Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐԱԲԱՍ-ԲԱՐԱԲԱՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ «ՊՏՈՒՂՆԵՐԸ»

Օգոստոս 13,1999 00:00
Tigran Levonyan

Վերջին մեկ տարվա ընթացքում շատերը բարձրաձայն հայտնեցին իրենց անվստահությունն ու թերահավատությունը Օպերայի եւ բալետի թատրոնի նախկին տնօրեն Տիգրան Լեւոնյանի՝ ֆինանսատնտեսական գործունեության հանդեպ։ Նա, իհարկե, բարձրաձայն այդ ասվածներին հասցնում էր որոշ ԶԼՄ-ներով հերքող պատասխաններ տալ։

Բայց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի 12.04.99 թ. հրամանով ստուգումներ անցկացրեցին։ Ստուգվեց թատրոնի դրամարկղը եւ թատրոնի 1998 թ. ֆինանսատնտեսական գործունեությունը։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ թատրոնում այդ ընթացքում (մինչեւ 12.04.99 թ. դրությամբ) ֆինանսատնտեսական մեծ չափերի հասնող չարաշահումներ ու բացթողումներ են եղել։ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության՝ ստուգումների հիման վրա կազմած ակտին ծանոթացել ու ստորագրել է Տիգրան Լեւոնյանը։ Խախտումները շատ-շատ են, բայց մենք կբավարարվենք թվելով դրանցից մի քանիսը։

Թատրոնի հաշվապահությունում ստացված եկամուտների եւ ծախսերի առանձին հաշվառում չի կատարվում։ 1998 թ. նախատեսվել է 16650,0 հազ. դրամ եկամուտներ, այդ թվում՝ տոմսերի վաճառքից 13 մլն 650 հազ. դրամ եւ այլ եկամուտներ (դահլիճի վարձավճար եւ այլ վճարովի ծառայություններ)՝ 3 մլն դրամ։ Փաստացի եկամուտները կազմել են 20 մլն 898,4 հազ. դրամ, տոմսերի վաճառքից՝ մոտ 11 մլն 575 հազ. դրամ եւ այլ եկմուտներ՝ 9 մլն 323 հազ. դրամ կամ նախատեսվածից ավել եկամուտ է ստացվել՝ 4 մլն 248 հազ. դրամ։ 1998 թ. ընթացքում 4 մլն 650 հազ. դրամի (կանխիկ) գնվել են տարբեր տեսակի ապրանքանյութեր. դրանք գնվել են շուկայից, որոնց համար կազմվել են միակողմանի ակտեր։ Իսկ միակողմանի ակտերով գնված ապրանքի գումարը 15 %-ի չափով ենթակա է հարկման եւ փոխանցման պետբյուջե, որը չի կատարել թատրոնի հաշվապահությունը։

Ստուգող վարչության կատարած հաշվարկներով կանխիկ գումարով գնված 4659,9 հազ. դրամի 15 %-ը կազմում է 699,0 հազ. դրամ եւ չվճարման ուշացման օրերի համար հաշվարկված տույժը՝ 306,4 հազ. դրամ, մեկ մլն-ից ավելի դրամ ենթակա է փոխանցման պետբյուջե, սակայն չի փոխանցվել։ 1998 թ. ընթացքում վարձավճարներից եւ այլ վճարովի ծառայություններից ստացված 9 մլն 323 հազ. դրամ եկամուտն, ըստ սահմանված կարգի կատարված ծառայությունների դիմաց ստացված գումարի 20 %-ը, որպես ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) պետք է փոխանցվեր պետբյուջե։ Չի փոխանցվել։ 1998 թ. թատրոնի գլխավոր ինժեներ Ս. Աղաբաբյանին վճարվել է 500 հազ. դրամ։ Ս. Աղաբաբյանի ներկայացրած զեկուցագրի համաձայն այդ գումարը ծախսվելու էր թատրոնին հատկացված Կորյունի 7, բն. 15 հասցեի նոր, մեկ սենյականոց բնակարանի վերանորոգման աշխատանքների համար։ Թատրոնի գլխ. ինժեներ Ս. Աղաբաբյանը, տնօրենի օգնական Վ. Ստեփանյանը, սպասարկման ծառայության ղեկավար Ռ. Թելունցը եւ շենքի պարետ Կ. Մուրաջյանը գնման ակտում նշել են, թե շուկայից գնվել է 500 հազար դրամի վերանորոգման նյութեր եւ դետալներ, որոնք օգտագործվել են բնակարանի շինարարական եւ վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Եվ այդ շինարարական աշխատանքները կատարվել են թատրոնի վերականգնման եւ շահագործման ծառայության աշխատակիցների ուժերով։

