Լրահոս
Օրվա լրահոսը

Բազեյանի գնալով ԱԺ-ն տուժեց

Օգոստոս 12,1999 00:00
Albert Bazeyan

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալբերտ Բազեյանի՝ Երեւանի քաղաքապետ նշանակման մասին որոշումը ոչ միայն անակնկալ էր, այլեւ որոշակի տարակուսանք առաջացրեց։

Խոսքը տվյալ դեպքում ոչ թե Ա. Բազեյանի կարողությունների մասին է, այլ նրա թեկնածության ընտրության։ Մինչ այս վարչապետը երկար որոնումների մեջ էր։ Մի դեպքում նրա թեկնածուն անընդունելի էր Ռոբերտ Քոչարյանի համար, մյուս դեպքում աչքի տակ եղած անձնավորությունն այնքան էլ վստահելի չէր հենց վարչապետի համար։ Անշուշտ, քաղաքապետի պաշտոնը քաղաքական է եւ այս համատեքստում կարելի է հասկանալ ամուր թիկունք ունենալու վարչապետի ձգտումը։ Միեւնույն ժամանակ, խորհրդարանը՝ որպես քաղաքական առանցքային մարմին, ավելի կարեւոր նշանակություն ունի եւ այստեղ էլ վարչապետին չէր խանգարի ամուր հենարան ունենալը, մինչդեռ վարչապետի կադրերը սուղ են։

Ինչեւէ, ԱԺ որոշակի շրջանակներում կարծիքներ կան, թե այս նշանակումը վարչապետ Վազգեն Սարգսյանի կողմից էգոիզմի դրսեւորում է։ Նման տեսակետներն էլ որոշակիորեն հիմնավորված են այնքանով, որքանով, ըստ էության, անտեսվել են «Միասնություն» խմբակցության եւ մասնավորապես երկրապահ-հանրապետականների կարծիքը եւ՝ ոչ միայն նրանց։ Երեկ պարզվեց, որ Ա. Բազեյանի նշանակումն ու վերջինիս համաձայնությունը անակնկալ է եղել մինչեւ անգամ նրա խորհրդականների եւ զինակից «երկրապահների» համար։ Այս իմաստով ե՛ւ «Միասնության», ե՛ւ ԵԿՄ վարչության ներսում տարաձայնություններ կան։

ԵԿՄ վարչության երկաթյա փոքրամասնությունն է միայն խրախուսել այս նշանակումը։ Մյուսների կարծիքով, այս քայլը զգալիորեն կթուլացնի «երկրապահ-հանրապետականների» դիրքերը քաղաքական մարմնում։ Թերեւս սա մոտ է ճշմարտությանը։ «Միասնություն» խմբակցության պատգամավորներից ոմանք, ովքեր չցանկացան մամուլով ներկայանալ, մտահոգություն հայտնեցին խմբակցության հետագա ճակատագրի առնչությամբ, մանավանդ, երբ մինչ այդ էլ ՀՀԿ-ի եւ կուսակցության ներսում բուն «երկրապահների» հարաբերությունները հեռու են կատարյալ լինելուց, երբ ընդամենը մեկ ամիս առաջ «երկրապահների» եւ խմբակցության ներսում հակամարտություն կար Աջափնյակի թաղապետի ընտրության հետ կապված, որը կարող է անդրադառնալ խմբակցության կազմակերպված գործունեության վրա։

Բացի այդ, տակավին մշուշոտ է ՀԺԿ կուսակցությունում տեղի ունեցող խմորումների հեռանկարը, եւ ընդհանրապես ՀՀԿ-ՀԺԿ համագործակցության երկարակեցությունը չի կարելի երաշխավորված համարել։ Այս պարագայում խորհրդարանական մեծամասնությունը համախմբված ու կազմակերպ դարձնելու համար անհրաժեշտ էին լինելու Ա. Բազեյանի ջանքերը։ Բացի այդ, առաջիկայում ԱԺ փոխխոսնակի ընտրությունը եւս յուրօրինակ քննություն է լինելու։ Արտաքուստ ամեն ինչ պարզ է. ԱԺ նախագահն ու նրա տեղակալներից մեկը ՀԺԿ ներկայացուցիչներ են եւ հավասարակշռությունը պահելու համար տրամաբանական է, որ ընտրվի ՀՀԿ ներկայացուցիչ։ Սակայն «զտարյուն» երկրապահներն այսօր արդեն ընդվզում են։ Ա. Բազեյանի փոխարինողն արդեն այսօր հայտնի է՝ հին հանրապետական Յուրի Բախշյան։ Նրանք հակված են հենց իրենց շարքերից ԱԺ-ում հենարան ունենալ, որպիսին էր Բազեյանը։

Մյուս կողմից, վարչապետին ուղղված մեղադրանքը բացատրվում է նաեւ նրանով, որ Ա. Բազեյանը որպես գործիչ կայացավ նախկինում «Երկրապահ» խմբի նախագահի, ապա նաեւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Քաղաքապետի պաշտոնում Ա. Բազեյանը դժվար թե նման հաջողությունների հասնի եւ դա ամենեւին էլ նրա մեղքը չի լինի։ Կան բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ, ինչպիսիք են հանրապետության առջեւ ծառացած տնտեսական ու սոցիալական խնդիրները։ Քանի դեռ այս ոլորտներին անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ուղղված չեն, Երեւանի հիմնախնդիրների տեղային լուծումները դատապարտված են լինելու եւ այս դեպքում, այսպես թե այնպես, քավության նոխազը Ա. Բազեյանն է լինելու։ Ինքը՝ պրն Բազեյանը, պատրաստ է ստանձնել պատասխանատվություն, եւ այս դեպքում պարզվում է, էական չէ, թե ո՞ր պաշտոնի համար։ Կարեւորը, ըստ Ա. Բազեյանի, քաղաքական ղեկավարների, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ Վազգեն Սարգսյանի նպատակահարմարությունն է։ Այս մոտեցումն էլ, անկեղծ ասած, լուրջ չէ, մանավանդ, երբ խոսք է գնում քաղաքական գործիչի եւ լուրջ պաշտոնի մասին։ Ամեն դեպքում Ա. Բազեյանի կարծիքով, խորհրդարանում կա մեկը, որն իր վրա կվերցնի «Միասնության» համախմբման գործը, եւ դա Անդրանիկ Մարգարյանն է, որը անգամ այսօր, մեղմ ասած, միանշանակորեն չի ընդունվում հենց հանրապետականների կողմից, ուստի դժվար է ասել՝ կհաջողվի՞ նրան ստանձնել խաղաղության աղավնու դերը։

Մի բան, այդուհանդերձ, հստակ է՝ ԱԺ-ն, ինչպես ՀԿԿ խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանն ասաց, ի դեմս Ա. Բազեյանի, կորուստ կրեց։ Այս կարծիքին է, թերեւս, նաեւ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, որը դեմ է եղել այս նշանակմանը։ Հասկանալի է. Ա. Բազեյանը խորհրդարանի ղեկավարներից, թերեւս, միակն էր, որ տիրապետում էր ԱԺ կանոնակարգին եւ հաջողությամբ վարում էր խորհրդարանական նիստերը։ Իսկ ավելի մեծ հաշվով տուժելու է «Միասնությունը», իսկ գուցե նաեւ վարչապե՞տը։ Չէ՞ որ առջեւում օրենսդիր մարմնում կարեւորագույն հարցեր են քննարկվելու, եւ արդյո՞ք այդ դեպքերում ի մի կգան խմբակցության բոլոր անդամները։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031