«Իրական եկեղեցին քո հոգու մեջ է»,- ասում էր Լեւոն Շանթը։ Թերեւս նա չէր սխալվում, որովհետեւ քարեղեն եկեղեցու ժամանակակից կառուցումը խիստ պրոզայիկ է՝ մետաղյա վերամբարձ կռունկի ճռինչ-աղմուկով, փողի պակասով։
Հայկական բնավորության առանձնահատկություններից հերթականն էլ եկեղեցի կառուցելն է։ Քրիստոնեության՝ պետական կրոնի ընդունման 1700-ամյակի կապակցությամբ, կառուցվում է սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցին։ Հրավիրել էին լրատվամիջոցներին, որպեսզի ի տես տեսախցիկների ցուցադրեն, որ եկեղեցին կառուցվում է, որ աշխատանքներն ընթանում են եւ ոչինչ սարսափելի չի պատահել։ Եկեղեցու գլխավոր ճարտարապետ Ստեփան Չուքչյանը մինչեւ երկինք շնորհակալ էր կաթողիկոսական տեղապահ Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանից, որի անմիջական աջակցությամբ եկեղեցու շինարարի՝ «Երեւանշինի» հետ կնքվել է շինարարական աշխատանքների չորրորդ պայմանագիրը։ Ըստ այս պայմանագրի, շինարարները կարող են շարունակել իրենց գործը։
Եկեղեցու կառուցման համար հարկավոր է 12 մլն 800 հազար դոլար։ Համենայնդեպս »Երեւանշինը» խոստացել է այս գումարով կանգնեցնել Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին։ Գլխավոր ճարտարապետի ասելով, եկեղեցին պատրաստ կլինի 2001 թվականի մայիսին։
Փոքրիկ պատմական էքսկուրս կատարելով՝ հիշենք, որ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը սկսվել է 1996-ին «Երքիմշինի» կողմից։ Այս կազմակերպության հետ ստորագրվել էր համապատասխան պայմանագիր հողային աշխատանքների կատարման համար։ Ըստ պայմանագրի վճարվել է նախատեսված ամբողջ գումարը. մոտ 780 հազար դոլար են կազմել հողային աշխատանքները եւ մինչեւ «0» նիշի բետոնացման աշխատանքները։ Սրանից հետո մրցույթի արդյունքում հաղթել է «Երեւանշին» ՓԲԸ-ն, որի հետ մինչեւ այսօր կնքվել է երեք պայմանագիր՝ փուլ առ փուլ։ Ընդհանրապես, եկեղեցու կառուցման աշխատանքների բոլոր պայմանագրերը կնքվել են ըստ աշխատանքի փուլերի։ «Երեւանշինի» հետ առաջին պայմանագիրը կնքվել է ութ հենապատերի համար։ Վճարումները կատարված են, աշխատանքն ավարտված է։ Երկրորդ պայմանագիրը կնքվել է միջնապատերի եւ կամարների համար։ Սա նույնպես ավարտված փուլ է։ Երրորդ փուլի համար կնքվել է պայմանագիր՝ եկեղեցու գմբեթի տակի աշխատանքների համար։ Այս աշխատանքներն այժմ ընթանում են եւ պետք է ավարտվեն մինչեւ սեպտեմբերի մեկը։ Կնքվել է նաեւ չորրորդ փուլի պայմանագիրը, որով պետք է ավարտվեն բետոնացման աշխատանքները։
Կարդացեք նաև
Այսօրվա դրությամբ ծախսվել է 1 միլիոն 577 հազար դոլարին համարժեք դրամ։ Մինչեւ տարվա վերջ կվճարվի եւս մեկ միլիոն դոլարին համարժեք դրամ։
Մայր աթոռ սբ. Էջմիածնի ֆինանսական գործերի կառավարիչ Ներսես Կարամանուկյանը եւս խոստացավ, որ 1700-ամյակի տոնակատարություններին եկեղեցին պատրաստ կլինի։ Հնարավոր է որոշ դետալներ չհասցվեն, բայց դրանք կլինեն ժամանակի ընթացքում։
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Եկեղեցու շինարարությունը ֆինանսավորում է Ամենայն հայոց եկեղեցին՝ Մայր աթոռ սբ. Էջմիածինը։ Կան նաեւ բարերարներ, որոնցից առայժմ հայտնի է միայն ՀԲԸՄ-ը։ Անկասկած նախկին ու ներկա թաղապետերից ոչ մեկը այս սուրբ գործում ներդրում չունի։ Նրանք ավելի «լուրջ» գործ ունեն՝ սեփական եկեղեցիներ ու մատուռներ են կառուցում (ոմանք կիսատ են թողնում) սեփական «զոն»-ում։