Ըստ գլխ. ինժեներ Ս. Աղաբաբյանի ներկայացրած բացատրագրի 500,0 հազ. դրամ գումարը նախատեսված էր որպես օգնություն թատրոնի մեներգչուհի Անահիտ Մխիթարյանին, Երեւանի քաղաքապետարանի կողմից թատրոնին հատկացված բնակարանի ներքին հարդարման աշխատանքների համար, որը հատկացվելու էր Ա. Մխիթարյանին՝ մշտական բնակության համար (պետք է նշել, որ Անահիտ Մխիթարյանը, մինչ այդ բնակարանը, ապրում էր Էջմիածնում)։ 500 հազ. դրամը թատրոնի տնօրեն Տ. Լեւոնյանի բանավոր կարգադրությամբ հանձնվել է Ա. Մխիթարյանին, իսկ վերջինիս ցանկությամբ բնակարանն ավելի բարձր մակարդակով վերականգնելու համար տվյալ գումարը չի օգտագործվել։ Եվ, քանի որ ստացված գումարը մնացել էր բաց, չկար ծախսի վերաբերյալ որեւէ փաստաթուղթ, այդ պատճառով հանձնաժողովի կողմից կազմվել են գնման եւ կատարողական ակտեր՝ հաստատված Տ. Լեւոնյանի կողմից, որով փակվել է գումարը։

1997 թ. թիվ 10 վճարման հանձնարարագրի ՆԳՆ ուղեկցման գումարտակից փոխանցվել է 2,5 մլն դրամ, որը վճարվել է Տ. Լեւոնյանին։ Նշված գումարի ծախսի վերաբերյալ, մինչեւ 1998 թ. հուլիս, շուրջ մեկ տարի, փաստաթուղթ չի ներկայացվել հաշվապահություն։ Տ. Լեւոնյանը գնման ակտում նշել է, թե փոխտնօրեն Հարություն Խաչատրյանը («Օպերա» ստուդիայի ղեկավարը) 2 մլն 560 հազ. դրամ գումարով ստուդիայի համար օպերատորական տեխնիկա եւ նկարահանման սարքավորումներ է գնել (այստեղ էլ նշենք, որ մեր տվյալներով «Օպերա» ստուդիան ունենալով, ըստ Լեւոնյանի, այդքան սարքավորումները, այնուամենայնիվ, օգտագործում էր նաեւ «Հայֆիլմ» կինոստուդիայի որոշ սարքավորումները։ Այլ հարց է, որ հայտնի չէ՝ ինչի՞ համար էր օգտագործվում կամ գնվում այդքան սարքավորումները)։

Տնօրենի օգնական Վ. Ստեփանյանին (29.07.98 թ.) վճարվել է 251 հազ. դրամ՝ բեմի համար 300 քառ. մետր ծածկոցի կտոր գնելու եւ այն ներկելու-կարելու համար։ Համաձայն գնման ակտի (30.09.98 թ.) շուկայական գներով գնվել է 180 մ կտոր՝ 126,0 հազ դրամ գումարով, կտորի ներկման համար վճարվել է 90,0 հազ. դրամ, կարելու համար՝ 33,0 հազ. դրամ։ Չէին ներկայացվել ներկման, ինչպես նաեւ կարելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ։ Ստուգումից պարզվել է, որ կտորը տնային պայմաններում ներկել է Գ. Սունդուկյանի անվան պետական թատրոնի բեմադրական մասի վարիչ Վ. Անանյանը, որի համար ստացել է 90,0 հազ. դրամ։ Նունե Եսայանի՝ 98 թ. նոյեմբերի 9-ին կայացած համերգի համար տրամադրվել է թատրոնի դահլիճը եւ մեկ կոմպլեկտ տոմսագրքույկ։ Դահլիճի հատկացման վերաբերյալ պայմանագիր չի կնքվել եւ վարձակալության վճարում չի կատարվել։ Չկա որեւէ փաստաթուղթ՝ դահլիճը վճարովի կամ անվճար հատկացնելու մասին։ Նմանօրինակ դեպքերը շատ են։

