Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱ՞ ԳՈՆԵ ՄԵԿ ԹԱՓԱՆՑԻԿ ՆԱԽԱՐԱՐ

Օգոստոս 12,1999 00:00
carayox

Հայաստանում կար-չկար՝ մի նախագահ, որը մի հրամանագիր ստորագրեց 1992 թվականի սեպտեմբերի 1-ին։ Այդ հրամանագիրը անուն ուներ. «Պաշտոնեական դիրքի չարաշահումների եւ կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու մասին»։

Եւ որպեսզի պայքարը լիներ նպատակային, մինչեւ «ՀՀ պետական ծառայության մասին» օրենքի ընդունումը հանրապետությունում պետք է անցներ պետական ծառայողների որակավորման ստուգում։

Իմիջիայլոց, որոշ պահանջներ սահմանված էին հստակ. ծառայության անցնող պաշտոնյաները, քաղաքացիները պարտավոր էին ներկայացնել հայտարարագիր բոլոր տեսակի եկամուտների, բանկերում ունեցած ավանդների, իրենց շարժական-անշարժ գույքի մասին։

«Այդպիսի տեղեկություններ չներկայացնելը, ոչ լրիվ կամ խեղաթյուրված ներկայացնելը այդ պաշտոնում անձի նշանակումը մերժելու կամ ազատման հիմք է հանդիսանում»։ Չգիտենք, թե քանիսն այն ժամանակ որտեղ եւ ինչ թաքցրին, եւ արդյո՞ք թաքցրին, սակայն հետաքրքիր կլիներ իմանալ, թե այսօրվա պետպաշտոնյաներից, նախարարներից, փոխնախարարներից, վարչապետերից՝ վարչության պետերից քանիսը որտեղ ինչ ունեն։

Ընդսմին, արգելվում էր. անձնական կարիքների համար օգտագործել ծառայական ավտոտրանսպորտը, տեխնիկական այլ միջոցներ։ Լավ։ Կառավարական հեռախոսներով երբեւէ «գիծ» ընկե՞լ եք… տեսեք, ովքեր են օգտվում սույն կապի միջոցներից։ Հաստատ չեք սխալվում. քարտուղարուհիները, որոնց չգիտեմ ինչու ունեցած արտոնությունները չեն լեգալացվում։ Կամ ո՞ւմ են փոխադրում մեր սիրասուն նախարարների հոգնատանջ վարորդները, ասենք… խանութ եւ ինչով։ Պատասխանն ինձնից լավ գիտեք։ Հետո ինչ, որ արգելված էր եւ կամ արգելված է պաշտոնյաներին, պետծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին «ծառայության բերումով առնչված հրավիրվող կողմի հաշվին արտասահմանյան մասնավոր ուղեւորություններ կատարել»։ Այդպե՞ս է։ Բա զոքա՞նչը, նրա թիկնապա՞հը, թիկնապահների կանա՞յք… Ամեն սովորական պետծառայող թիկնապահ ունի «հասարակական» կարգո՞վ։ Իսկ ծախսերին թիվ ու սահման չկա։ Ամենահետաքրքիրը պետծառայողները պետական եւ ոչ պետական ձեռնարկություններից, հիմնարկներից, կազմակերպություններից, ինչպես նաեւ արտերկրից, ֆիրմաներից «պաշտոնի բերումով ստացած արժեքավոր նվերները, կառավարության սահմանված կարգով հանձնում են պետությանը»։ Կգտնվի՞ մի նախարար-պաշտոնյա, որ կասի, օրինակ, թե ասենք արտերկիր կատարած իր 10 ուղեւորությունների ժամանակ ի՞նչ է ստացել նվեր (կարող է էս մարդիկ բոլորովին նվեր էլ չեն ստանում- Ռ.Մ.) եւ դեռ հանձնել հայրենի… պետությանը։ Չգիտենք, գտնվեցի՞ն, կա՞ն մարդիկ, որ գույքային դրության վերաբերյալ հայտարարագիր են լրացնում, որի վերահսկողությունը դրված էր կառավարության վրա… Հայտարարագիրը համարվում էր հատուկ պահպանման փաստաթուղթ։ Այն հանձնվում էր «ղեկավար» մարմնին եւ որ վերջինս էլ իրավունք չուներ հրապարակել հայտարարագրում նշված տվյալները։

Տեղեկացնենք հին ու նոր կառավարության անդամներին, մոռացկոտ պաշտոնյաներին, որ այդ հայտարարագիրը լրացվում էր տարին մեկ անգամ, ինչպես նաեւ «մեկ այլ պաշտոնից այլ պաշտոնի անցնելու դեպքում»։ Այս բոլորը հիշեցի սոսկ մի բանի համար. գործո՞ւմ է այսօր հայտարարագրի կարգը կամ գոնե կա՞ մեկ նախարար, որն այնքան թափանցիկ գտնվեր՝ հրապարակելու իր գույքային դրության մասին։ Շարքային քաղաքացին օրնիբուն ինչ ունի-չունի աշխարհով է անում, գրում թերթերում։ Կասեք հեշտ է, որովհետեւ քիչ է։ Բայց չէ՞ որ մեր խեղճուկրակ նախարարներից, պաշտոնյաներից շատերը բնակվարձի պարտք ունեն, այնպիսի վիճակում են, ինչպես իրենք են հավատացնում, ինչպես ազգը… Ամենաթափանցիկ պաշտոնյային առաջարկում ենք լրացնել այս օրինակելի հայտարարագիրը.

1. գույքի ձեռքբերման աղբյուրը

2. գույքի անվանումը

3. բնակարան ունե՞ք. սեփական, ամառանոց, հողամաս, օժանդակ շինություններ (քմ)

4. ո՞ր ձեռնարկությունների սեփականատեր, համասեփականատեր եք դուք, ձեր կինը, զոքանչը, եղբայրը, վարորդը, թիկնապահը…

5. ունե՞ք մարդատար ավտոմեքենա. քանի՞ հատ

6. ինքնաթի՞ռ, տա՞նկ…

7. ավանդնե՞ր, փոխառություննե՞ր, բաժնետոմսե՞ր, մուրհակնե՞ր, որքա՞ն կանխիկ դրամ կա ձեր գրպանում սույնը լրացնելու ժամանակ…

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031