Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ. ԱՆԴՐՕՎԿԻԱՆՈՍՅԱՆ

Օգոստոս 11,1999 00:00
Toto

Մեծ Բրիտանիայում գործող «Միջազգային ներում» կազմակերպությունն ամեն տարի տարբեր երկրներում մարդու իրավունքների վիճակին վերաբերող հաշվետվություններ է հրապարակում, ուր ոլորտ առ ոլորտ վերլուծում է մարդու իրավունքների վիճակը եւ մատնանշում շեղումները միջազգային համաձայնագրերից եւ ընդունված նորմերից։

Համեմատաբար վերջերս հրապարակվեց անցած տարի Հայաստանում կազմակերպության կատարած դիտարկումների արդյունք-զեկույցը, որի ավարտը ուղեկցվում է ՀՀ նախագահին ուղղված հորդորներով ու կոչով՝ մեղմացնել արդեն ընդունված մահապատիժների վճիռները՝ նկատի առնելով առ խորհրդարանն ուղղված մահապատժի վերացման պահանջը։

Հայաստանում մահապատժի դատապարտված 25 անձ կա, որոնցից ոչ մեկի հանդեպ, ճիշտ է, այն չի կիրառվել եւ, ըստ հաշվետվության, քրեական նոր օրենսգրքի կիրառմամբ այդ մահապատիժները կարող են փոխարինվել ցմահ բանտարկությամբ։ Իսկապես՝ մահապատժի վերացումը ճանապարհ է հարթում որեւէ երկրի համար՝ անդամակցելու եվրակազմակերպություններին, այս կետն ընդունեցինք ի գիտություն։ Վերջերս մահապատիժը վերացվել է Լիտվայում, ուր 9 մահապարտ կար, եւ այդ երկրում ժողովուրդն ուրախանում է, որ վերացվեց եւս մեկ խոչընդոտ քաղաքակիրթ երկիր դառնալու ճանապարհին։

«Միջազգային ներումը» հորդորել է մեր իշխանություններին առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր բանտարկվել են իրենց կրոնական դավանանքից ելնելով՝ մերժելով զինվորական ծառայությունը. առաջարկվում է քաղաքացիական ծառայության մեկ այլ տարբերակի օրինագիծ վավերացնել՝ ոչ պատժական տեւողությամբ եւ օրենք մեկ գործընթացով՝ կիրառելով այն։ Զեկույցում բերվում է եհովական մի զինվորի օրինակ, որը դատապարտվել է ազատազրկման որպես դասալիք, երբ մինչեւ երդումը ծառայելուց հետո հրաժարվել է զինվորական երդում տալ՝ իր կրոնական դավանանքին դեմ համարելով ծառայելը։

Այստեղ մեր գլուխը քորելու անհրաժեշտություն է ծագում։ Էությամբ մենք ազատական ազգ ենք (ես երկար եմ դիտարկել) եւ հակված ամեն տեսակ ժողովրդավարության, ազատական բարքերի, ամենայն նորի։ Գուցե հենց այդ է պատճառը, որ այդպես հեշտորեն մեր կենցաղ են ներխուժում արեւմտյան մտայնությամբ մեր ազգը պառակտող եհովականները։ Եվ դեռ էս ժողովրդավար ազգին, որ ինտերնացիոնալիստ է էությամբ (ինչքան էլ այդ բառը վանի եւ հիշողություն արթնացնի), բոլորին եւ ամեն ինչ ընդունում եւ ներում է՝ միջազգային զանազան կազմակերպությունները հորդորներ են ուղղում. զեկույցում ոչինչ չի ասվում այն մասին, եթե ազգիս մի որոշ անգիտակից մասը, խղճի ազատության դրույթը դրոշակ սարքած, հայի «հնարամտությամբ» ու բոլորովին չիմանալով ով է Եհովան, եհովական գրվի՝ բանակում չծառայելու համար։

