Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԻՍՏ ՈՒ ԿԱՑ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Օգոստոս 13,1999 00:00
Vazgen Sargsyan

Կառավարության հերթական նիստն անցավ գրեթե առանց ընդմիջման։ Տպավորությունն այնպիսին էր, որ կառավարությունը որոշել է իր այս նիստում գտնել բոլոր հարցերի պատասխանները:

Քանի որ լրագրողները նիստին անմիջական մասնակցելու իրավունք չունեն, մնում էր սպասել նիստի ավարտին, ծանոթանալ օրակարգին եւ առաջնորդվելով հայկական-ժողովրդական «քթի ծակ ունես» արտահայտության մոտիվներով, փորձել մի կերպ լուսաբանել նիստը։

Օրակարգը խիստ հագեցած էր։ Հիմնական կետերից բացի կառավարությունը հասցրեց լսել ու հաստատել մի քանի լրացուցիչ հարցեր եւս։

Նիստի առավել հետաքրքրական մասն այն էր, երբ կառավարությունը որոշում կայացրեց հանրապետության բազմաթիվ գյուղերի ղեկավարների լիազորությունների վար դնելու մասին։ Կոտրած տաշտակի առաջ հայտնվեցին Լոռու մարզի Չկալովկա գյուղի գյուղապետը, Արմավիրի մարզի Մրգաշատի, Արարատի մարզի Արեւշատի եւ Այգավանի, Գեղարքունիքի մարզի Լճավանի, Վերին Շորժայի, Կալավանի, Ծաղկաշենի, Արմավիրի մարզի Շենավանի, Նորավանի, Գետաշենի, Ձերժինսկու, Լուկաշինի, Փարաքարի, Աղավնատան գյուղապետերը։ Վարչապետն անդրադառնալով գյուղապետերի խնդրին, նշել է, որ պետական կառավարման համակարգը լուրջ վերանայման կարիք ունի։ Համայնքապետերը պատասխանատվության ամրագրված շատ փոքր դաշտ ունեն եւ գործում են կամայականության սկզբունքներով։ Այս ամենը շատ նման է Երեւանի նոր քաղաքապետ Ալբերտ Բազեյանին ներկայացնելու պահին Վազգեն Սարգսյանի արտահայտած այն մտքին, թե մայրաքաղաքը պետք է կառավարվի մեկ կենտրոնից, ունենա ընդհանուր բյուջե եւ վարի ընդհանուր քաղաքականություն։ Այնուհետեւ, թաղապետերին մի տեսակ զգուշացման պես ազդարարվեց, թե թող վերջիններս իրենց բդեշխ չզգան եւ ոչ էլ համայնքները՝ բդեշխություն. պետք է գործի թիմային սկզբունքը։ Այն, որ տեղական ինքնակառավարման մասին օրենքն անկատար է եւ ունի բազմաթիվ խոցելի տեղեր, հայտնի է։ Հնարավոր է, բոլոր այս կարգի հայտարարությունները տանում են նրան, որ փոփոխություններ կատարվեն վերոհիշյալ օրենքում։

Իսկ առայժմ, վարչապետը շեշտել է, որ տեղական բյուջեների հավաքագրումն իրականացվում է զգալի թերություններով եւ շատ վատ, իսկ համայնքապետերը գրեթե ոչ մեկի առաջ հաշվետու չեն։ Կրկին նշվեց, որ համայնքներին տրվելիք դոտացիաները կհատկացվեն հաշվի առնելով տեղական բյուջեների հավաքագրման մակարդակը։ Որոշ համայնքներում նախատեսված բյուջեների հավաքագրումը չի անցնում 1-1,5%-ից։ Բյուջեի այս վատ կատարումը բացատրվեց համայնքի ղեկավարների անպատասխանատվությամբ։ Իհարկե, դա էլ կա, բայց այն, որ գյուղացին անվճարունակ է եւ հողի հարկը չի կարողանում վճարել, առայժմ չնշվեց որպես անուրանալի իրողություն։

Ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին բյուջետային վարկ տրամադրելու մասին։ Վարչապետը խնդիր դրեց խստորեն վերահսկել պետական ձեռնարկությունների՝ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին ունեցած պարտքերի ուսումնասիրությունը։

Մեկ այլ՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի վերաբերյալ եւս կառավարությունը որոշում կայացրեց՝ հաստատեց «ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի կառավարման խորհրդի նոր կազմը եւ երկրորդ՝ ուժը կորցրած ճանաչեց ՀՀ կառավարության «ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամ» ՊՓԲԸ ստեղծելու մասին թիվ 731 որոշումը։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031