Երեկ, օրվա երկրորդ կեսին կտրուկ ընկավ հայ ժողովրդի գնողունակությունը։ Մայրաքաղաքի խանութներն ու տոնավաճառները «մի քոռ կոպեկի» առեւտուր չարեցին։ Վաճառողներն այս տխուր իրողությունը բացատրում էին հետեւյալ կերպ. «Ժողովուրդը սիրտ չունի, էսօր-էգուց աշխարհի վերջը գալու է»։ Նրանք, ովքեր ամռան օրերն օգտագործում էին լողասենյակը վերանորոգելով կամ սենյակի պաստառները փոխելով, հուսահատության մեջ են։ Հիմա, ո՞նց կլինի, փող ծախսեն, թե՝ իզուր է։ Ընդհանրապես, արեւի խավարումը խիստ տարօրինակ փոփոխություններ առաջացրեց ժողովրդական մասսաների հոգիներում։ Մի արեւի էին հավատում, էն էլ որոշեց խավարել։ Միացումի եւ բաժանման խոսքերը մնացին մարդկանց շուրթերից կախ՝ ասեն, թե չասեն։ Բա որ հանկարծ ասեն, ու արեւը մի կարգին չխավարի, եւ աշխարհի վերջն էլ սա չլինի՞։ Հետո ո՞նց են իրար երեսի նայելու։ Առկա է նաեւ հակառակ վտանգը՝ բա որ չասեն ու աշխարհը իրոք կործանվի՞։
Մինչ ժողովրդի հոգեւոր մասն այսպիսի մտքերի մեջ էր, ժողովրդի մարմնավոր մասը շուկա էր գնում, հաց ու ձմերուկ գնում ու շտապում տուն։ Երեւանյան բոլոր շենքերի բակերում մայր ու մանուկ իրար էին անցել, գունավոր ապակիներով եւ ասեղի անցքի չափ ճեղք ունեցող թղթերից նայում էին երկնքին։ Իսկ երկնքի խավարումը, մեր մեջ ասած, էն չէր։ Հայի բախտ։ Ռումինիայում ու Թուրքիայում, Անգլիայի եւ Ֆրանսիայի գլխին արեւը կարգին էլ խավարեց։ Իսկ մեր խեղճ Հայաստանը կրկին տուժեց, համամարդկային խավարումից կիսազուրկ մնաց։ Լավ է գոնե, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չուզեց կիսել իր ժողովրդի ճակատագիրը եւ Հունաստանում հնարավորություն ունեցավ իր նախագահական կյանքի առաջին երկար խավարումը տեսնել։
Մ. ԵՍԱՅԱՆ