Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐՊԱՆԱՀԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐՍՏԱՑՆՈՒՄ Է ՊԵՏԲՅՈՒՋԵՆ

Օգոստոս 13,1999 00:00
grpanahat

Անհեթեթություն է, թե անբարոյականություն՝ դատեք ինքներդ, եթե ՀՀ գործող օրենսդրությամբ գրպանահատների գործունեությունը կարող է շահավետ լինել պետական բյուջեի համար։

Կարծում եք, թե սա հերթական լրագրական սենսացիոն առաջաբա՞ն է։ Դժբախտաբար՝ ոչ։ Սա փաստացի եւ շատ դառը իրականություն է, որում հայտնի չէ, թե դեռ որքան կարող է գոյատեւել մեր ժողովուրդը իր օլիմպիական համբերությամբ։

Իհարկե, մեր երկրում հասարակությանը չես զարմացնի պետության կողմից նրան մաշկելու հերթական միջոցառման, օրենքի կամ այլ փաստի հետ բախվելիս։ Զարմանալը՝ չես զարմացնի։ Բայց զայրույթի ու հիասթափության մակարդակը, անշուշտ, նոր «վերելք» կապրի։ Ընկերս Աբովյան փողոցի խանութներից մեկում գնումներ կատարելիս նկատել էր, որ իր դրամապանակը «չքվել» է։ Իսկ դրա մեջ ոչ միայն փող է եղել, այլեւ փաստաթղթեր՝ վարորդական իրավունք, մեքենայի տեխնիկական անձնագիր, մեքենան վարելու լիազորագիր եւ այլն…

Ու սկսվել են այս թոշակառուին վնասներ հասցնելու «գործընթացները», այժմ արդեն՝ «օրենքով սահմանված կարգով»։

Նախ, «Տավրիա» մակնիշի մեքենայի տեխնիկական անձնագրի վերականգնման համար պահանջվել է օրենքով սահմանված տուրք՝ 12000 դրամի չափով, այդ թվում 6000 դրամը նվազագույն չափն է, իսկ մյուս 6000 դրամը փաստորեն տուգանք է։ Այլ կերպ ասած, կորցնելու դեպքում այդ փաստաթղթի վերականգնման համար տուրքը գանձվում է կրկնակի, ի տարբերություն սկզբնական ձեւակերպման 6000 դրամի։ Նույն օրենքով, կորցրած վարորդական իրավունքի վերականգնման համար գանձվել է 24000 դրամ՝ սկզբնական 12000 դրամի փոխարեն, այսինքն կրկնակի, որի կեսը՝ 12000 դրամը, փաստորեն նույնպես տուգանք է, տույժ։

Բնականաբար, հարց է ծագում, ո՞ր մեղքի համար է առանց այն էլ տուժած կողմը տուգանվում, ո՞ր տրամաբանության վրա է հիմնված այս «բարեփոխությունը», երբ առանց այն էլ նյութական ու հոգեկան հարվածներ ստացած այս քաղաքացին առաջին հերթին կարիք ունի սփոփանքի, կարեկցանքի ու շուտափույթ, նվազագույն լրացուցիչ վճարումներով վերականգնելու գոնե փաստաթղթերը։ Այլ կերպ ասած, քաղաքացուն կողոպտելու «նախերգանքը» կատարում է գողը, գրպանահատը։ Նրանց հաջորդում է տուժողին նորից կողոպտելու հիմնական «գործընթացը» պետության կողմից։ Այսպիսով, գողերի, գրպանահատների եւ այլ տականքների գործունեության ակտիվությունը ուղիղ համեմատական է պետական բյուջեի համապատասխան աճին։

Հարկ կա նաեւ նշել, որ ինքնին տուրքի նախնական չափերը, այն է՝ 6000 դրամ տեխնիկական անձնագրի համար կամ 12000 դրամ վարորդական իրավունքի համար (չհաշված դեռ 6000 դրամը՝ քննության համար) օդից վերցված, ուռճացված թվեր են, տնտեսագիտորեն չհիմնավորված։ Իսկ եթե այս բոլորին ավելացնենք նաեւ ավտոմեքենայի վարման լիազորագրի կրկնօրինակի վերականգնման համար 10000 դրամ տուրքի չափը, ապա պարզ կդառնա, թե ի վերջո ինչի համար էր «պայքար, պայքար մինչեւ վերջ» կարգախոսը։ Ըստ իս, այդ «պայքարը» ժողովրդին «մինչեւ վերջ» քամելու հնարավորություն ստանալու համար էր։

Ժամանակն է՝ գոնե այս հարցում թույլ տված անբարոյական «բարեփոխությունը» վերանայվի նորընտիր խորհրդարանի կողմից եւ տրամաբանորեն ու բարոյապես հիմնավորված տուրքերի նոր չափեր սահմանվեն։ Միեւնույն ժամանակ պետք չէ ժողովրդի աչքում «բոբոներ» դարձնել պետավտոտեսչության, նոտարական գրասենյակների եւ այլ ֆունկցիոներներին, որոնք ի պաշտոնե ստիպված են առաջինն իրենց վրա վերցնել քաղաքացիների, նման անբարոյական օրենքների իրականացման ընթացքում առաջացած, արդարացի վրդովմունքներն ու դժգոհությունները։

ՍԵՎԱԿ ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031