Լրահոս
Օրվա լրահոսը

…Ընդ մեզ

Օգոստոս 11,1999 00:00
morikyan

Կամ ինչու՞, իմ կարծիքով, չի խոսում

Լեւոն Տեր-Պետրոսյանը Բանը մի անգամ են ասում: Երկրորդ անգամ նույն բանն ասելու կարիքն առաջանում է այն դեպքում միայն, երբ քեզ հետ վիճում են՝ փորձելով ապացուցել հակառակը: Կամ էլ ասում են, որ չեն հասկացել: Իսկ երբ քո արդեն իսկ ասվածին ոչ միայն չեն հակաճառում, այլեւ ընթանում են ասվածի ցուցահանած ճամփով, ըստ էության, հավաստելով քո ասածների ճշմարտացիությունը, կրկնելու անհրաժեշտությունն ինքնին վերանում է:

Ու, այդ պարագայում, քանի դեռ վեճ չկա, քանի դեռ ասվածը չի իրականացվել, քանի դեռ նոր իրավիճակներ չեն ստեղծվել, նոր բան ասելու անհրաժեշտություն էլ չկա:

Ես… իմ առաջին եւ գերագույն խնդիրը համարում եմ խաղաղության ապահովումը: Երկրորդ խնդիրը. տնտեսության զարգացումը, առողջացումը, վերազինումն է:

Երրորդը ժողովրդի սոցիալական իրավիճակի բարելավումն է: …Եթե մենք լուծել ենք ազգային խնդիրներ, եթե մենք լուծել ենք գոյության խնդիրներ, եթե մենք լուծել ենք պետական անվտանգության խնդիրներ, ապա սոցիալական ոլորտում մենք բավականին ետ ենք մնացել: Սա պետք է խոստովանել, չփնտրել արդարացումներ, չնշել օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքներ, այլ արձանագրել եւ խնդիր դնել այդ հարցերը լուծելու: Մեր ժողովուրդը դեռեւս չի ապրում արժանապատիվ կյանքով:

Մեր ժողովուրդն արժանի է շատ ավելի մարդավայել, շատ ավելի քաղաքակիրթ կյանքի:

Եվ չորրորդ խնդիրը. մեր երկրում, մեր տանը, մեր ընտանիքներում, որը ես համարում եմ մեր պետությունը, կարգուկանոնի հաստատումն է, օրինազանցությունների, կաշառակերության, բյուրոկրատական շահատակությունների վերացումը:

Ես գտնում եմ՝ եթե ազգը չի կարողանում ճիշտ գնահատել իր ուժերը, ոչ միայն ազգը, այլեւ մարդը, եթե ինքը չի կարողանում գնահատել իր ուժերը, այդ ազգն ու այդ մարդը կարող են մատնվել խայտառակ վիճակների, ինչպես մենք տեսնում ենք ամեն քայլափոխի:

Չափազանց կարեւոր էր Քըրք Քըրքորյանի հիմնադրամի ստեղծումը, որը գլխավորելու է սենատոր Դոուլը, (դրանք փաստորեն 100 մլն դոլարի ներդրումներ են…):

Պատերազմը պետք է բացառվի, ուստիեւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայն ու միայն խաղաղ բանակցությունների միջոցով: Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն:

…Փոխզիջումն ինչ-որ չափով բավարարելու է հակամարտության բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին: Նախագահ Ալիեւը դա ներկայացնելու է որպես Ադրբեջանի հաղթանակը, ես փորձելու եմ ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակը: Ադրբեջանական ընդդիմությաւնը համարելու է, որ Ալիեւը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը: Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի Ղարաբաղը:

Նման դեպքերում չպետք է բացառել, իհարկե, Ռաբին-Պերեսի սինդրոմի ազդեցությունը: Բայց չի կարելի անտեսել նաեւ Նաթանյահուի սինդրոմը, որը անզիջող դիրքերից գալով իշխանության, կարճ ժամանակ անց, թեեւ դժկամությամբ, ստիպված եղավ շարունակել Ռաբինի ու Պերեսի սկսած խաղաղության գործընթացը:

…Հնարավոր է այդ երկու տարբերակները՝ փուլային ու փաթեթային, հեշտությամբ համատեղել: Գլխավորն այսօր շուրջ մեկ տարի ընդհատված բանակցություների վերսկսումն է:

…Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը: Մենք ենք լուծելու մեր ուժերի ներածի չափով: Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է:

Սրանք նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերի ընդամենը մի փոքր մասն են միայն՝ ասված 1996-1997 թթ.: Եթե չնշվեր հեղինակի անունն ու ինչ-որ թվեր եւ եթե ասվածի ձեւակերպումն ավելի պակաս հայերեն լիներ, կարող էր թվալ, թե սրանք հենց երեկ երկրի որեւէ ղեկավարի կողմից տրված գնահատականներ ու եզրահանգումներ են: Ասել է, թե խնդիրները նույնն են մնացել, լուծման ուղիները՝ եւս, առաջնահերթությունները՝ էլի: Ասել է, թե վերջին տարիուկեսում «նորերից» եւ ոչ մեկից կոմս Մոնտե Քրիստո դուրս չեկավ, ու երեւի թե այդ պատճառով էլ նրանք որոշեցին դառնալ տնային կառավարիչներ:

Այսօր կամ վաղը, եթե ՆՈՐ կառավարությունն ու ԱԺ-ն հակաճառեն ասված-գրվածին կամ էլ իրողություն դարձնեն այն ու ըստ այդմ էլ նոր իրավիճակ ստեղծվի, այդժամ երեւի թե միայն պետք է ակնկալել Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը, որն, ի վերջո ընդամենը երեք տարբերակ կարող է ունենալ. նա կամ պետք է խոստովանի իր մոլորությունը կամ պնդի իր ճշմարտացիությունը (իրեն հակաճառելու դեպքում), կամ էլ պետք է գնահատի կատարվածը (եթե իր ասածներն իրողություն դառնան) եւ իր վերաբերմունքն արտահայտի նոր իրավիճակի մասին՝ այն դիտելով որպես անցյալն ու ներկան միմյանց կապող օղակ:

Իսկ մինչ այդ, կարծում եմ, Լեւոն Տեր-Պետրոսյանից որեւէ հայեցակարգային վերաբերմունք ակնկալելն իսկ անիմաստ է: Առավել եւս՝ վիրավորվել:

Չէ՞ որ մեզանից է, որ կոմս Մոնտե Քրիստո դուրս չի եկել…

ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031