Կառավարության լրատվական ծառայությունից «Առավոտին» տեղեկացնում են, որ օգոստոսի 12-ին ԼՂՀ վարչապետն ընդունեց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանին։ Հանդիպման ժամանակ արծարծվել են հանրապետության հոգեւոր, մշակութային կյանքի, ինչպես նաեւ սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Քննարկվել են Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերաբացման տասնամյակին նվիրված տոնակատարությանն արժանավույնս նախապատրաստվելու հետ կապված հարցեր։
Վարչապետ Ա. Դանիելյանը հայտնել է, որ այդ նպատակով ստեղծվել է համապատասխան կառավարական հանձնաժողով։ Զրույցի ընթացքում քննարկվել է նաեւ Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առթիվ 2001 թվականին նախատեսվող տոնակատարության շրջանակներում ստեղծված հանձնաժողովի գործունեությունը։ Շոշափվել են աղանդավորների առկայության, քահանայական դասին առնչվող խնդիրներ։
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ,
Ստեփանակերտ