Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ջերմուկը»՝ սփյուռքահայ խաղերի հորձանուտում

Օգոստոս 13,1999 00:00
jermuk

«Առավոտն» արդեն երկու անգամ անդրադարձել է «Ջերմուկ» ՓԲԸ-ի շուրջ ծավալված իրավիճակին, ներկայացնելով հիմնականում ամերիկահայ գործարար, «Ջերմուկ» ՓԲԸ-ի 50% բաժնետեր Կայծակ Զեթլյանի եւ Հայաստանում նրա լիազոր ներկայացուցիչ Սարգիս Հացպանյանի տեսակետները։

Երեկ Սարգիս Հացպանյանը եւ փաստաբան Արմեն Տեր-Տաճատյանը Ժուռնալիստի տանը մամուլի ասուլիս էին հրավիրել՝ գործի մանրամասներին ծանոթացնելու հայաստանյան այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Քանի որ մեր ընթերցողը ծանոթ է այս գործին, ներկայացնենք այս ասուլիսի ընթացքում հնչած թարմ մանրամասներ։

Ահավասիկ՝ Սարգիս Հացպանյանը հայտարարեց, որ Աշոտ Արսենյանի 50%-ի իրական գնորդը ոչ թե Հակոբ Սաբոնջյանն է, այլ մի երրորդ անձնավորություն, որի անունը պարոն Հացպանյանը հրաժարվեց տալ, չնայած լրագրողների համառ պահանջներին։

Կլոր սեղանի վրա շարված էին բազմաբնույթ պիտակներով «Ջերմուկ»-ներ, որոնք Սարգիս Հացպանյանը հայտարարեց «կեղծ», թեեւ դրա իրավունքը բացարձակապես չուներ։ Հայաստանում «Ջերմուկ» հանքային ջրի շշալցման մենաշնորհ գոյություն չունի եւ ցանկացած կազմակերպություն կարող է համապատասխան արտոնագրի առկայության դեպքում զբաղվել հանքային ջրի շշալցմամբ։ Կեղծ է համարվում միայն այն «Ջերմուկ»-ը, որը ինչ-որ մեկը պատրաստում է մեկ այլ կազմակերպության գրանցված ապրանքանիշով, այսինքն՝ խցանով, պիտակով եւ նույնատիպ շշով։ Սեղանի վրա շարված տասնյակ «Ջերմուկ»-ներն ունեին այլ խցաններ, պիտակներ եւ շշի տեսք, քան «Ջերմուկ» ՓԲԸ-ինը, եւ Սարգիս Հացպանյանին ոչ ոք իրավունք չէր տվել զբաղվել հակագովազդով։

Սարգիս Հացպանյանն այս վեճը ներկայացրեց իբրեւ հայ «քցող» գործարարի եւ ազնիվ արեւմտյան գործարարի վեճ։ Այս հանգամանքներում Սարգիս Հացպանյանը սպառնաց, որ դեպքերի հետագա ոչ ի նպաստ իրենց զարգացման դեպքում ինքը կզրկվի իր միջազգային գործարար վարկից եւ ոչ մի արտասահմանյան գործարար այստեղ ոչ մի դոլարի ներդրում չի կատարի։ Մինչդեռ հիշեցնենք, որ այս վեճը այլեւս տեղափոխվել է այլ հարթություն, քանի որ արդեն երեք ամիս է, որ «Ջերմուկ» ՓԲԸ-ի մյուս 50%-ի փայատերը Հակոբ Սաբոնջյանն է եւ այժմ Հակոբ Սաբոնջյանն էլ է բողոքում իր իրավունքների ոտնահարման դեմ։ Թեեւ Հակոբ Սաբոնջյանն ունի 50%, սակայն նա զրկված է գործարանի կառավարմանը մասնակցելու իրավունքից։

Պարզվեց, որ սրահում բացի լրագրողներից, ներկա է նաեւ Աշոտ Արսենյանի եղբայրը՝ Սամվել Արսենյանը։ Սարգիս Հացպանյանի բազմաթիվ պնդումներին, թե իրենցից առաջ անազնիվ են աշխատել, չեն վճարվել հարկերը, Սամվել Արսենյանը մի հարց տվեց. «Մայիս ամսից գործարանի կառավարումը գտնվում է ձեր ձեռքում։ Ազնվությունից եք խոսում, բայց միայն հուլիս ամսին ձեր գործարանի արտադրած 1 միլիոն շշից կեսը թաքցվել է հարկային մարմիններից։ Հարկայինը 17 հազար դոլարի տուգանք է դրել ձեր վրա»։

Ասուլիսին միջամտեց նաեւ 1996-1997 թթ. «Ջերմուկ» ՓԲԸ-ում Կայծակ Զեթլյանի լիազոր ներկայացուցիչ Զավեն Կիրակոսյանը, ըստ որի «Ջերմուկ»-ի եկամուտների մեծ մասը երկկողմանի պայմանավորվածությամբ ուղղվել է արտադրության վերազինմանը. «Կայծակ Զեթլյանի ուղարկած հոսքագծերը 6-7 ամսում շարքից դուրս եկան։ 900 հազար դոլար է ներդրվել Իտալիայից՝ նոր հոսքագծերի ձեռքբերման համար։ Այժմ այդ գործարանը Հայաստանի տեխնիկապես լավագույնս զինված գործարաններից է»։ Մեր այն հարցին, թե որքանո՞վ են ճիշտ Սարգիս Հացպանյանի այն պնդումները, թե ներդրման պահից ի վեր Կայծակ Զեթլյանը ոչ մի ցենտ չի ստացել, պարոն Կիրակոսյանը պատասխանեց. «Երբ Կայծակ Զեթլյանին սրտի նոպայով տեղափոխեցին հիվանդանոց…», այստեղ պարոն Հացպանյանը միջամտեց. «Նրան է տրվել 50 հազար դոլար»։ Զավեն Կիրակոսյանը հաստատեց դա, ասելով, որ դա եղել է իր ներկայությամբ, եւ եթե պարոն Հացպանյանը տեղյակ էր այդ փաստին, ինչու է «Առավոտին» հակառակը հաղորդել։ Սարգիս Հացպանյանն ասաց, որ ինքը թերթին նման բան չի ասել։ Որպես նախորդ հոդվածների հեղինակ՝ ասեմ, որ Սարգիս Հացպանյանը դա կրկնել է մի քանի անգամ։

Մեր ունեցած այլ տեղեկատվությամբ, Վայոց ձորի դատարանի որոշումից հետո դաշնակցական Կայծակ Զեթլյանը դիմել է ԱՄՆ պետդեպարտամենտին եւ անձամբ դեսպան Մայքլ Լեմոնին՝ պաշտպանելու իր իրավունքները։ Այս պահին կարելի է արձանագրել, որ ՀՅԴ անդամ Կայծակ Զեթլյանը խաղում է ոչ միայն Հայաստանի գործարար վարկի հետ, այլ հարվածի տակ է դրել բուն «Ջերմուկ» ՓԲԸ-ի գործունեությունը, սպառնալով եւս մի քանի ընտանիքների գոյությանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031