Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ՓԱԿՈՒՂՈՒՑ՝ ՄԵԿ ԱՅԼ ՓԱԿՈՒՂԻ

Օգոստոս 13,1999 00:00
gaa

ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանին

Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին

ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանին

Գիտության եւ կրթության նախարար Էդուարդ Ղազարյանին

Անառարկելի է, որ ազգը ինտելիգենցիա է պահում-պահպանում նրա համար, որ երկրի առաջ ծառացած խնդիրները կարողանա լուծել ոչ թե աչքաչափով, այլ մասնագիտական բարձր մակարդակով: Սակայն մեր հանրապետությունում գիտության վիճակի համար պատասխանատու պետական որոշ այրեր երբեմն այն աստիճանի են նենգափոխում այս խնդիրը, որ անիմաստ է դառնում նման գիտական վերնախավ պահելը:

Հայաստանում այսպիսի մակարդակի ակադեմիկոսների ծնունդը բոլորովին էլ պատահական չի կարելի համարել: Նրանք ջոկվել-ընտրվել էին այնպիսի մի արատավոր ընտրական համակարգով, որից այլ որակի լուծում հնարավոր էլ չէր ակնկալել: Այն ծնել, սնել ու կյանքի ուղեգիր են տվել կոմունիստական նոմենկլատուրայի գերազանցիկները: Համաձայն այդ ընտրակարգի, որն այսօր էլ շարունակում է իր քայքայիչ (ճիշտ կլիներ ասել՝ հակազգային) գործունեությունը, ակադեմիկոսի հավակնորդի գիտական արժանիքները որոշում է (անհավատալի է, բայց դա իրոք այդպես է) այնպիսի մասնագետների խումբը, որի ճնշող մեծամասնությունը (կրկնում եմ՝ ճնշող մեծամասնությունը) հայցողների գործունեությունից կամ անտեղյակ մարդիկ են լինում, կամ բնագավառի մասին ունենում սիրողական պատկերացում: Ավելի պարզ ասած՝ քիմիկոսին ակադեմիկոս է ընտրում բժիշկ-ակադեմիկոսը, իսկ բժշկի արած-չարած գործի մեծության չափն էլ որոշում է քիմիկոս-ակադեմիկոսը: «Հանրաքվեով» գիտական ճշմարտություն որոնող ղեկավարների այս տեսակը, չբավարարվելով «ձեռք բերածով», ԳԱԱ ակադեմիկոսներ է ընտրել նույնիսկ «համազարկային եղանակով», այսինքն՝ ցուցակով: Բնական է, որ այսպիսի «արգելքներ անցած» գիտնականի ուշքն ու միտքը ոչ թե գիտությունն է լինում, այլ բոլորովին այլ արժեքներ: Երեւի թե այդ է պատճառը, որ Հայաստանում քանդվեցին-ավերվեցին ոչ միայն գործարանները, այլ նաեւ գիտական հիմնարկներն ու գիտական դպրոցները: Չգտնվեց մեկը, որ բոռար այդ համազգային ցավից եւ կանխեր ավերը: Ընդհակառակը, մեր գիտնականների մի մասը ինքը հեղինակ ու մասնակից դարձավ նման ավերների կամ չիմանալուն-չտեսնելուն տվեց այս ազգային աղետի գոյությունը:

Թվում է, թե արդեն ամեն ինչ է արվել այդ ավերը համապարփակ դարձնելու համար, եւ եկել է ժամը շտկելու արած սխալները: Սակայն պարզվում է , որ «քանդելու» գործընթացը շարունակելու նոր գաղափարներ դեռեւս մնացել են եւ հնարավոր է, որ այն իրականացվի, այսինքն նորից կոտրվի գիտնականների (ի վերջո՝ երկրի) գլխին: Բայց առավել զարմանալին այն է, որ որպես այդպիսի մի գաղափարի հեղինակ է հանդես գալիս ԳԱԱ պրեզիդենտ Ֆ. Սարգսյանը: Խոսքը նրա «Իրավունք» թերթի էջերում վերջերս (Իրավունք, 1999, թիվ 53) արած այն հայտարարության մասին է, ըստ որի՝ նրան դուր չի գալիս այժմ գործող թեմատիկ ֆինանսավորման համակարգը եւ առաջարկում է վերադառնալ բազային (ինստիտուցիոն – այսինքն ինստիտուտային) ֆինանսավորման համակարգին, այլ խոսքով՝ այն համակարգին, որը գոյություն ուներ խորհրդային կարգերի օրոք:

