Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՂԸ ԳՐԱՎԱԴՐՎԵԼ Է

Օգոստոս 12,1999 00:00
hoxataracq

Ի պատասխան «Առավոտի» 30.06.99 թ. «Գոռը հողը գրավ չի դրել» հոդվածի՝ «Հայ գործարարների ընկերությունը» իր պարտքն է համարում տեղյակ պահել այն մասին, որ «Նարգիզ» ՍՊԸ-ի նախագահ պրն Գոռ-Իշխանիկ Մարտիրոսյանը լրագրող Ռուզան Մինասյանին 30.06.99 թ. տեղեկություններ տալով՝ «մոռացել» է այն փաստաթղթերի մասին, որոնք ընկած էին Մալաթիա1-Սեբաստիա 1-ին ատյանի դատարանի վճռի հիմքում։

Նախ եւ առաջ պետք է նշել, որ պրն Գ.-Ի. Մարտիրոսյանը սույն հոդվածում հղում է պաշտոնական փաստաթղթերի, պայմանագրերի մի մասին միայն, եւ պարզ է, այն մասին, որն իրեն ձեռնտու է։ Մինչդեռ առաջին ատյանի դատարանը գործի հանգամանալից քննման ժամանակ հիմնվել է փաստաթղթերի ամբողջ փաթեթի վրա։

Հոդվածում չի նշվում հողի կարգավիճակի մասին տեղեկանքը, որը տրված էր գյուղխորհրդի նախագահի (Ս. Փամբուկչյան) կողմից, եւ որը պրն Գոռ-Իշխանիկ Մարտիրոսյանը վավերացրել է իր կնիքով (շատ հետաքրքիր փաստ)։ «Գործարար առաջարկի» յուրաքանչյուր էջը վավերացված է պրն Գոռ-Իշխանիկ Մարտիրոսյանի ստորագրությամբ եւ իր («Նարգիզ» ՍՊԸ-ի) կնիքով։

Վերոնշյալ փաստաթղթերում, որոնք «Վարկային պայմանագրի» անբաժանելի մասն են կազմում, հողը նշվում է որպես «Նարգիզ»-ի սեփականություն։ Եվ, վերջապես, «Վարկային պայմանագրում» միարժեք նշված է, որ սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն կրում է վարկառուն։ Ինչպես հայտնի է, գյուղատնտեսական վարկերը տրվում են նպատակային օգտագործման նպատակով, եւ դրանց տոկոսադրույքը շատ ավելի ցածր է, քան սովորական առեւտրային վարկերինը։ Այդպիսին էր նաեւ «Հայ գործարարների ընկերության» կողմից պրն Մարտիրոսյանին տրամադրված վարկը։ Այդ վարկի նպատակն էր՝ խթանել ֆերմերային տնտեսությունների զարգացումը եւ լրացնել շրջանառության մեջ գտնվող կապիտալը։ Այդ իսկ պատճառով «Գործարար առաջարկը» հանդիսանում է վարկային պայմանագրի անբաժանելի մասը։ Բացի այդ, վարկային պայմանագիրը լրացվում է նաեւ համապատասխան փաստաթղթերով, որոնք լրացնում եւ հստակեցնում են պայմանագրի կետերը։ Ինչպես նաեւ պահանջվում են անհրաժեշտ տեղեկանքներ, որոնք վարկառուն պարտավոր է ներկայացնել՝ վարկ ստանալու համար։

Պետք է ասել, որ վերոնշյալ փաստաթղթերում պրն Գ. Մարտիրոսյանը 1500 քմ հողը նշում է որպես «Նարգիզ» ՍՊԸ-ի սեփականություն։ Հենց այս փաստաթղթերի վրա հիմնվելով «գործարար» Գ.-Ի. Մարտիրոսյանը կարողացել է մոլորության մեջ գցելով «ԵԱՆՍ» ֆիրմայի փորձագետներին եւ «վճարելով 62.5 ԱՄՆ դոլար», ստանալ իրեն անհրաժեշտ գնահատումը՝ 25000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ անասնագոմերի եւ հողի համար։

