Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵՂԻՆ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Օգոստոս 13,1999 00:00
Aram Abrahamyan

Սկզբի համար ճշգրտենք տերմինները.

Պետական մտածելակերպ – իշխանավորների ու կուսակցապետերի նկատմամբ հիացական, հրճվալից վերաբերմունք, նրանց անձերի եւ գործերի չդադարող փառաբանում:

Ցինիզմ – իրերը կոչել իրենց անունով, պետական եւ քաղաքական գործիչների ասածները «հալած յուղի» տեղ չդնել, «փչովի» հեղինակություններին պսակազերծել:

Դեղին մամուլ – մամուլ, որտեղ չկա պետական մտածելակերպ եւ ընդհակառակը՝ առկա է ցինիզմը:

Բնականաբար, հետաքրքիր է իմանալ, թե որտեղից են առաջացել այդ երեւույթները հայ իրականության մեջ: Մեր գրավոր խոսքի հետ նույնիսկ թեթեւակի ծանոթությունը ցույց է տալիս, որ ցինիզմն ու պետական մտածողության բացակայությունը նկատվում էին հայոց ողջ պատմության ընթացքում: Այդպես, գնալով դարերի խորքը, հասա հիշյալ պախարակելի երեւույթի ակունքներին: 15 դար առաջ պետական մտածողության իսպառ բացակայություն եւ ազգային արժեքների ու սրբությունների նկատմամբ ցինիկ արհամարհանք է դրսեւորել մի եպիսկոպոս, որի անունը բոլորդ լսած կլինեք՝ Մովսես Խորենացին: Ահա թե ինչ էր նա գրում.

«Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր»: Ինչպե՞ս կարելի է նման բնութագիր տալ Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, որոնք առաքինության եւ մաքրության մարմնավորումն են:

«Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:

Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:

Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ»:

Բա մեր իշխաններն այդպիսի՞ն էին: Նրանք, կարելի է ասել, օր ու գիշեր չէին իջնում իրենց թանկարժեք նժույգներից եւ քափուքրտինք մտած մտածում էին ժողովրդի ծանր սոցիալական վիճակի մասին:

«Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անհաստատ, հակառակող»:

Ինչպես տեսնում եք, Մովսես Խորենացու հրապարակած լրատվությունը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, դեղին մամուլին հատուկ ստահոդ լուրեր է տարածում եւ պահանջում է հերքում՝ «Հայոց հակապատմություն» գրքի տեսքով մեկ ամիս ժամկետում եւ նույն ծավալով:

Ա. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031