Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի մեկ զոհ

Օգոստոս 12,1999 00:00
axand

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ կոմունիստական գաղափարախոսության ու աթեիզմի փլուզումից հետո Հայաստանում պարարտ հող ստեղծվեց աղանդների «ներմուծման» եւ աստիճանաբար հիմնավորման համար։

Ներկայումս կրոնի գործերի պետական խորհրդում գրանցված են 48 կրոնական եւ կրոնական-բարեգործական կազմակերպություններ։ Սխալված չենք լինի, եթե ասենք, որ բավականին մեծ թիվ են կազմում նաեւ չգրանցված աղանդները, թեպետ դրանց գրանցումը առանձնապես դժվարություն չի ներկայացնում։

Քիչ մնաց թակարդն ընկնեմ

Բոլորովին վերջերս, Աբովյան փողոցում ինձ հանդիպած կանայք «իմ ճակատագրով չափազանց մտահոգված» համոզում էին հետեւել իրենց ու այդպիսով ինձ համար «ապահովագրել հավիտենական կյանք»։ Իսկ որպեսզի իրենց խոսքը համոզիչ ու ծանրակշիռ լիներ՝ անծանոթ կանայք նախ «մեջբերումներ» արեցին Աստվածաշնչից, ապա «պնդեցին», թե ներկայումս Հայաստանում իրենց հավատակից 250 հազար մարդ կա։ Դժվար է հավատալ, թե Հայաստանում ընդհանրապես այդքան հավատավոր կա։ Ի տարբերություն մեզ՝ այդ կազմակերպություններում չընդգրկվածներիս, ցանկացած աղանդավոր ոչ միայն չափազանց լավ է տիրապետում Աստվածաշնչից առանձնացրած հատվածներին, այլեւ խղճի ազատության մասին սահմանադրորեն ու օրենսդրորեն ձեւակերպված սկզբունքներին։ Հայտնի է, որ կրոնական այդ կազմակերպությունները ծրագրավորված եւ նպատակային քաղաքականություն են վարում ամեն վայրկյան իրենց շարքերն ընդլայնելու ուղղությամբ։ Հրապարակային քարոզչության իրավունք չունենալով, նրանք հաճախ շատ կոնկրետ քարոզչություն են վարում՝ տնից-տուն, փողոցից-փողոց անցնելով, զբաղվում հոգեւորությամբ։ Ցավոք, նույնը չի կարելի ասել Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ, որը բազմաթիվ հոգեւորականների գնահատմամբ, տանուլ է տալիս աղանդների դեմ պայքարը։ Նույնը կարելի է ասել կրոնի գործերի պետական խորհրդի մասին, որը անկախության ձեռքբերումից հետո չկարողացավ վերակազմակերպել աշխատանքները՝ ստեղծելու համար պետություն-եկեղեցի հարաբերությունները կանոնակարգող նորմատիվ գործունեության դաշտ։

Կինը աղանդը ընտանիքից թանկ գնահատեց

Երիտասարդ ընտանիքը կանգնած է քայքայման եզրին եւ պատճառը ամուսիններից որեւէ մեկի դավաճանությունը չէ, կամ ներկայումս չափազանց արդիական սոցիալական ծանր վիճակը։ Վեց տարվա համատեղ-համերաշխ կյանքից հետո կինը զոհ է դարձել «Եհովայի վկաներ» կազմակերպությանը՝ դրանով իսկ զոհաբերելով ընտանիքը։ Այս վիճակին, իհարկե, կինը հասել է աստիճանաբար։ Մոտ տարի ու կես առաջ այս ընտանիքի դուռը թակում են ինչ-որ անծանոթ մարդիկ։ Նրանք շա՜տ սիրալիր բացատրում են, որ շուտով հասնելու է աշխարհի վերջը, ուստի դրանից փրկվելու համար պետք է հետեւել իրենց։ Նրանք սկզբի համար առաջարկում են կարդալ Աստվածաշնչից իրենց առանձնացրած հատվածները։ Հետո, անընդհատ այցելում այս ընտանիքին եւ բանավոր զրույցներից բացի, նվիրում արդեն շատ կոնկրետ՝ «Եհովայի վկաներ» կազմակերպության գրքույկները։ Անկոչ հյուրերի խորհուրդներին այս ընտանիքում հետեւում է միայն կինը եւ աստիճանաբար դառնում նրանցից մեկը։ Ամուսնու եւ սկեսուրի հորդորները՝ չհետեւել այդ կազմակերպության «խորհուրդներին»՝ ոչ մի կերպ չեն կարողանում հետ պահել կնոջը եւ նա շարունակում է նրանց անդամակցել արդեն գաղտնի։ Ճահիճի պես քաշող այս կազմակերպությունը տարիուկես ժամանակահատվածում այս ընտանիքին հասցնում է անդունդի եզրին։ Այդ ընթացքում ամուսնուն ոչ միայն չի հաջողվում կնոջը հետ պահել այդ աղանդից, այլ տեսնում է, թե ինչպես են հարազատ անչափահաս (5 եւ 7 տարեկան) երեխաները զոհ դառնում այդ գաղափարախոսությանը։

Նշենք, որ ընտանիքի քայքայման «գործընթացին» բավականին ակտիվ մասնակցություն են ցուցաբերում եհովականները։ Հասկանալով, որ անհնարին է ընտանիքի մյուս անդամներին վարակել իրենց գաղափարախոսությամբ՝ ամեն ինչ անում են, անգամ՝ ընտանիքի քայքայման գնով, երիտասարդ կնոջը իրենց շարքերում պահելու համար։ Նրանք անգամ տվյալ դեպքի համար մեջբերումներ են գտնում «Աստվածաշնչից»՝ ասելով. «Կորցնելով ընտանիքդ, դու կգտնես նոր ընտանիք, «Եհովայի վկաների» շարքում»։ Հիմա կինը հեռացել է ընտանիքից՝ իր հետ տանելով նաեւ երեխաներին, ամուսնուն հաջողվել է այս ընթացքում հետ բերել կրտսեր դստերը։ Այդ օրվանից, թե կինը, թե «Եհովայի վկաներ» կազմակերպության ներկայացուցիչները փորձում են ամեն կերպ երեխային վերադարձնել մորը։ Ամուսինը դատարան չի դիմում՝ մտավախությամբ, թե ամուսնալուծության դեպքում անչափահաս երեխաներին կհատկացնեն կնոջը։ Իսկ սա ուղղակիորեն նշանակում է երեխաներին նվիրաբերել «Եհովայի վկաներին»։

Ի տարբերություն այս վիճակում հայտնվածների՝ այս ընտանիքի հայրը դիմել է խնդրի հետ առնչվող եւ չառնչվող գրեթե բոլոր կազմակերպություններին՝ թաղապետարանից մինչեւ կառավարություն ու Հայ առաքելական եկեղեցի։ Եվ որեւէ մեկից կոնկրետ պատասխան չի ստացել։ Կործանվող ընտանիքի հայրը փորձում է կործանումից փրկել իր անչափահաս զավակներին, որոնք նաեւ այս պետության ու եկեղեցու զավակներն են եւ, ցավոք, վերջիններիս կողմից պաշտպանված չեն։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031