Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՎԵՐԺ ՊԶԶԵՑՈՒՄ

Օգոստոս 12,1999 00:00
haytararutyun

Բոլոր իրադարձություններն ու հերոսներն այս պատմության մեջ հորինված են, ներառյալ ինքս։ Եթե որեւէ իրավիճակ կամ գաղափար ծանոթ թվա, ուշադրություն մի դարձրեք։

Մարդկության աստղային ժամերին զուգահեռ գոյություն ունեն պահեր, որոնք լի են տիեզերական թախիծով։ Ի՞նչ է տիեզերական թախիծը։ Զգայական ընկալման մակարդակով ամենահանրամատչելի նկարագրությունը հետեւյալն է. «Զարթնում ես բոլոր ցավերիդ հետ միաժամանակ, արեգակն ընկալում ես որպես բացարձակ սեւ մարմին, իսկ տրամադրությունդ այնպիսին է, կարծես Հայրենիքդ ծախած լինես»։ Այս տողերի հեղինակ Վլադիմիր Քրիստափորի Դելակրույանը մի օր ներկայացավ ԱԲՇ* ակտիվի հերթական ընդհատակյա նիստին եւ հայտարարեց. «Քաջե՛ր։ Երեկ օղորմածիկը խնդրեց երկար ապրել, եւ եթե դուք վաղը ինձ չօգնեք, այդ արժանի անձնավորությունը այդպես էլ կմնա սեղանի վրա։ Ուրեմն, ի գո՛րծ»։

Հրամանները չեն քննարկվում։ Հաշված վայրկյանների ընթացքում հեղափոխական բյուրոն վերածվեց թաղման բյուրոյի եւ մշակեց կոնկրետ ծրագիր. «օղորմածիկին» դնել փոսի մեջ եւ հողով ծածկել։ Այսքանը՝ ռազմավարական մասով։ Ինչ վերաբերում է մարտավարականին, թաղման բյուրոն որոշեց Longus-ին գործուղել դեպքի վայր, որպեսզի նա ռեալ ժամանակում այդ բարդակին մեռելատան տեսք տա եւ ապահովի գործի գեղարվեստական մասը։ Պետք է նշել, որ Longus-ը գերազանցեց բոլոր սպասումները, եւ երբ մենք մոտեցանք դեպքի վայրին, սգի եւ երկյուղի մեջ էր ամբողջ թաղամասը։ Ձայնագրման կետերից հնչում էին Մոցարտի, Վերդիի, Քերուբինիի (որտեղից էր ճարել, Աստված գիտե) «Ռեքվիեմ»-ները, Ալբինիոնիի «Ադաջիո»-ն եւ ինչ-որ լակրիմոզա՝ Արամ Ասատրյանի կատարմամբ։ Տիեզերական թախիծը երաշխավորված էր… Հարեւանների մեծամասնությունն արտասվում էր այն պատճառով, որ այդպես էլ բախտ չեն ունեցել ճանաչելու հանգուցյալին։

Մի քանի խոսք հանգուցյալի մասին։ Ընդհանրապես, ինչքան ավելի է արժանի լինում մարդ արարածը, այնքան ավելի կարճ կարելի է նրան բնութագրել։ Եթե աքսորի մեկ տարին համարենք երկու տարվա աշխատանքային ստաժ, ապա ստացվում է, որ «օղորմածիկն» ավելի շատ աշխատել է, քան՝ ապրել։ Պատճառը մեկն էր՝ հանգուցյալը ֆազով չէր համընկնում սովետական իշխանության հետ, բայց նրանից լավ այդ իշխանության պատմությունը ոչ ոք չգիտեր։ Աքսորներից նա հայրենիք բերեց մի շարք անհատակ խորության մտքեր, որոնք այդպես էլ չկարողացավ բառերով արտահայտել, եւ, իհարկե, անպատասխան սերը հայրենիքի հանդեպ։ Նա էր, որ մանուկ Քրիստափորիչին հուշեց ԱԲՇ* հիմնաքար միտքը. ոչ մի գործ ավարտին մի հասցրու, որպեսզի չիմանան ինչի համար նստեցնեն։

Չեմ ցանկանում երկար նկարագրել հուղարկավորությունը։ Մենք ուղղակի վերցրինք մեր անցյալը եւ տարանք դեպի մեր ապագան…

Այնուամենայնիվ, բոլորիս ինչ-որ բան տարօրինակ էր թվում։ Միառժամանակ անց, երբ հոգեհացի էինք նստել, «Կատաստրոֆ» Աշոտը թեքվեց ականջիս եւ շշնջաց. «Ռոբ ջան, ամեն ինչ լավ էր, բայց շատ արագ արվեց։ Ամբողջ թաղումը տեւել է տասներկու րոպե։ Ենթագիտակցորեն հասկանալի է, տիեզերական թախծից ազատվելու համար տիեզերական արագություն ենք զարգացրել, բայց որքանո՞վ հարմար էր դամբանական ճառ արտասանելու փոխարեն երգել «Վերադարձիր Սորենթո»։ Եթե նույնիսկ ճիշտը դա է, ապա, կարծում եմ, պետք է արվեր հողով ծածկելուց առաջ, ոչ թե հետո»։ Աշոտի խոսքերից ես եզրակացրի, որ նա ծածուկ շարունակում է ենթարկվել տրամաբանությանը եւ կյանքի փորձին, մի բան, որ դեմ է ԱԲՇ* կանոնադրությանը։ Վշտացրեց ինձ «Կատաստրոֆ»-ը… Բայց վիշտս երկար չտեւեց։ Երբ արդեն գինովցած, ուս-ուսի տված, ցարծաձայն երգում էինք «Չիֆիր սարքիր, Հորա՛ցիո, Դանիան բանտ է», մյուս ականջիս թեքվեց «Բիձա» մականունով ոմն Կարեն եւ գոռաց. «Ես միայնակ մարդ եմ… Եթե մի օր տարերային աղետից կամ ծերությունից մեռնեմ, ինձ էլ այս նույն սցենարով պզզեցրեք։ Սա ե՛ւ խնդրանք է, ե՛ւ հրաման»։ Քրիստափորիչն ինձ անմիջապես տեղեկացրեց, որ բղավողը Տարերային աղետների նախարարության Պանիկայի բաժնի վարիչն է եւ, ընդհանրապես, արժանի անձնավորություն, որն անձամբ ճանաչել է Օ՜Ջալոյանցին։ Խորին ակնածանքով լցված, ես բաժակ բարձրացրի եւ շշնջացի. «Կպզզեցնե՛նք, ջիգյա՛ր, էնպե՛ս պզզեցնենք, որ հոգիդ փառավորվի… Իսկ հիմա առաջարկում եմ խմել այն ընկերների կենացը, որոնց պզզեցրել ենք մինչեւ այժմ։ Օ՜Ջալոյանց, ականջդ կանչի, մենք բոլորս կամաց-կամաց գալիս ենք…»։

ՌՈԲԵՐՏ ԶԱՀՐՈՒՄՅԱՆ

*ԱԲՇ (Ազգային բրոունյան շարժում) – Դարի հիմնական կուսակցությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031