Մեծագույն զարմանքով Ձեր թերթում (4.8.99 թ.) կարդացի թոշակառու Մելիք Խաչոյանի «Հայաստանը դժոխք դարձնելու գործում թշվառ ժողովուրդը մեղավոր չէ» նյութը եւ ուղղակի չկարողացա չարձագանքել այդ դեմագոգիկ հոդվածին։
Պարոն Խաչոյանը ղեկավարներին անվանում է գրպանին նվիրված, կարծես թե ինքը, կամ որեւէ մեկն այս աշխարհում իր գրպանին նվիրված չէ։ Հարգելի Խաչոյան, Դուք սիրում եք ձեր կնոջը, որդիներին, թոռներին, եւ եթե հացահատիկը էժան գնով վաճառեին ձեր որդուն կամ թոռանը, ապա դուք չէիք բողոքի եւ գոհ կմնայիք մեր կառավարությունից։ Դուք հարցնում եք, թե ինչ միջոցներ է ձեռնարկում կառավարությունը՝ կանխելու ահավոր թալանի պրոցեսը եւ մեղադրում եք Վազգեն Մանուկյանին պրոցեսը խրախուսելու համար։
Դուք մոռանում եք մեծագույն տնտեսագետ Կարլ Մարքսի միտքը կապիտալի նախասկզբնական կուտակման էտապի մասին։ Մարքսը շատ պարզ ասում է, որ ողջ կապիտալը պետք է կուտակվի մի փոքր խմբի ձեռքում, մասսաներին ոչինչ չմնա, բացի աշխատուժից, եւ վաճառելով իր աշխատուժ-ապրանքը՝ բանվորը կյանքը անընդհատ առաջ կտանի։
Բողոքում եք անօրինականությունների, կաշառակերության դեմ, բողոքում եք հարկային տեսչության դեմ։
Կարդացեք նաև
Հարգելի Խաչոյան, իսկ եթե ձեր որդուն առաջարկեին ՀՀ հարկային վարչության պետի պաշտոնը, եւ Ձեր որդին անօրինականություն աներ, կաշառք վերցներ, դուք ի՞նչ կանեիք, դարձյալ կբողոքեի՞ք։ Անշուշտ, դուք կլռեիք, ենթարկվելով մարքսիզմի մեծագույն սկզբունքներից մեկին՝ կեցությունն է որոշում գիտակցությունը։ Ինչպես պարոն Խաչոյանը, այնպես էլ ցանկացած մարդ մեղավոր եւ պատասխանատու է իրավիճակի համար։
Կ. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կապանի ՍՄՀԳ-ի մեթոդբաժնի վարիչ