Նախարարներն էլ մեզ նման հասարակ մահկանացուներ են ու շատ բաներ, առավել հաճախ՝ իրենց վստահված ոլորտից, չգիտեն։ Սակայն սույն հանրահայտ իրողությունը դեռ ոչ մի նախարար չի ընդունել։ Ավելին, իրենց չիմացած բաները որպես անառարկելի ճշմարտություններ հրամցնելու հարցում նախարարներին, հասարակ մահկանացուներս, մրցակից լինել չենք կարող։
Բայց խեղճերն իրենք էլ մեղք չունեն իրենց անտեղյակության համար։ Անտեղյակ նախարարները մեր պետության գլխավոր այրերի ճաշակով են, քանի որ այնպիսի հաճախականությամբ են նրանց փոխում, որպեսզի չհասցնեն իրենց բնագավառին ծանոթանալ։ Նման կադրային քաղաքականությունը հաստատ մի ազգօգուտ նպատակ ունի, պարզապես հասարակ մահկանացուներս դեռ գլխի չենք։ Բայց մեծահոգաբար չենք նեղանում մեր հարազատ ղեկավարությունից, այլ ջանում ենք օգնել ու աջակցել իրենց ժողովրդասեր առաքելության մեջ։
«Առավոտի» թղթակցիս սրտին դարդ էր եղել, որ կրթության ու գիտության նախարարս որոշ հարցերի առնչությամբ թյուրիմացության մեջ է։ Ու չնայած պարոն նախարարի ամենասիրած փաստարկն այն է, որ ինքը, ի տարբերություն մյուսների, նոր մարդ չէ այս համակարգում եւ բնագավառին ծանոթանալու խնդիր չունի, սակայն հուսով ենք, որ մեծահոգաբար կների լրագրողիս՝ իր անտեղյակությունը շտկելու այս համեստ փորձի համար։ Մի հարգելի արդարացում ունեմ. սա արվում է միմիայն՝ նախարարին իր բոլոր իրավունքների մասին տեղյակ պահելու ազնիվ ցանկությամբ (մանավանդ որ, հիմա գլուխը լա՜վ խառն է, բացի քննություններից դժվար ուրիշ բանի համար ժամանակ ունենա)։ Թե չէ, մի քանի օր առաջ, բուհերի ընդունելության քննությունների մոտ երկու տասնյակ լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ, պարոն Ղազարյանն այնպիսի խեղճացած տոնով արդարացավ, որ ինքը Ռուս-հայկական պետական համալսարանի գործերին միջամտելու ոչ մի իրավունք չունի, որ մտքովս նույնիսկ անցավ, որ ժամանակն է նախարարների իրավունքների պաշտպանության ֆոնդ ստեղծել։ Սեփական իրավունքների մասին նախարարի թյուր պատկերացումները շտկելու «Առավոտի» փորձերն այն ժամանակ չգնահատվեցին։ Ընդհակառակը, տեղիք տվեցին այնպիսի պնդումների, թե մեր պետությունը, բուհի հանդեպ որոշակի պարտավորություններ (ասենք՝ պետբյուջեից մոտ 300 մլն դրամի հատկացում) ունենալով հանդերձ, չունի եւ ոչ մի իրավունք։
Եռանդով դրանում էր փորձում համոզել նախարարը՝ ի արդարացում լրագրողիս ներկայությունը Ռուս-հայկական համալսարանի քննություններին արգելելու փաստին։ Փոխանակ իր իսկ ղեկավարած հանրապետական ընդունող հանձնաժողովի տված լիազորագիրը չհարգելու դիտավորությամբ կամ թյուրիմացությամբ մտահոգվելու, նախարարը պնդում էր, որ եթե օրենքով նայենք, իրենք Ռուս-հայկական համալսարանի քննություններով կամ ուսումնական ծրագրերով հետաքրքրվելու ոչ մի իրավունք չունեն։ Ստացվեց, որ եթե անգամ ինչ-որ մեկին դա հաջողվում էլ է, ապա միայն շնորհիվ բուհի ռեկտորի հանդուրժող բարյացակամության։ Պարոն Ղազարյանը Ռուս-հայկական համալսարանը նույնիսկ համեմատեց Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ, հավատացած, որ դրանք նույն կարգավիճակն ունեն, եւ դեռ մեղադրեց էլ, թե ինչու մինչ օրս մտքներովս չի անցել հետաքրքրվել Ամերիկյան համալսարանի քննություններով եւ ուսման որակով։ Եվ դա այն դեպքում, որ Ամերիկյան համալսարանին մեր պետությունը մի ճոխ շենք է հատկացրել, իսկ՝ Ռուս-հայկական համալսարանի հանդեպ իր պարտավորությունները մի կարգին չի կատարել։ Մոտ 300 մլն դրամ հատկացումն ի՞նչ է որ, Ամերիկյան համալսարանի ճոխ շենքի համեմատությամբ։
Կարդացեք նաև
Կրթության եւ գիտության նախարարին ասենք, իմանա, որ իր ղեկավարած նախարարությունը չգիտենք, բայց «Առավոտը» անդրադարձել է Ամերիկյան համալսարանի ուսման որակին՝ չնայած այն եւ Ռուս-հայկական համալսարանն ամենեւին էլ միեւնույն կարգավիճակը չունեն։