Այս գնահատումը ճանապարհ է բացում «գործարար» Գ.-Ի. Մարտիրոսյանի համար, եւ նա հաջողությամբ հասնում է իր նպատակին՝ ստանում է վարկը։ Այս վարկը փոքր գումար չէր կազմում՝ 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (կանխիկ)։ Սակայն գումարի օգտագործումը նպատակային չէր։ Ուշադրություն դարձրեք հետեւյալ դարձվածքի վրա, որը պրն Գ.-Ի. Մարտիրոսյանը օգտագործում է (այս անգամ էլ մոլորության մեջ գցելով լրագրողին՝ Ռուզան Մինասյանին). «… սակայն, ըստ «Նարգիզ»-ի նախագահի, ինքը ստիպված է լինում վաճառել անասունները՝ ինչ կար-չկար 3000 դոլար էր»։ Հարց է ծագում՝ ո՞ւմ գումարներով էին գնված այդ անասունները։ Չէ՞ որ գնված էին վարկատուի փողերով, եւ վարկառուն առանց վերջինիս համաձայնության իրավունք չուներ վաճառելու դրանք։ Սակայն պրն Գ.-Ի. Մարտիրոսյանը շտապում է վաճառել, քանզի լավ է հասկանում, որ հողի բացակայությամբ իր անասնագոմը երբեք չի կարող արժենալ 15000 ԱՄՆ դոլար, որը նա արդեն հասցրել էր յուրացնել հաջողությամբ։ Այդ անասնագոմի երեք անկախ փորձագիտական գնահատումները տվեցին հետեւյալ թվերը՝

1. 7000-8000 ԱՄՆ դոլար («Անշարժ գույքի բորսա»),

2. 7200 ԱՄՆ դոլար («Հայէքսպերտիզա»),

3. 8300 ԱՄՆ դոլար («Պաս» գործակալության գնահատումը, որը նշված էր թերթի հոդվածում)։

Վերջին գնահատումը տրված է «Մալաթիա-Սեբաստիա» 1-ին ատյանի դատական վճռում։ Եվ պրն Մարտիրոսյանը տեղեկացնում է լրագրողին՝ «Դատավոր Ս. Ուզունյանի որոշմամբ գործն ուղարկվում է… դատախազություն»։ Բայց այստեղ եւս նա «մոռանում է հայտնել» լրագրողին, թե ում միջնորդագրով է դատավորը դիմել դատախազություն։ Հենց ինքը՝ պրն Գ.-Ի. Մարտիրոսյանն է միջնորդել դատավորին, եւ դատավորը բավարարել է այդ միջնորդությունը։ Ոչ դատավորը (Ս. Ուզունյան) եւ ոչ էլ «Հայ գործարարների ընկերությունը» «տնտեսական գործը» չէին ցանկանում մոտեցնել քրեական գործին՝ «Հայ գործարարների ընկերությունը» վեճը տնտեսական ասպարեզից չի ցանկանում հեռու տանել։

Ե՛վ դատական, ե՛ւ դատախազության քննությունը միարժեք ապացուցեցին, որ պրն Մարտիրոսյանի գույքը միայն անասնագոմն է, նրան հարակից անավարտ շինությունները եւ էլեկտրաենթակայանը, որոնք միասին երբեք չէին կարող ունենալ վերոնշյալ գինը։

Այսպիսով, «Հայ գործարարների ընկերությունը» 15000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով վարկ տրամադրելով պրն Գ.-Ի. Մարտիրոսյանին, վնաս է կրել, եւ համաձայն ՀՀ գրավի մասին օրենքի, պետք է ստանա իր կորցրած գումարի մասնակի փոխհատուցումը՝ գոնե բնաիրային տեսքով։ Այս փոխհատուցումը կարող է լինել միայն գրավադրված գույքով, այսինքն՝ անասնագոմերով, կիսակառույց շինությամբ եւ վարկառուին պատկանող սեփականության այլ ձեւերով, որոնք իսկապես պրն Գ.-Ի. Մարտիրոսյանի սեփականությունն են հանդիսանում։

Պետք է նշել, որ սույն վեճը իր ավարտն է ստացել միայն 1-ին ատյանի դատարանում, եւ պրն Գ.-Ի. Մարտիրոսյանի բողոքը պետք է լսի տնտեսական հարցերով վերաքննիչ դատարանը։ Մանրակրկիտ ուսումնասիրության, դատական հետազոտության, անկախ փորձագիտական եզրակացության օբյեկտիվ գնահատման արդյունքում առաջին ատյանի դատարանում կայացվել է այն վճիռը, որը մասնակիորեն փոխհատուցում է «Հայ գործարարների ընկերության» վնասները։

Ս. ԿՈՒԶԻԿՅԱՆ

«Հայ գործարարների ընկերություն» ԲԲԸ գործադիր տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031