Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սանմաքրված ծեծի ուրացումը

Օգոստոս 14,1999 00:00
cec

«Առավոտն» անդրադարձել է Աջափնյակ թաղամասի «Սանմաքրում» ձեռնարկության պահակներից մեկի ծեծի պատմությանը, որում կասկած էր հայտնվում, թե պահակ Համոյին ծեծել է տնօրեն Ավոն։ Հրապարակումից երկու օր անց, անանուն մեկը զանգահարեց խմբագրություն եւ հայտնեց, որ հանրապետական հիվանդանոց տեղափոխված պահակը մահամերձ է, իսկ թերթն անտարբեր է։

Փաստերը ստուգելու նպատակով երեկ եղանք Երեւանի հանրապետական հիվանդանոցում (Աջափնյակի)։ Հիվանդների ընդունման մատյանում մեր փնտրած անուն-ազգանունով հիվանդ չէինք կարողանում գտնել։ Միակ հարմարը Նալբանդյան Արտյուշա անուն-ազգանունով հիվանդն էր։ Վերջինիս բերել էին շտապօգնության մեքենայով, օգոստոսի 9-ին, կոմատոզ վիճակում (գիտակցությունը կորցրած), քիթը՝ արյունոտ։

Թեպետ անանուն հեռախոսազանգը մեզ բոլորովին այլ անուն էր հաղորդել՝ Համո, բայց, քանի որ մյուս փաստերը քիչ թե շատ համապատասխանում էին, որոշեցի հանդիպել հիվանդին։ Վերջինս պառկած էր վերակենդանացման բաժանմունքում։ Բաժանմունքի վարիչը միանգամից ինձ թույլ չտվեց հանդիպել հիվանդին։ Ադմինիստրացիայի փոխտնօրենի թույլտվությունից հետո կարողացա խոսել հիվանդի հետ։ Վերջինս 65 տարեկան մարդ էր, աչքերի տակը կապտակարմրավուն, հյուծված, հոգնած ու մի տեսակ վախեցած։ Կաթիլային էր միացված։ Զրույցից պարզվեց, որ հիվանդն աշխատում է Աջափնյակի «Սանմաքրում» ձեռնարկությունում պահակ։ Իր ասելով, ոչինչ չի պատահել, իր մոտ քննիչ չի եկել եւ ոչ ոք իրեն չի ծեծել։ Նա փորձում էր ինձ համոզել, թե իրեն երեկ են բերել (օգոստոսի 12-ին), ոչ մի կերպ չէր ուզում հավատալ, թե արդեն 5 օր հիվանդանոցում է։ Ամեն ինչ համընկնում էր, բացի անունից, սակայն հանկարծ նկատեցի, որ թեւին դաջվածք կա՝ Համո։ Հետո հիվանդն ինքն էլ ասաց, որ երկու անուն ունի։

Վերակենդանացման բաժանմունքից ինձ հայտնեցին, որ հիվանդը բերվել է ծայրահեղ ծանր վիճակում, գրեթե անգիտակից, անցել են արհեստական ապարատային շնչառության։ Գիտակցության է եկել 2 օր անց։ Երեկ հիվանդին պետք է տեղափոխեին նեյրովիրաբուժական բաժանմունք, քանի որ հիվանդը ծանր գանգուղեղային վնասվածք ունի։ Մաշտոցի ՆԳ բաժնից առաջին օրերին քննիչ է եկել (հիշեցնեմ՝ այդ օրերին հիվանդն անգիտակից է եղել)։ Վերջին օրերին քննիչը այցելության չի եկել։

Մաշտոցի ՆԳ բաժանմունքում ուզեցի պարզել, թե ինչն ինչոց է։ Այստեղ սկզբում մեզ փորձեցին չհասկանալ՝ ինչի՞ մասին է խոսքը, այդպիսի բան չկա։ Հետո հիշեցին, թե իրոք նման մի բան եղել է, բայց պահակը թեթեւ բժշկական օգնություն է ստացել ու տուն է գնացել։ Սակայն, իմանալով, որ ես եղել եմ հիվանդանոցում եւ զրուցել եմ հիվանդի հետ, սկսեցին հետաքրքրվել, թե հիվանդն ինձ ի՞նչ ասաց։ Հասկանալով, որ ես իրենց հարցերին հակված չեմ պատասխանել, այլ՝ հարցեր տալն է իմ գործը, որոշ մտմտուքից հետո ՆԳ բաժանմունքից ինձ պաշտոնական պատասխան տվեցին. այդ մարդը վայր է ընկել, անգիտակից է եղել, ասել է, որ ինքն է ընկել եւ մարմնական վնասվածքն ընկնելուց է։ Որեւէ գործ չի հարուցված՝ իրենց ասելով։

Դեռ լավ է չասացին, թե մարդն ինքն է խնդրել իրեն անգիտակից վիճակում գցել եւ սեփական կամքով է ծանր գանգուղեղային վնասվածք ստացել։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031