Համաձայն 14.05.98 թ. երկկողմանի պայմանագրի, թատրոնի դահլիճը տրամադրվել է «Երկխոսություն» թատերական լաբորատորիային՝ Ֆորշի համերգը հունիսի 12-ին անցկացնելու համար, դահլիճի վարձավճարը կազմել է 400 հազ. դրամ։ Հաշվապահության փաստաթղթերում չվճարված այդ վարձավճարը ձեւակերպված է որպես դեբիտորական պարտք։ Սակայն ստուգումները ցույց են տվել, որ «Երկխոսություն» թատերական լաբորատորիայի ղեկավարի վկայությամբ ծրագրի պրոդյուսերը համերգից առաջ 400 հազ. դրամը վճարել է Լեւոնյանի օգնական Վ. Ստեփանյանին, որի մասին տեղյակ է եղել Ֆորշը։ Գումարը ստացել են, սակայն չեն մուտքագրել Օպերայի եւ բալետի թատրոնի դրամարկղ։ Վ. Ստեփանյանը բացատրագիր է գրել, թե 400 հազ. դրամը ստացել է ինքը եւ Լեւոնյանի կարգադրությամբ այն բաժանել է դերասաններին՝ ըստ ցուցակների։ Այսինքն՝ 800 ԱՄՆ դոլարը բաշխել է 7 դերասանների. Հասմիկ Հացագործյանին՝ 550 $, Վ. Հարությունյանին, Կ. Սիմոնյանին, Ա. Գրիգորյանին, Մ. Միհրանյանին եւ Զ. Հարությունյանին՝ 50-ական ԱՄՆ դոլար։

Լեւոնյանի գրությամբ, բուժման համար իբրեւ օգնություն Հ. Հացագործյանին հաշվապահության դրամարկղից վճարվել է նաեւ 250 հազ. դրամ։ Վճարված օգնությունից, սակայն, եկամտահարկ՝ 50 հազ. դրամ, չի պահվել։ Օպերայի եւ բալետի թատրոնի տոմսարկղի միջոցով, բացի իրենց ներկայացումների տոմսերի վաճառքից, 1998 թ. եւ 99 թ. ընթացքում վաճառվել է նաեւ այլ կազմակերպությունների կողմից Երեւանի տարբեր համերգասրահներում կազմակերպված համերգների տոմսեր, ինչպես՝ Ալեգրովայի, Ալաբինայի, Տաթեւիկ Հովհաննիսյանի, «Բարեկամություն» եւ Պարի պետական համույթների եւ այլն։ Նշված համերգների տոմսերի իրացման վերաբերյալ պայմանագրերը թատրոնի հաշվապահությունում չկան եւ գումարները չեն մուտքագրվել։ Օպերայի եւ բալետի թատրոնի ներկայացումների տոմսերի վաճառքի մի մասը կատարվել է անհատ անձանց (լիազորների) միջոցով։ Ստացված հասույթների՝ դրամարկղ մուծման հետ կապված, խախտումները նույնպես շատ են։

Թատրոնում եղած արվեստի ստեղծագործությունները (կիսանդրիներ, նկարներ եւ այլ գործեր) հաշվառման քարտերում նշված չեն (ստացման տարեթվերը, հեղինակները)։ 99 թ. հունվարի 1-ի դրությամբ թատրոնի դեբիտորական պարտքերը կազմում են մոտ 11 մլն 76 հազ. դրամ, կրեդիտորական պարտքերը՝ 3 մլն դրամ։

Այսպիսին էր Օպերայի եւ բալետի թատրոնի նախկին տնօրեն Տ. Լեւոնյանի ֆինանսատնտեսական գործունեությունը (եւ սրանք դեռ բոլորը չեն, օրինակները բազմաթիվ են)։ Ըստ հավաստի աղբյուրների, այս մասին տեղյակ է ՀՀ դատախազությունը։ Սակայն դեռ ոչինչ չի նախաձեռնվում քրեական բնույթի գործունեության դեմ։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031