«Լիակատար երաշխիք կարող է տալ միայն ապահովագրական գործակալը»,- ասում է Օստապ Իբրահիմովիչը։
Որպես անառարկելի ճշմարտություն ընդունելով Բենդերի յուրաքանչյուր խոսքը՝ պիտի որ վստահեինք տնից տուն գնացող եւ բնակիչներին մանրամասն ու հնարավորինս համոզիչ ապացույցներ ներկայացնող ապահովագրական գործակալներին։ Նրանք երդվում են, որ քո փրկությունը ոչ միայն միասնության, այլեւ կյանքդ, գույքդ ապահովագրելու մեջ է։ Ապահովագրական մասնավոր գործակալությունները (որոնց թիվը Երեւանում անցնում է տասից) հիմնականում «աշխատում» են երիտասարդներին համոզելու ուղղությամբ, քանի որ միջին եւ ավագ սերունդը մինչեւ կոկորդը կուշտ է պետական ապահովագրական գործակալությունից (Պետապից) եւ գործակալներին տեսնելուն պես՝ նրանց տեղից վռնդում են։
Մասնավոր ապահովագրական գործակալությունները ֆինանսավորվում են դրանից (հիմնականում ԱՄՆ-ից) եւ իրենց կապիտալներն էլ իրենց հերթին ապահովագրում են արտասահմանում։ Եթե Պետապի ապահովագրությունը ուժի մեջ է մտնում ապահովագրական գումարը մուծելուց 11 օր անց, ապա մասնավոր գործակալության հետ գործարքը ուժի մեջ է գումարը մուծելու պահից։ Եթե Պետապը ապահովագրում է միայն շենքերն ու գույքը, ապա ալտերնատիվ գործակալությունները՝ նաեւ կյանքդ, բնակարանդ, մեքենադ, ապահովագրում են նաեւ դժբախտ պատահարներից, անհաջող հարեւաններից, որոնք գլխիդ ամիսը մեկ անգամ ջուր են լցնում եւ այլն։
Մենք՝ հայերս, հիմնականում միմյանց չենք վստահում եւ անգամ այն դեպքում, երբ մեկուկես ժամ գործակալին հարցաքննելուց հետո էլ համարյա համոզվում ենք, որ ապահովագրությունն այնքան էլ վատ գաղափար չէ, 5000 դրամից ավել մեր կյանքը չենք գնահատում։ Եթե մեկ տարվա ընթացքում դժբախտ դեպքի պատճառով հիվանդանոց ընկնեք, ապահովագրական ծառայությունը խոստանում է ամեն օր (կրկնում ենք՝ ամեն Աստծո օր) վճարել գումարի կեսը՝ 2,5 հազար դրամ։
Կարդացեք նաև
Ապահովագրական գործակալներից մեկի հետ զրույցից պարզեցի, որ թեեւ աշխարհում ապահովագրական բիզնեսը ամենաեկամտաբերներից է, սակայն Հայաստանում այն չի գործում, քանի որ պոտենցիալ ապահովագրվողները չեն վստահում հայ ապահովագրողներին։
ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