«Առավոտի» խմբագրություն երեկ զանգահարեց Երեւանի Զարյան փողոցի բնակիչներից մի կենսաթոշակառու եւ չներկայանալով ասաց. «Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի հայրը՝ Զավեն Դարբինյանը, 1 մլն 500 հազար դրամ էլեկտրաէներգիայի պարտք ունի, իսկ նրա հոսանքը չեն անջատում։ Եթե ես 100 դրամ էլ պակաս մուծեմ, իմը հո կանջատե՞ն»։ Կենսաթոշակառուն մատնանշեց Դարբինյան-ավագի հասցեն։ Քանի որ նշված թիվը՝ 1 մլն 500 հազար, քիչ չէ, «Առավոտը» եղավ նշված հասցեում։ Զավեն Դարբինյանը տանը չէր, փոխարենը նրա կրտսեր որդին՝ Տիգրանը, «Առավոտին» ասաց, որ իրենց հոսանքը մոտ մեկուկես ամիս առաջ վարձը չմուծելու պատճառով անջատել էին։ Իսկ վարձը Դարբինյանները չէին մուծել, քանի որ դա անել պարզապես մոռացել էին։ Իսկ հարյուրհազարավոր դրամ պարտքի մասին մեր հիշատակմանն ի պատասխան Տիգրան Դարբինյանը զարմացավ. «Եթե այդքան պարտք ունենք, ինչո՞ւ մեր հոսանքը չեն անջատում»։ Այդ նույն հարցը մեզ մեր անհայտ թոշակառուն էլ էր տալիս։
Լ. Ա.