Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

Օգոստոս 13,1999 00:00
xardaxutyun

Ընդամենը օրեր առաջ ավարտվեց Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում մի քրեական գործի դատաքննություն։ Քաղաքացին, որի նկատմամբ հարուցվել էր տվյալ քրեական գործը, դատապարտվեց ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամանակով։

Նա մեղադրվում էր ՀՀ քր. օր. 89 հոդվածի 3-րդ մասով, որով «նախատեսված» է գույքի հափշտակում խարդախության միջոցով։ Հետո կպարզվի, որ գույքը խոզի միսն է եւ, փաստորեն, պաշտոնական մեղադրանքի հիմքում կդրվի այս. «մեղադրվում է այն բանում, որ 1998 թ. հոկտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում խոզի միս գնելու ու այն ամանորի տոնակատարության օրերի ընթացքում թանկ գնով վաճառելու պատրվակով Ռազմիկ Կարապետյանից վերցրել է 4800 ԱՄՆ դոլար, տիրացել գնված խոզի մսի վաճառքից գոյացած գումարին…»։ Հետագայում, մեղադրական եզրակացության մեջ հետեւյալ կերպ «կշտկվի» այդ ձեւակերպումը.

«Ստացած շահույթը կիսելու պատրվակով, իր վաղեմի ծանոթ Ռ. Կ.-ի վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել է վերջինիցս ընդհանուր առմամբ 4800 ԱՄն դոլար գումար, որով գնել է խոզի միս… սկսած դեկտեմբերի 15-ից, «գլոբուս» շուկայում վերավաճառել»։ Մսավաճառը չի հասցրել գումարը «կիսել», քանի որ իր կողմից գնված «ամբողջ միսը փչացել ու թափվել է»։ Թիվ 1 մեկուսարանի կալանավորը, ինչպես պնդում էր դատաքննության ժամանակ, չնայած կորուստներին, պարտավորվել էր ամեն ամիս վճարել Ռազմիկ Կարապետյանին 300 ԱՄն դոլար… Ընդհանրապես քաղաքացիական նմանօրինակ իրավահարաբերությունների մեջ են հանրապետության ազգաբնակչության 80%-ից ավելին։ Եվ եթե այս դատավարության արդյունքով դատելու լինենք, ապա քրեական գործեր կհարուցվեն անգամ կոտեմ ու ռեհան վաճառողների վրա եւս, քանի որ «քրեորեն պատժելի արարք» է ենթադրում նույնիսկ բանավոր առ եւ տուրի, «փող ֆռացնելու» նրանց ավանդական պայմանավորվածությունները։ Չգիտենք ի՞նչ տրամաբանությամբ էր շարժվում դատարանը, երբ «ապացուցում» էր «դիտավորությամբ չարաշահելու» պարագան։ Ընդհակառակը, դատական նիստի ժամանակ հնչեց, որ Ռ. Կարապետյանն ինքն է առաջարկել քաղաքացուն «միս գնել ու վերավաճառել»։ Որտե՞ղ է այս դեպքում մսավաճառի դիտավորությունը, խաբեությամբ գումար տիրանալու նրա մտադրությունը…

«Իմ պաշտպանյալը ամեն ջանք գործադրում է ապացուցելու այս չարաբաստիկ գործում իր անմեղությունը, մի բան, որի պարտականությունը համաձայն ՀՀ քր. դատ օր. 18 եւ 124 հոդվածների դրված է քրեական հետապնդման մարմինների վրա»,- ասում է ամբաստանյալի պաշտպան, փաստաբան Էդիկ Նազարյանը։ Գործով անցած 5 վկաները ցուցմունքներ տվեցին այն մասին, թե իբր ամբաստանյալը «մսի տեսքը կորցնելու պատճառով օրական թափել է 3-4 կգ միս»։ Դատարանն, իհարկե, այս դեպքում հալած յուղի պես է ընդունել մեկ-երկու վկայի ցուցմունքները։ Կարելի է ենթադրել, թե վկաները բանուգործ չեն ունեցել եւ իրենց հայացքն են օրվա հետ մթնեցրել մսավաճառի վրա եւ եթե «յուրաքանչյուր վկա տեսել է, որ 3-4 կգ փչացած միս է եղել, ապա 4 վկաների տեսածներով փչացած միսն օրական միջին հաշվով կկազմեր 15 կգ»,- ասում էր ամբաստանյալ Հայկ Բլեյանը։ Վերջինս դատաքննության ժամանակ ասել էր նաեւ, որ իր ծանոթը՝ Ռ. Կարապետյանն իրենից ստացել է 500 կգ ավելի տավարի միս՝ «բաստուրմա վաճառելու նպատակով»։

Սակայն այս «դիտավորության վրա» դատարանն ուշադրություն չդարձրեց։ Ընդհակառակը, գտավ, որ մսավաճառ Հ. Բլեյանի ցուցմունքները հակասական են (շաբլոն բնութագրում, որի ժամանակ ի ցույց չի դրվում, թե որն է հակասականությունը) եւ որ վերջինս նպատակ է հետապնդում «խուսափել իր կատարած արարքին համապատասխան պատիժ ստանալուց»։ «Աշխատելով Հ. Բլեյանի հարեւանությամբ, ինքը տեսել է, որ վաճառվել է օրական 5-20 կգ միս, իսկ թափվել է նրա կողմից մոտ 4 կգ միս օրական», սա վկա Օ. Հ-ի ցուցմունքից մի հատված էր։ Մեկ ուրիշ վկա՝ շուկայի հսկիչ Յ. Աղաբաբյանը տեսել է, որ «Հայկը եւ Վոլոդյան պահեստավորում էին միսը, այնուհետեւ՝ վաճառում։ Ինքը տեսել է, որ Հայկի միսը տեսքից ընկել է», սակայն որքա՞նն է վաճառվել եւ թափվել, չի կարող ասել։ Այս ամենով «դատարանը ամբաստանյալ Հայկ Բլեյանի կատարած հանցավոր արարքը համարում է ապացուցված»։ Հա, չմոռանամ ասել. հաշվի առնելով նաեւ արարքի «հասարակական վտանգավորությունը»։ Հայկ Բլեյանը Աշոտ Բլեյանի հորեղբոր որդին է եւ «հասարակական վտանգավորությունը» շեշտելով՝ դատարանը նկատի է ունեցել, հավանաբար, այս գերկարեւոր հանգամանքը։ Հայկը խնամքի տակ ունի 1-ին կարգի հաշմանդամ հայր, մայր, 2-րդ կարգի հաշմանդամ որդի եւ 7 անձ։ Բայց արժե՞ շարունակել այս ամենը, ուրիշ բան, Հայկը լիներ մարդասպան՝ հաստատ դատարանի դահլիճից բաց կթողնվեր… Կամ՝ կարդարացվեր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ. Գ. Խաբեությամբ գույքի յուրացումը առկա է այն դեպքում, երբ հանցավորը նախապես, մինչ գույքի ստանալը, դիտավորություն է ունեցել գույքը համարել իր սեփականությունը։ Մինչդեռ դատարանը դա՛ չի կարողացել ապացուցել։ Փաստորեն, կողմերի միջեւ առկա էր պարզ, քաղաքացիական իրավահարաբերություն։ Եվ կարծում ենք, որ գործը պետք է քննության դրվեր քաղաքացիական կարգով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031