Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓԱԽԵՔ, ՓՐԿՎԵՔ, ԱՇԽԱՐՀԸ ՓՈՒԼ Է ԵԿԵԼ, ՄԻ ԿՏՈՐ ԷԼ ՊՈՉԻՍ ԸՆԿԱՎ»

Օգոստոս 12,1999 00:00
ashxarh

Անկախ Հայաստանի վարչապետներից Վազգեն Սարգսյանն առաջինն էր, որի օրոք Արեւը խավարեց։ Այդ բանը տեղի ունեցավ մեր թվարկության 1999 թվականի օգոստոսի 11-ին ժամը 16-17-ի սահմաններում։

Մեր Արեւը խավարեց, բայց երկնքի համատարած գորշության մեջ որեւէ քաղաքական լուսատուի դեմք չշողարձակեց։ Արեւի խավարումը աստղագուշակները կապեցին նաեւ աշխարհի կործանման հետ։ Սակայն Աշխարհի վերջը հարգելի պատճառ չէ գործից խուսափելու համար։ Աշխարհի վերջին հարցն ու պատասխանն ուղղելով հայ մի շարք քաղաքական գործիչների, ստացանք ինքնատիպ պատասխաններ։

Հարցը հետեւյալն էր. «Եթե Արեւի խավարումը նաեւ աշխարհի վերջը լիներ, ի՞նչ կանեիք»։

Նորայր Խանզադյան, ԻՄ դիվանի փոխխոսնակ.– Ես ինձ միշտ հեթանոս եմ համարել եւ չեմ հավատում աշխարհի վերջին։ Աշխարհը հավերժ է ինչպես ես։ Բայց իրոք, եթե մեղք գործել եմ կյանքում, կունենամ ուղղակի պարտավորություն, որ բոլորից ներողություն խնդրեմ։ Ներողություն կխնդրեի բոլոր նրանցից, ում վատություն եմ արել։ Բայց եթե մեղքերս չներեն, կուզեմ դժոխքում հայտնվել, որովհետեւ ամենակարգին տղաները դժոխքում են։

Ռուբեն Միրզախանյան, ՀՌԱԿ ատենապետ.– Ես համոզված եմ, որ աշխարհի վերջը չի գա, թեկուզ նրա համար, որ պետք է վաղը կրկին լույս տեսնի «Առավոտը», որը հայ ժողովրդին ամենօրյա երջանկություն է պարգեւում։

Իբրեւ թե պատասխանում են նրանք, ում չհարցրինք

Քաղաքական ամառային կյանքի ամայության մեջ հայ քաղաքական գործիչներին այնքան էլ հեշտ չէր գտնել։ Մնում էր զարկ տալ երեւակայությանը եւ պատկերացնել, թե հարցին ինչպես կպատասխանեին մի քանի այլ պաշտոնյաներ եւ քաղաքական գործիչներ։ Հարցը նույնն է. «Եթե Արեւի խավարումը նաեւ աշխարհի վերջն է, ի՞նչ կանեիք»։

Արտաշես Գեղամյան, ԱԺ պատգամավոր.– Այնքան ժամանակ, որքան մեր արդարամիտ ժողովրդի պատժիչ սուրը չի գլխատել նախորդ հանցավոր ռեժիմի գարշահոտ հիդրային, արեգակի խավարում էլ կլինի, բյուջեի ճեղքվածք էլ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականն էլ՝ պարտություններ կկրի։

Լեոնիդ Հակոբյան, ԱԺ պատգամավոր.– Մենք՝ կոմունիստներս, սիրում ենք խոսել թվերով։ Արեւի քանի՞ խավարում է եղել այն ծաղկուն եւ բարգավաճ երկրում, որը կառուցել էր կոմունիստական կուսակցությունը։ Անթիվ-անհամար։ Հիմա էլ նորերը մի հատիկ խավարում են սարքել ու հետն էլ ուրախանում են։

Դավիթ Զադոյան, էներգետիկայի նախարար.– Խավարումի հեչ ժամանակը չէր։ Թողեք շունչ քաշեմ, էս համակարգը ոտքի հանեմ, տակից-դրսից զննեմ, հետո խավարումի մասին կխոսենք։

Արշակ Սադոյան, ԱԺ պատգամավոր.– Ժողովրդի արյունը ծծողներին այս խավարումը դեռ քիչ է։ Պետք է էնքան լինեն էս խավարումները, որ լափված գումարները բերեն տան ժողովրդին։ Հարգելի ռադիոլսողներ, խավարումը վաղուց է եղել, էն կորած մազութից սկսվեց։ Չխաբվեք։

Աշոտ Բլեյան, Նուբարաշենի ուղղիչ տնից.– Բլեյան Աշոտը հայտարարում է, որ էս խավարումն էլ իր ձեռքի գործն է։ Ինչ արել եմ, մենակ եմ արել, Արմեն Տեր-Սահակյանի բանդան ու ՀՀՇ-ն այս հանցագործության հետ կապ չունեն։

Խավարածին մտքերը աշխարհի վերջին օրը հասցրեցին գրի առնել

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ եւ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031