Նախարարին տեղ թողնելով ավելի մանրամասն ծանոթանալ այդ երկու բուհերի գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերին՝ որոշ ակնհայտ տարբերություններ, այնուամենայնիվ, հասարակությունից գաղտնի չենք պահի։ Լուսաբանողի մեր առաքելությանը հավատարիմ՝ չալարեցինք վերընթերցել «Առավոտի» հրապարակումները՝ Ռուս-հայկական համալսարանի ստեղծման համաձայնագիրը մանրամասնող պետական այրերի պարզաբանումներով։ Չբացահայտելով նպատակներս՝ հավելյալ ճշտումների համար դիմեցինք նաեւ կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանին, որի օրոք է կնքվել պայմանագիրը։
Հայաստանի ամերիկյան համալսարանը, այսպես ասած՝ հասարակական նախաձեռնության ծնունդ է, իսկ Ռուս-հայկական համալսարանը ստեղծվել է միջկառավարական համաձայնագրի հիման վրա։ Հայաստանի ամերիկյան համալսարանը տարբեր երկրներում գործող ամերիկյան համալսարաններից մեկն է, որ ստեղծվել է Հայ բարեգործական ընդհանուր միության եւ Կալիֆոռնիայի համալսարանի համագործակցությամբ։ Փաստորեն, այն գործում է Կալիֆոռնիայի համալսարանի ուսումնական ծրագրերով, որպես ոչ պետական բուհ եւ նրա տված դիպլոմի համար մեր պետությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում ու դրա հանդեպ որեւէ պարտավորություններ չունի։ Պետությունը համալսարանին շենք տրամադրելուց բացի այլ դերակատարում չունի։ Մինչդեռ Ռուս-հայկական համալսարանը պետական բուհ է, ինչպես մեր մյուս պետական բուհերը՝ իրավունքների ու պարտականությունների նույն սահմաններում։ Համաձայնագրում հստակ գրված է, որ համալսարանը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության համատեղ վարման բարձրագույն ուսումնական հաստատություն եւ օգտվում է ՌԴ-ի եւ ՀՀ-ի պետական համալսարանների կարգավիճակից։ Համալսարանին առնչվող բոլոր հարցերը (նյութատեխնիկական, ֆինանսական, ուսումնամեթոդական ապահովման, ինչպես նաեւ դիմորդների մրցութային ընտրության պայմանների եւ կարգի որոշակիացման) պետք է լուծվեն միայն համատեղ՝ այդ նպատակով ստեղծված մշտական հանձնաժողովի միջոցով, որի համանախագահներն են, ի դեպ, ՀՀ կրթության եւ գիտության նախարարն ու ՌԴ ընդհանուր եւ մասնագիտական կրթության նախարարը։
Համատեղ է հաստատվել համալսարանի գործունեությունը կարգավորող կանոնադրությունը եւ ռեկտորի նշանակման որոշումը, ռեկտորի նշանակման հրամանն էլ ստորագրել են երկու երկրների նախարարները։ Ի դեպ, ռեկտորի թեկնածությունը առաջարկել է հենց հայկական կողմը եւ ռուսական կողմը տվել է իր համաձայնությունը։ Ըստ համաձայնագրի՝ կրթական գործունեությունը համալսարանում իրականացվում է բարձրագույն մասնագիտական կրթության ռուսական պետական ստանդարտի հիմունքներով, որի ազգա-տարածաշրջանային մասերը, սակայն, մշակում է հայկական կողմը։ Համատե՛ղ է իրականացվում համալսարանի արտոնագրումը եւ պետական հավատարմագրումը, կադրերի պատրաստման որակի վերահսկողությունը, կրթության մասին փաստաթղթերի հանձնումը, գիտական կոչումների եւ աստիճանների շնորհման հարցերը։ Համատե՛ղ որոշմամբ են սահմանվում համալսարան՝ ուսանողների ընդունելության հսկիչ թվերը՝ պետական բյուջետային միջոցների հաշվին։ Ֆինանսական առումով՝ համալսարանի գործունեության ֆինանսական ապահովությունը իրականացվում է ՌԴ ընդհանուր եւ մասնագիտական ու ՀՀ կրթության եւ գիտության նախարարություններին տրվող հատկացումների սահմաններում, որոնք նախատեսված են կրթությանը հատկացվող ծախսերի մեջ։ Ըստ համաձայնագրի, հայկական կողմը համալսարանին հատկացնում է շենքեր, շինություններ, ուսանողական հանրակացարաններ, նաեւ պարտավորվում աջակցել հրավիրված գիտամանկավարժական աշխատողների համար սոցիալ-կենցաղային պայմանների ստեղծմանը, իսկ ռուսական կողմը հոգում է աշխատավարձը, թոշակներն ու մնացյալ ծախսերը։
Կարծես թե այսքանն էլ բավարար է, որ կրթության ու գիտության նախարարը համարձակություն ձեռք բերի տիրոջ իրավունքով հետաքրքրվելու համալսարանի գործերով։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