Ինչպես վկայում են գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարեւանները, նա շարունակում է դանդաղորեն (ինքը համեստորեն կասեր՝ ամբողջ իննը տարի) կառուցել իր «համեստ» տունը։ Անավարտ կառույցն, այնուամենայնիվ, արդեն ուրվագծում է իր վերջնական չափերը։ Քառահարկ շինությունը, որը հավանաբար շուտով կտանիքապատվի, վեր է խոյանում անմիջապես այն շենքի հարեւանությամբ, որտեղ գլխավոր դատախազի բնակարանը ընդամենը երկու հարկ է զբաղեցնում։ Ինչպես երեւում է, գլխավոր դատախազը սիրում է հիմնավոր կառուցել ընդարձակ բնակարաններ՝ ավտոտնակներով, բոլոր հարմարություններով։ Հարեւանները նաեւ պատմում են, որ օրերս նրա անունից շինարարության վրա աշխատող բանվորներից մեկը համառ բանակցություններ էր վարում բակի ավտոտնակներից մեկի տիրոջ հետ՝ հորդորելով նրան վաճառել իր ավտոտնակը Աղվան Հովսեփյանին։ «Խեղճը ախր երեք տղա ունի, պիտի տեղավորի չէ՞»,- բացատրում էր նա։
Իսկ տունը գտնվում է այն վայրում, ուր արտասանվել է «Ճուտո դառնալ իսկական կոմպոզիտոր» արտահայտությունը, այսինքն՝ Կոմպոզիտորների տան հարեւանությամբ։
Տ. Պ.
ԱՂՎԱՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարդացեք նաև
Իսկ մինչ այդ արձանագրենք նաեւ, որ ոչինչ մարդկային խորթ չէ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին։ Երեւանյան անտանելի շոգերին նա շատերի նման սիրում է այցելել սրճարան։ Հունիսի 11-ին Օպերայի շենքի հարեւանությամբ գտնվող սրճարանը պատիվ ուներ հյուրընկալելու այս բարձրաստիճան այրին։ Հարեւանությամբ գտնվող սեղանները զբաղեցրին նրա չորս թիկնապահները։ Ընդհանրապես, հայտնի դեպքերից հետո, թիկնապահների ինստիտուտը լուրջ զարգացում է ապրում։ Մի քանի մոդայիկ համարվող սրճարանները պարբերաբար ենթարկվում են թիկնապահների գրոհին։ Հետո հայտնվում է նրանց պաշտպանած անձը՝ ուրիշ թիկնապահների ուղեկցությամբ։ Անձը նստում է, սուրճ ու ինչ-որ սառը բան պատվիրում, մեկ-երկու խոսք փոխանակում ծանոթների հետ։ Այդ ամբողջ ընթացքում թիկնապահներն ամենաարտառոց վիճակում են։ Բացարձակապես չեն կողմնորոշվում՝ ի՞նչ անել։ Նրանցից ոմանք նույնպես տեղավորվում ու սուրճ են պատվիրում։ Մյուսները հարմար դիտակետ են ընտրում ու սկսում ըմբոշխնել կարճփեշ մատուցողուհիներին ու այցելուներին։
Ու ընդհանրապես հայտնի դեպքերից հետո թիկնապահների ինստիտուտը լուրջ զարգացում է ապրում դեպի անիմաստություն։
Ա. Գ.