանի փաստաթղթեր ընդունող աղջիկը գրեթե թաքուն եւ ցածրաձայն (հարեւանները չլսեն) հավաստիացնում էր, որ իրենցը լավագույնն է Հայաստանում, այստեղ կաշառք չեն վերցնում սեսիոն քննությունների ժամանակ, իսկ ուսանողն էլ դուրս չի մնում։ Երբ հետաքրքրվեցի, թե ովքեր են դաս տալիս, ինչ առարկաներ են անցնում, վերջինս շարժեց ուսերը։ «Ի՞նչ իմանամ, բայց հաստատ ակադեմիկոսներ կլինեն»։ Պարզվեց, որ ուսման վարձը 300 դոլար է։ Ես փորձեցի կատակով սակարկել, բայց կատակը շատ լուրջ ընդունվեց. «Որ արդեն որոշած լինես, կմոտենաս ինձ՝ 250 դոլարով կանեմ։ Բայց ոչ ոք չիմանա»։
Կարդացեք նաև
Ես այնքան էլ նման չեմ պոտենցիալ ուսանողի, դրա համար չափազանց ծեր եմ, այլապես մինչեւ շենք մտնելը կծանոթանայի «էստի համեցեքների» համակարգին։ Նախասրահի մուտքի մոտ եւ աստիճաններին կանգնում են այս ինստիտուտի կողմից վարձված դալալները, որոնք հետաքրքրվելով, հավաստիանալով, որ դուք դիմորդ եք, բացատրում են, որ իրենք էլ տղա կամ աղջիկ երեխա ունեն, որին ընդունել են «Մոնթե Մելքոնյանի» անվան համալսարան, քանի որ դա լավագույնն է եղածների մեջ, եւ ձեզ էլ են առաջարկում ճիշտ նույն կերպ վարվել։ Քանի որ իրականում այդ համալսարանների միջեւ որեւէ էական տարբերություն չկա, հնարավոր է, որ դիմորդը հետեւի այդ խորհրդին։ Այդ դեպքում խորհրդատուն ստանում է 50 ԱՄՆ դոլար։ Չնայած աշխատանքը սեզոնային է, բայց բարձր եկամտաբեր։ Հասկանում եք, չէ՞, որ այս գործում կրթություն եւ գիտելիք տալու խնդիրը նույնիսկ չորրորդական խնդիր չէ, այդ հարցադրումն ընդհանրապես բացակայում է՝ այստեղ կարեւորը դրամ աշխատելն է։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