Գործին անտեղյակ մարդու համար ԳԱԱ պրեզիդենտի այս «նախաձեռնությունը» կարող է Հայաստանի գիտական ներուժը փրկելու առաջարկ համարվել: Սակայն, նրանք, ովքեր տեղյակ են այն հանգամանքներին, որոնց պարագաներում ծնվել է թեմատիկ ֆինանսավորման գաղափարը, միաբերան կասեն՝ դա մեր գիտությունը այս մի փակուղուց մի այլ փակուղի տանելու առաջարկ է միայն: Հիրավի, ի՞նչն էր պատճառը, որ ժամանակին մարդիկ նպատակահարմար գտան անցնելու թեմատիկ ֆինանսավորման սկզբունքին, այսինքն ձերբազատվելուն ֆինանսավորման այն տարբերակից, որն այսօր առաջարկում է ԳԱԱ պրեզիդենտը: Պարզապես բազմաթիվ տարիների դիտարկումները ցույց էին տվել, որ այդ համակարգի պարագայում գիտնականը կախված է լինում տնօրենի քմահաճ վերաբերմունքից, իսկ տնօրենը՝ իր վերադասի: Վերադասը կցանկանար իր ստորադրյալին մեծ գիտնական կհամարեր ու կօծեր որպես այդպիսին, կուզենար՝ այդ նույն մարդուն ոչնչության տեղ կդներ ու ոտնատակ կտար: Ահա այդպիսի «օրենսդրության» պարագաներում է, որ հոծացան այն գիտնականների շարքերը, որոնց բնութագրական առավելությունը մյուսների նկատմամբ այն էր, որ նրանց կարծիքը միշտ էլ համընկնում էր վերադասի կարծիքի հետ. ինչ կասեր վերադասը՝ նա էլ «օրենք» էր այդպիսիների համար: Իսկ ստրկամիտ մարդը, հանրահայտ է, գիտական պրոդուկցիա տալ չի կարող:

Այդ պատճառով էլ սկսվեց վերջիններիս խաչակրաց արշավանքը օրենքի դեմ ու արվեց ամեն բան, որպեսզի թեմատիկ ֆինանսավորումը վարկաբեկվի ինչքան հնարավոր է շատ ու բազմակողմանի: Մի խոսքով՝ փոխանակ պայքար մղելու իրեն արդարացրած համակարգի թերությունները շտկելու, փորձվում է «Մանուկին կեղտաջրի հետ դեն նետել»։ Նրանք հիմա էլ են ունենում մեծ առավելություններ մյուսների նկատմամբ. որեւէ բան բաժանելուց առաջինը եւ ամենաշատը իրենց ղեկավարած բաժինն է ունենում կամ նրանց առաջ ամենախոր գլուխ խոնարհողները, քանի որ վերադասը (օրինակ՝ ԳԱԱ), նույնիսկ աղաղակող խտրականության տեղյակ լինելու դեպքում անվերապահորեն պաշտպանում է օրինազանցին եւ ոչ թե տուժողին: Եթե նրանք իրոք «գիտության ու գիտնականի ցավով տառապողներ» լինեին, ինչպես ցանկանում են այդ ներկայացնել, ապա բացառվում է, որ գոնե բազմաթիվ քննադատություններից հետո, ցանկության դեպքում, նրանք չկարողանային ԳԱԱ ընտրությունները վերակառուցել գիտական հիմունքներով, կանխել ԳԱԱ տարեկան հաշվետվությունների մեջ հիմնարար գիտական հետազոտության փոխարեն շարքային փաստագրություններ անցկացնելու բազմամյա պրակտիկան, կանխել կամ դատապարտել գիտական առաջընթաց ունեցող գիտնականների նկատմամբ կիրառվող աղաղակող անարդարությունները, ստուգել եւ գոնե մեկ անգամ դատապարտել ֆինանսների ծախսման այն արատավոր սկզբունքը, որը հակառակ պետական որոշումների, իրականացվում է առանց թեմաների ղեկավարների գիտության կամ հակառակ նրանց կամքի. գիր-գրականության, ինֆորմատիկայի, գրադարանների համալրման գործը չէր լինի այսքան բարձիթողի վիճակում, կամ գիտության մասին օրենքի նախագիծը չէր ներկայացվի Ազգային ժողով՝ առանց նրա քննարկման գիտական հիմնարկներում եւ այլն, եւ այլն:

