ԼՂՀ պաշտպանության նախարարի հետ հանդիպումից առաջ խնդրեցի ՀՀ պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Անատոլի Զինեւիչին երկու խոսքով բնութագրել Սեյրան Օհանյանին, որի հետ նա աշխատել է Ղարաբաղում: Գեներալը նախ ճշտեց. «Չեմ աշխատել, ծառայել եմ: Աշխատել՝ նշանակում է ժամանակին գալ աշխատանքի, ժամանակին տուն գնալ, աշխատավարձ ստանալ: Իսկ ծառայել՝ նշանակում է կատարել քո պարտքը»: Հետո նոր պատասխանեց հարցիս. «Սեյրան Օհանյանը մեծ պարտքի եւ գեղեցիկ հոգու տեր մարդ է: Բացառիկ անհատ, ազնիվ ընկեր: Քաջարի սպա եւ խիզախ հրամանատար: Սեյրան Օհանյանին առաջարկված պաշտոնը լիովին համապատասխանում է նրա ինտելեկտին, գիտելիքներին ու կարողություններին, նրա ունակություններին: Որպես սպա, որպես գեներալ, որը պաշտպանել է Ղարաբաղը, նա արժանի է իր երկրի պաշտպանության նախարարը լինել»: Սա՝ հանդիպումից առաջ…
Գեներալ-մայոր Սեյրան Օհանյանը ծնվել է Շուշիում 1962-ին, ուսուցիչների ընտանիքում: Զինվորական կրթությունը ստացել է Բաքվի համազորային ռազմական ուսումնարանում, ծառայել է Ստեփանակերտում տեղակայված խորհրդային ԶՈՒ-ի 366 գնդում: 1988-ից մասնակցել է Ղարաբաղի պաշտպանության կազմակերպմանը, մասնավորապես Մարտակերտի ռազմաճակատում: Ծանր վիրավորվելուց հետո, 93-ի փետրվարից վերադարձավ բանակ, զբաղեցնելով ԼՂՀ Պաշտպանության բանակի շտաբի պետի, այնուհետեւ, 94-ի հոկտեմբերից, բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնները: 1997-ից գեներալ-մայոր Ս. Օհանյանը ստանձնել էր Հայաստանի ԶՈՒ-ի նորակազմ ստորաբաժանումներից մեկի հրամանատարությունը: Եւ ահա՝ ԼՂՀ պաշտպանության նախարար:
Սեյրան Օհանյանը նախ անդրադարձավ «Հայկական ժամանակ»-ի հրապարակմանը, որը թեեւ չէր կարդացել, բայց բովանդակությանը ծանոթ էր.
– Ի՞նչ է նշանակում «Սամվել Բաբայանը իր տեղը չի զիջել»: Նման եզրակացություն Ղարաբաղի իրականությանը անծանոթ մեկը կարող էր անել: Զիջելու կամ չզիջելու խնդիր չկա: Կան կառուցվածքային խնդիրներ: Երբ Սամվել Բաբայանը նշանակվեց ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնում, Ղարաբաղում պաշտպանության նախարարության կառույց չկար: Մեր հաստիքներում հենց այդպես էլ նշված էր՝ բանակի հրամանատար, պաշտպանության նախարար, փոխնախարար: Սամվել Բաբայանը, որպես հրամանատար եւ պաշտպանության նախարար, Ղարաբաղի անվտանգության եւ պաշտպանության խնդիրներից բացի, զբաղվում էր նաեւ քաղաքական գործընթացներով: Երբեմն դրանց մեջ նաեւ մենք՝ նախարարի տեղակալներս էինք ընդգրկվում: Բայց մեր հիմնական անելիքը բանակի կառույցների հետ էր կապված: Սամվել Բաբայանը, այո, այսօր իր պաշտոնավայրում, ՊԲ շտաբում է գտնվում, որը 92-ից ի վեր ձեւավորված կառույց է եւ զբաղվում է բանակի զորամիավորումների, զորամասերի ղեկավարման հարցերով, առօրյա գործունեության հարցերով: ՊՆ խնդիրները մի քիչ ուրիշ են:
Կարդացեք նաև
-Ուրեմն, որո՞նք են այդ խնդիրները եւ արդյո՞ք նորաստեղծ նախարարությունը առանձին շենք է ունենալու:
-Այո, պաշտպանության նախարարությանը շենք է տրամադրվել /Ազատամարտիկների պողոտայում, ԱԳ հարեւանությամբ, ուր 92-ին բանակի շտաբն էր: Այստեղ էր գտնվում ղարաբաղցիներին քաջ հայտնի «Յուպիտեր» ՓԲԸ-ն, որն, ասում են, տնօրինում է Ղարաբաղի տնտեսությունը- Ա.Բ./: Մեկ ամսից, երբ նորոգումը ավարտվի, կտեղափոխվենք: Շուտով կհաստատվի նաեւ ԼՂՀ ՊՆ կառուցվածքը: Նոր նախարարության աշխատանքները պետք է, ըստ իս, երեք ուղղությամբ ընթանան. առաջինը՝ անվտանգության, պաշտպանության եւ նրա ամրապնդման, երկրի մոբիլիզացիոն, զորահավաքային ռեսուրսների, մարտական պատրաստականության խնդիրներն են, երկրորդը՝ ուսումնական հաստատություններում, հասարակական կազմակերպություններում, մյուս ոլորտներում, ռազմահայրենասիրական դաստիարակության, հասարակության մեջ բանակի հեղինակության բարձրացման հարցերն են: Եւ իհարկե՝ քաղաքական բլոկը: Մեր ներքին կյանքում բանակի հեղինակության բարձրացման, արտաքին քաղաքականության մեջ՝ ղարաբաղյան կարգավորման խնդիրները:
– Ի դեպ՝ արտաքին քաղաքականության մասին:
– Ծանոթ եմ Երեւանում տարածված կարծիքին, իբր բանակի բաժանումը արվում է Սամվել Բաբայանին թուլացնելու, ազատագրված տարածքները վերադարձնելու նպատակով: Նման բան չկա: Մենք եղել եւ մնում ենք այն կարծիքին, որ Ղարաբաղն իր կարգավիճակով այլեւս Ադրբեջանի մաս չի կազմելու: Մնացածը բանակցային գործընթացի խնդիրներն են:
– Իսկ եթե, այդուհանդերձ, Ղարաբաղի զինվորականների տեսակետներին հակառակ քաղաքական որոշում ընդունվի, դուք, ի՞նչ է, դրան հակադրվելո՞ւ եք, ինչպես որ եղավ Հայաստանում:
– Հակառակ որոշումը բացառվում է: Մեր տեսակետները համընկնում են թե՛ Ղարաբաղի եւ թե՛ Հայաստանի քաղաքական ղեկավարության տեսակետների հետ: Վստահ եմ, որ երկրի անվտանգության եւ պաշտպանության հարցում տարաձայնություններ չկան եւ չեն էլ լինելու։ Ես զինվորական եմ եւ որպես պաշտպանության կառույցի ղեկավար ենթարկվում եմ նախագահին, ուրեմն ընդունում եմ նախագահի կողմից վարվող քաղաքականությունը։ Բայց, կրկնում եմ՝ ղարաբաղյան կարգավորման հարցում մենք բոլորս միակարծիք ենք։
– Ուրեմն հանգիստ լինենք՝ ոչ ոք Ղարաբաղը «ծախել» չի պատրաստվում: Դառնանք նախարարության խնդիրներին, ասենք, կադրային հարցերին: Հայտնի է, որ Սամվել Բաբայանը հսկայական դեր ուներ կադրային տեղաշարժերում, ընդ որում, թե՛ զինվորական եւ թե՛ քաղաքացիական ոլորտներում:
– ԼՂՀ Պաշտպանության նախարարը Կառավարության եւ Անվտանգության խորհրդի անդամ է, ուրեմն՝ կադրերի նշանակման գործում խորհրդատվական ձայնի իրավունք ունի: Բայց ինչպես այլ երկրներում, մեզ մոտ էլ կադրերի ընտրությունը երկրի նախագահի եւ կառավարության նախագահի իրավասության շրջանակներում է: Ես իմ իրավասությունների շրջանակներում իմ ձայնի իրավունքն օգտագործում եմ:
– Դուք 1997-ին եկաք Հայաստան: Ճի՞շտ է այն կարծիքը, որ ստիպված էիք դա անել, քանի որ Ղարաբաղում Ձեր մնալն այլեւս անհնար էր:
-Ոչ, ճիշտ չէ: Ես, ինչպես որ ասացի, ստանձնել էի Հայաստանի նորակազմ ստորաբաժանումներից մեկի հրամանատարությունը: Այսօր պետք է վերադառնամ Ղարաբաղ եւ ղեկավարեմ պաշտպանության կառույցը: Սամվել Բաբայանի հետ նորմալ հարաբերություններ եմ ունեցել, շատ հանգիստ բաժանվել ենք, հիմա էլ մեր հարաբերությունները նորմալ են:
– Ղարաբաղի բանակի հրամկազմի մի խումբ սպաներ վերադարձրել են իրենց շքանշանները՝ իբրեւ բողոք «նախագահի վարվող քաղաքականության»։ Բայց չէ՞ որ այդ շքանշանները ոչ թե ԼՂ նախագահի, այլ ժողովրդի գնահատականն է պատերազմի տարիներին իրենց ծառայության: Ի վերջո շքանշանը մետաղի կտոր չէ…
– Գտնում եմ, որ շքանշանների հանձնումը սխալ, պահի ազդեցության տակ արված քայլ էր։ Այդ պարգեւները իրոք ժողովրդի կողմից մեր սպաներին, նրանց հրամանատարության տակ կռված, զինվորներին տրված գնահատականն է, որը վավերագրվել է մեկ մարդու՝ հանրապետության նախագահի, ստորագրությամբ։ Դրանք ոչ թե մեկ անձի, այլ կոլեկտիվի, մարտական ընկերների, կռվող տղաների ծառայության խորհրդանիշներն են, որոնց հետ չի կարելի վարվել որպես սեփականություն։ Կարծում եմ, որ հրամանատարների հետ զրուցելուց հետո շքանշանները պետք է հետ վերադարձվեն։
– ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարի ուժն ու ազդեցությունը պայմանավորված էր նաեւ նրա ֆինանսական կարողություններով, ազդեցության ոլորտներ ունենալով։ Ըստ տարածված կարծիքի, Ղարաբաղի սեփականաշնորհված շատ օբյեկտներ պատկանում են Բաբայան ընտանիքին կամ նրանց մերձավոր շրջապատին։ Դուք նման լծակներ ունե՞ք Ղարաբաղում։
– Կարծում եմ, որ յուրաքանչյուր անձ սեփականություն ունենալու իրավունք ունի։ Ինչպիսին կլինի սեփականաշնորհման քաղաքականությունը հետագայում Ղարաբաղում՝ իմ խնդիրը չէ, այլ՝ կառավարության։ Եթե անօրինականություններ կան, դրանք պետք է ստուգվեն եւ օրենքի սահմանում լուծվեն։ Ընդհանրապես Ղարաբաղի համար ամենակարեւոր հարցը բոլորի հավասարությունն է օրենքի առաջ եւ արդարության վերականգնումը։ Այս հարցերը լուծելու համար ժամանակ է պետք։ Ինչ վերաբերում է ինձ, ապա իմ խնդիրը երկրի անվտանգության ապահովումն է ու բանակի հզորության ամրապնդումը։ Դրանք էլ համարեք իմ ազդեցության ոլորտները։
– Եվ վերջին հարցը, որը շրջանցել չեմ կարող։ Դուք մտերիմ եք եղել գեներալ Արծրուն Մարգարյանի հետ։ Համենայնդեպս նա բազմիցս խոստովանել է այդ մասին։ Հավատո՞ւմ եք հասարակությանը ներկայացվող ինքնասպանության վարկածին։
– Ո՛չ, երբե՛ք։ Լինելով Արծրուն Մարգարյանի մտերիմ ընկեր, տեսնելով նրան գրեթե ամենօրյա առնչությամբ, ես երբեք չեմ մտածել, որ Արծրունը երբեւէ կարող է ինքնասպան լինել։ Նույնիսկ ավելորդ եմ համարում դա ասել։ Ինչպե՞ս կարող էր յոթերորդ երեխան ունենալ ցանկացող հայրը ինքնասպան լինել։ Այսօր, երբ Արծրունը չկա, ոմանք թույլ են տալիս զանազան վարկածներ առաջ քաշել։ Իրավապահ մարմինների առաջարկվող վարկածն անընդունելի է ինձ եւ Արծրունի մյուս ընկերների համար։ Արծրունի մահից հետո նրան ամեն ինչ կարելի է վերագրել, ասենք, որ ինքը կրակել է իր ոտքերին, կրակել է իր վրա, այն էլ՝ երկու անգամ։ Ես դրան չեմ հավատում։ Երկու փամփուշտով է սպանվել… Ամբողջ գիշեր փնտրել եմ նրան, հաջորդ օրն առավոտյան ՆԳ աշխատողների հետ գտանք այն տեղում, ուր փնտրում էինք։ Արծրունին տեսա գետնին ընկած։ Երկու անգամ էլ երկու փամփուշտ են արձակել. առաջին դեպքում՝ երբ Արծրունի ոտքերին կրակեցին, եւ երկրորդ՝ կրծքին ու գլխին։ Կարծում եմ, որ ինչ մեծ կամքի տեր էլ մարդ լիներ՝ երկու անգամ ինքն իր վրա կրակել չէր կարող։ Դա գիտեմ, որպես մարդ, որը ծանր վիրավորվել է եւ այդ ցավն իր վրա զգացել։ Արծրուն Մարգարյանի մասին առաջին անգամ եմ մամուլում խոսում։ Զինվորական եմ եւ դրա իրավունքը չունեմ, բայց իմ ու Արծրունի ընկերներն այս ամենն արդեն ասել են։ Արծրունի սպանությունից հետո հրամանատարներով երկու անգամ դիմել ենք իրավապահ մարմիններին դիմումով, որ այդ գործին ճիշտ ընթացք տրվի։ Սպասում ենք։
ԱԼՎԱՐԴ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ
Հ. Գ. Ի գիտություն լրագրողների, հավելենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության կառուցվածքում նախատեսվում է նաեւ հեռուստատեսության եւ մամուլի բաժին ստեղծել։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խոստացել է, որ հնարավորին չափ բաց կլինի լրատվամիջոցների համար։ Հուսա՛նք։