Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԵՑԻՆՔ, ՄՆԱՑ ՏԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՆՔ

Օգոստոս 13,1999 00:00
veraqnnich

Մեր պետությունը բնակարանային շինարարություն չի իրականացնում (եթե ինչ-որ բնակարաններ էլ կառուցվում են, լուրջ բան չէ դրանք լուրջ թիվ համարել)։ Դրանից բնակարան ունենալու ցանկությունը մարդկանց մեջ բնավ չի նվազում։ Սակայն բնակարաններն էլ այդ միանգամայն մարդկային ցանկությունից չեն շատանում։ Իսկ մարդկանց բնակտարածությամբ ապահովելու տարբերակներ գտնել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։

Մեզ մոտ դա արվում է, այս դեպքում, այսպես։ Հինգ հոգուց բաղկացած Ա. Հակոբյանի ընտանիքը սեփական նախաձեռնությամբ զբաղեցրել է մայրաքաղաքի Խորենացու 43 հասցեում 100 քմ տարածք։ Քանի որ այս դեպքում գործել է «նրբացուցիչ դեպք հանցանացը» («զավթողը» զոհված ազատամարտիկի ընտանիք է) եւ դատարանի վճռով այդ տարածքը նրանց է հատկացվել։ Նույն՝ Վերաքննիչ դատարանը, ընդամենը 19 օր հետո մի ուրիշ վճիռ է կայացրել, ըստ որի Հակոբյաններին հատկացվում է ոչ թե 100, այլ 60 քմ։ Այդ 19 օրում փոխվել է այն, որ Կենտրոնի թաղապետարանի որոշմամբ վերոնշյալ հասցեում տարածք պիտի հատկացվի նաեւ ոչ անհայտ Լարիսա Հովսեփյանի բազմանդամ (17 հոգուց բաղկացած) ընտանիքին։ Դրա համար անհրաժեշտ է Հակոբյաններին համոզել, որ կարող են եւ «բավարարվել» 60 քմ-ով։ Այդ գործը հանձնարարվել է թաղապետարանի կատարողներին։ Համոզման մեթոդների մասին պատմեցին Հակոբյանները։ Ատոմ Հակոբյանի կինը՝ Շուշանիկ Ղուշչյանը, պատմում էր.

-Կենտրոն թաղապետարանի կատարածուն՝ Մանուկ Ալեքսանյանը, եկել էր։ Ես ասացի, որ սա պետական տարածք է, մենք զբաղեցնում ենք, իմ որդին զոհվել է էս հողի համար։ Նա էլ ասաց, թե՝ հրապարակում կանգնած է վարչապետի «Ջիպը», դա էլ է պետական, գնացեք-գողացեք, 100 հազար փող արժի, տարեք-վաճառեք։ Դա էլ է պետական գույք, գնացեք դրան էլ տիրացեք։

Տիկին Շուշանիկն ասում էր, որ իր տղաներին պրն Ալեքսանյանը իր հետ «ուժով չափվելու» կոչ էլ է արել՝ նախապես մեծահոգաբար զգուշացնելով, որ ինքը կարատեիստ է։ Թե ինչ կոչի կարժանանայինք մենք, եթե Մանուկ Ալեքսանյանից փորձեինք պարզել այս խոսքերի հավաստիությունը, մնում է միայն երեւակայել, քանի որ մեր մի փորձը՝ պարզելու պետական մի ուրիշ պաշտոնյայի կարծիքն այս առնչությամբ, հաճելիներից չէր։

Շուշանիկ Ղուշչյանի պնդմամբ, ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության պետ Օֆելյա Պետրոսյանը ՀՀ վարչապետից հանձնարարական ուներ այս հարցը կարգավորելու մասին։ Տիկին Պետրոսյանը մեր հեռախոսազրույցի սկզբում իմիջիայլոց հայտնեց, որ ավելի լավ է անձամբ հանդիպել, քանի որ ինքը հիվանդ է (՞)։ Հետո ասաց, որ այդպիսի հանձնարարական եղել է, որ Վերաքննիչ դատարանի առաջին վճիռը (100 քմ-ի մասին) ճիշտ չի եղել։ Տիկին Պետրոսյանը հայտնեց նաեւ մեկ շնչին հասնող 9 քմ բնակելի տարածքին գումարած 15 քմ կոմունալ տարածք սոցիալական նորմի մասին։ Զրույցի ընթացքում տիկին Պետրոսյանն այնքան տարվեց, որ սկսեց գործուն խորհուրդներ տալ այս մասին գրվելիք հոդվածի կառուցվածքի մասին։ Բայց ավելի լավ է ընդհանրապես այս մասին չգրել «շատ խառը թնջուկ է, պարզել է պետք»։ Օֆելյա Պետրոսյանի ոգեւորության վերածվելը պաթոսի արտահայտվեց «Դուք գրեք, տակից էլ դուրս եկեք» նախադասությամբ։ Ճիշտ տեղում նա հիշեց, որ ինքը հրաժարվել էր խոսել հեռախոսով, որ լրագրողի հետ կզրուցի իրենց նախարարության մամլո քարտուղարի տեղյակ լինելուց հետո միայն։ Մեր այս սիրառատ հեռախոսազրույցի վերջում պարզեցինք, որ տիկին վարչության պետը պաշտոնական ոչ մի պատասխան էլ չի տվել։ Այնպես որ, ինչ որ վերեւում կարդացիք, ինչ-որ մեկի վատ երազն էր երեւի։

ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության վարչության պետ Մարտին Կարապետյանը, ըստ Շուշանիկ Ղուշչյանի, իրենց ասել էր, որ Վերաքննիչ դատարանի երկրորդ վճիռը օրենքից չի բխում։ Ինքը՝ Մարտին Կարապետյանը, մեզ հայտնեց, որ ինքը նման բան ասել չի կարող, քանի դեռ վճիռը բեկանված չէ։ Ասաց նաեւ, որ Վերաքննիչի առաջին վճիռը բեկանել եւ նորն ընդունել կարող էր միայն նրա վերադասը՝ Վճռաբեկ դատարանը, ինչն այս դեպքում տեղի չի ունեցել։ Սակայն ինքը՝ որպես իրավաբան եւ երբեւէ դատավոր աշխատած մարդ, պարտավոր է հարգել վճիռը եւ ընդունել այն՝ ինչպես կա։

Այս «թնջուկին» մնում է ավելացանել այն, որ Լարիսա Հովսեփյանը (որի ընտանիքին տեղավորելու խնդիր կա) հրաժարվում է Խորենացու 43 հասցեում իրեն տրամադրվող (բանավոր կերպով, տիկին Հովսեփյանը այդ մասին գրավոր ոչ մի փաստաթուղթ չի տեսել) բնակարանից, գտնելով, որ զոհված ազատամարտիկի ընտանիքին ինքը «նեղել» չի կարող։ Միայն թե նա այդ արել է Երկրապահ կամավորականների միությունում, ինչը Կենտրոնի թաղապետարանի համար հիմք չէ։ Տիկին Հովսեփյանն ասում է, որ այնտեղ իրեն հայտնել են, որ հրաժարումը պիտի գրվի իրենց անունով։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031