Սակայն, գիտության ու գիտնականի առաջընթացին դեմ լինելու կամ նրան խոչընդոտելու ԳԱԱ ղեկավարության իրական նկարագրի առավել ցուցադրական օրինակը պետք է համարել ԳԱԱ ղեկավարության եւ նրա ակադեմիկոսների թշնամական վերաբերմունքը դեպի Ազգային գիտական խորհուրդ ստեղծելու գաղափարը, որի էությունը հետեւյալն է. գիտական հիմունքներով (եւ ոչ թե կասկածելի սկզբունքներից ելնելով, ինչպես հաճախ է կատարվում) բացահայտել բոլոր բնագավառների իրական գիտական լիդերներին եւ այդպիսի «գերմասնագետների» ուժերով էլ լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները (հեռանկարային եւ այլ ծրագրերի փորձաքննություններ, գիտության եւ արտադրության ֆինանսավորման օպտիմալ եղանակների որոնում եւ այլն): Կասկածներ ունեմ, որ Գիտությունների ազգային ակադեմիայում անմիջապես են հասկացել, որ եթե ստեղծվի Ազգային գիտական խորհուրդը նշված սկզբունքով, ապա կբացահայտվի, որ «թագավորը մերկ է»: Դրա համար էլ մեր ակադեմիկոսները ընտրեցին «լավագույն» տարբերակը – գերադասեցին անտեսել Ազգային գիտական խորհուրդի գաղափարի գոյությունը: Որ մեր ակադեմիկոսները միջոցների, հատկապես կամայական սկզբունքներով, բաշխելու մեծագույն վարպետներ են, ակնառու կերպով ապացուցում է Հայաստանի կառավարության անցած տարվա տված տասնյակ միլիոնների վերաբաշխման կերպը ակադեմիայի ինստիտուտների, իսկ հետո նաեւ՝ ինստիտուտների լաբորատորիաների միջեւ: Բավական է ասել, որ եղան գիտական հիմնարկներ եւ լաբորատորիաներ, որոնք բոլորովին անմասն մնացին այդ գումարներից:

Եթե ԳԱԱ ղեկավարությունն անգամ այսպիսի պարզագույն խնդիրների լուծման խնդրում է անճարակություն (թե՞ չկամություն) ցուցաբերում, ո՞րն է այդպիսի ղեկավարություն պահելու իմաստը: Այս բոլորը չի նշանակո՞ւմ, արդյոք, որ այդ մարդկանց բոլորովին էլ գիտնականի, ոչ էլ գիտության վիճակը չէ, որ հուզում է, այլ իրենց տեղն ու անձնական շահը: Այլապես նրանք չէին համարձակվի գիտնականի դեմ իրականացնել մի քաղաքականություն, որն իր արդյունքով ոչնչով չի տարբերվում սաբոտաժից։ Սաբոտաժից՝ սեփական պետության որոշումների դեմ: Առանց որեւէ պատասխանատվություն կրելու: Դուրս է գալիս վարչապետը կարողանում է հասկանալ (ես նկատի ունեմ նրա հեռուստաելույթը), որ հատկապես այսպիսի օրապակաս մոտեցումների գոյության հետեւանքով է, որ երկիրն այս ողորմելի օրն է ընկել, իսկ ԳԱԱ ակադեմիայի պրեզիդենտը, ընդհակառակը, գտնում է, որ իրադրության փրկությունը (առայժմ գոնե գիտության ասպարեզում) հին համակարգին վերադառնալն է: Մի՞թե մեծ խելք է պետք ունենալ, որ հասկացվի, որ սույն առաջարկը մեր գիտությունը ճահիճ տանելու ու նրանում խեղդամահ անելու ուղեցույց է միայն:

Հայաստանի գիտությունը ոչ թե այդպիսի՝ արդեն վարկաբեկված ու մերժված սկզբունքների վերադառնալու, այլ առաջընթաց ապահովող առաջարկի է կարոտ:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԳԱԱ Օրգանական քիմիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ,

քիմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031