Նրանց տեղը կազմակերպությունը զինվորներ ուղարկելո՞ւ է Հայաստանի սահմանները պաշտպանելու, թե՞ միջազգային կազմակերպությունները քնում եւ երազում են անզինվոր Հայաստան։ Դե լավ, չթվանք հակադեմոկրատ, ինչպիսին չենք իրականում, եւ ընդունենք, որ քաղաքացիական ծառայության մեկ այլ տարբերակի օրինագիծ ունենալու մասին եւս արժե մտածել։ Իսկ որ բանակում հաճախ ստորացնելու գործողությունների մասին շատ տեղեկություններ ունի «Միջազգային ներումը», եւ անցած տարի 6 զինվոր սպանած, հետո ինքնասպան եղած Մկրտիչ Օհանյանի գործի առիթով 2 զինվոր եւ 5 սպա են դատապարտվել, Հայաստանի իշխանությունն ու զինվորական բարձր ղեկավարությունը եւս մտահոգված են, եւ բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին ինֆորմացիայի լեգալացման, հասարակության ուշադրության կենտրոնում պահելու անհրաժեշտությունն ընդունում ենք բոլորս։

Իսկ այ, այս մի կետը հաստատ շատ կբարկացնի մեր պուրիտան մայրիկներին, եւ ինչու չէ, հայ ընտանիքի դասական կերպից ավելի լավը չպատկերացնող հայ տղամարդկանց մեծ մասին. զեկույցում կոչ է արվում ազատ արձակել որեւէ անձի, որը դատապարտվել է չափահաս տղամարդկանց միջեւ համաձայնեցված միասեռական հարաբերության պատճառով եւ կասեցնել հետապնդումը այդպիսի քայլեր կիրառելու համար, վերացնել նաեւ քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածի առաջին կետը, որը դատապարտում է այսպիսի արարքները. մեզ մոտ հետապնդո՞ւմ են միասեռականներին կամ համասեռամոլներին, ничего себе, ամեն մեկս առնվազն մի զույգ գիտե, որոնց ոչ ոք մատով չի կպչում։ Բայց դե օրենսդրական հանդուրժողականություն է մեզանից ակնկալվում, եւ բացի այդ էլ պարզվում է գլխավոր դատախազի գրասենյակից են հայտնել «Միջազգային ներում» կազմակերպությանը, որ 93 թվականից ի վեր նման 21 քրեական գործեր են եղել, ներառյալ 4-ը՝ 1997 թվականին եւ 7-ը՝ 1996-ին։

«Անուշիկ» երկիր է ուզում տեսնել Հայաստանը «Միջազգային ներումը», բայց դե Տղամարդկանց երկիրը այսպիսի զեկույցների է դիմացե՞լ. մենք ուզում ենք ժողովրդավար լինել եւ կլինենք, մարդու իրավունքների հարգումը եւս խիստ կարեւոր ենք համարում, բայց դե իսկական տղամարդուն ավելի ենք հարգում։ Քաղաքականության մեջ ինչպե՞ս է՝ պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքները թեեւ իրար հակասում են, բայց մեծ տերությունները դրանք երկուսն էլ գործածում են ի հարկավորս։ Զուգահեռներն ուսանելի են՝ մի աչքով բարկանալ, մյուսով՝ ժպտալ. մեծերից ենք սովորում։ Իսկ որ զեկույցում նշված է, թե իրավական մարմինների անկախությունն ամբողջությամբ երաշխավորված չէ, կարծում եմ, շատերս ենք համաձայն եւ կողմ ենք հանձնարարականներին՝ անկախ մի մարմին ձեւավորելու եւ հետաքննելու օրինապահ մարմնի կողմից իրագործված տանջանքների ու վատ վերաբերմունքի վերաբերյալ դիմումները, վերապատրաստելու մեր իրավաբաններին եւ դատավորներին՝ մարդու իրավունքների բնագավառում, ինչպես նաեւ տարածելու «Միջազգային ներում» կազմակեպության սկզբնական զեկուցագիրն ու նրա հանձնախմբի եզրափակիչ դիտարկումները։

Բարի վայելում։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031