Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՆԱԴԱՍԱԿԱՆ ՆԻՑՇԵՆ

Օգոստոս 12,1999 00:00
aroxjapahutyun

Պարբերաբար հանրապետության այս ու այն բնակավայրում համաճարակներ են բռնկվում՝ խոլերայի, մալարիայի, սիբիրյան խոցի։ Անմիջապես պաշտոնազրկվում են տեղական պաշտոնյաներ։ Ինչո՞վ պայքար չէ ընդդեմ համաճարակների։

Հանրապետությունում մեծացել է թոքախտավորների թիվը, հակաթոքախտային որեւէ ծրագիր մշակվե՞լ է, քայլ արվե՞լ է, թե ասենք, որ դա սոցիալական չարիք է ու պատճառաբանենք կենսամակարդակի անկումով՝ ձեռքներս լվանալով ու լավագույն ժամանակներին սպասելով՝ մարդկանց դատապարտենք դանդաղ մահվան։

Եթե ոչ առողջապահության նախարարը, ո՞վ պիտի մտածի այս մասին։ Երբ այս կամ այն պաշտոնատար անձին պաշտոնազրկում են, բոլորը հարցնում են՝ իսկ ի՞նչ էր արել, եւ ոչ ոք չի հարցնում՝ իսկ ի՞նչ չէր արել։ Մինչդեռ այս հարցն ավելի կարեւոր է։ Օրինակ, ի՞նչ է արել իր համարյա ութամսյա պաշտոնավարության ընթացքում առողջապահության նախարարը եւ ի՞նչ չի արել։ Որպեսզի հարցը հռետորական չհնչի, ինքներս մեզ հարցնենք՝ որեւէ փոփոխություն զգացե՞լ ենք։ Հաստատ մեզնից շատերը դժբախտություն ունեցել են առնչվելու այդ համակարգին։ Սկսենք նրանից, որ բժշկի դիմելուց առաջ պարտադիր գումարվել է ընտանեկան խորհուրդ՝ «Իսկ տակից դուրս կգա՞նք» օրակարգով։ Այսինքն՝ այդքան փող ունե՞նք, որ մտահոգվենք մեր առողջությամբ։ Չհամարենք սա միայն նախարարի հարցը, ով էլ լիներ ոլորտի ղեկավարը, երկրի համընդհանուր ճգնաժամային վիճակում պիտի դժվարանար այս դեպքում լուծումներ գտնել։ Բայց եւ ով էլ լիներ, պարտավոր էր առաջին հերթին մտահոգվել իր ենթակաների աշխատավարձի վճարումով, որ այս պարագայում բնավ սոցիալական հարց չէ, այլ քաղաքական։ Ոչ մի տնօրեն, ոչ մի ղեկավար չի կարող իր ենթակային ասել՝ մի գողացիր եւ մարդկանցից փող մի վերցրու, եթե տանը սոված երեխաներ ու ծնողներ ունես, եթե դու ինքդ սոված ես, ու ես էլ քեզ, հույսդ կտրիր, առաջիկայում ոչ մի լումա չեմ տալու։ Իրավ. ի՞նչ է փոխվել համակարգում։

Ի՞նչ կառուցողական ծրագրեր է առաջադրել, լուծել կամ դժվարացել լուծել նոր նախարարը։ Պաշտոնն ստանձնելիս ավանդույթ է ոլորտի նախկին ղեկավարի սխալներն ու պարզապես աշխատանքի անընդունակությունը վերհանել ու պայծառ հեռանկարի խոստումներ տալը։ Իսկ հետո՞…

Հանուն ազգաբնակչության առողջության, ելնելով մարդկանց սոցիալական պայմաններից, նախարարը հրամայում է հիվանդանոցներում անցկացնել բաց դռների օր։ Երբ ինչ-որ որոշում է ընդունվում՝ պարտադիր է որոշման իրականացման մեխանիզմների ստեղծումը։ Այլապես մարդիկ գնալու են ու գնում են հիվանդանոցներ, բոլոր բժիշկները հավաքված են, զննում են ու… վերջ, որովհետեւ հետազոտությունների հետագա ընթացքի համար՝ անալիզներ ու ուսումնասիրություններ, հիվանդը եւ հիվանդանոցը փող չունեն։ Ահա եւ հայտնի չէ՝ բաց դռների, թե փակ դռների օր է հայտարարում նախարարը։ Ղեկավարի առաջին խնդիրը աշխատանքային նորմալ պայմանների ստեղծումն է, արդյունավետ աշխատանքի ապահովումը։ Նախարարը նախ եւ առաջ պետության վարձու աշխատողն է, որին պետությունը վստահել է այդ աշխատանքը կատարել եւ իբրեւ պետական կառավարման ինստիտուտի կարեւոր պտուտակ, նա ժողովրդի բարեկեցությանը պիտի ծառայի՝ սա աքսիոմա է։ Իսկ մենք սիրում ենք նույնիսկ աքսիոմաները վերածել թեորեմաների ու համարել անլուծելի, որովհետեւ… փող չկա։ Եվ որեւէ նախարարի առաջին խնդիրը պետք է լիներ իր ոլորտի «գույքագրումը», ասել է՝ իր տնտեսության վիճակը պարզելը, ծրագրեր մշակելն ու համապատասխան կառուցվածքային, կադրային փոփոխություններ անելը՝ ոչ թե անձնական նախապատվություններով, այլ գործի շահերից բխեցնելով։ Նախարարը պիտի հստակ իմանար հանրապետության բուժհիմնարկների վիճակը, հանդիպեր գլխավոր բժիշկներին, իմանար աշխատանքային ծրագրերը, լսեր հաշվետվությունները, առաջարկները, քննարկած լիներ դրությունից դուրս գալու հնարավոր ելքերը։ Ահա եւ ամենաարդիականն է դառնում Ֆրիդրիխ Նիցշեն՝ «Բժիշկ, բժշկիր անձդ»։ Ամենաարդիական, քանի դեռ հիվանդ է երկիրը։

ԱՆԱՀԻՏ ԱԴԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031