Երեւանի Մխիթար Հերացի փողոցի բնակիչներին շտապ ականջի բժիշկ է հարկավոր։ Երիտասարդական պալատին ավելի մոտ բնակվողները պարզապես խլանում են այս շենքի վերջին հարկում տեղավորված ռեստորանի (գուցե բար-սրճարանի) աղմկոտ երաժշտությունից։ Որեւէ հորդոր կամ խնդրանք քեֆչիներին չի զսպում։ Ամեն օր ժամը 23-ից 4-ը ընկած ժամանակահատվածում «երաժշտական» աղմուկը խլացնում է տարածքը։
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԵՂԵՐ
Երեկվա «վատ լուր»-ի փաստերի հետեւից գնալով՝ հայտնենք, որ «Մենուա-տուր» տուրիստական կազմակերպությունը նախօրոք պատվիրված իր 3 տեղերը չի կարողանում ստանալ «Կապուտակ Սեւան»-ից։ Հանգստյան տնից «Մենուա-տուրի» տնօրենին հայտնել են, որ տեղերը զբաղեցրել են KBH-ի տղաները, որոնց իբրեւ թե հովանավորել է նախագահը։ Սակայն ՀՀ նախագահի աշխատակազմից «Առավոտին» հայտնեցին, որ ոչ նախագահը, ոչ էլ նրա աշխատակազմը դրա հետ որեւէ կապ չունեն։
Կարդացեք նաև
ՀՐԱԺԱՐԱԿԱՆ
Երեկ «Արմենպրեսի» տնօրենի պաշտոնից հրաժարական է տվել շնորհալի լրագրող Մեսրոպ Հարությունյանը։ Երեք ամիս է այդ պետական լրատվական գործակալության աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում՝ կառավարության կողմից պետբյուջեից չֆինանսավորվելու պատճառով։ Սակայն պրն Հարությունյանը չփորձեց դրանով արդարանալ եւ նշեց, որ պատասխանատվությունն, ի վերջո, իրենն է, եւ այդ պատճառով էլ նա իր հրաժարականի դիմումն արդեն ուղարկել է բաժնետերերին։