Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆ … ՔՆՆԱՍԵՆՅԱԿԻՑ

Օգոստոս 11,1999 00:00
qnnutyun

«Առավոտ» օրաթերթի օգոստոսի 7-ի համարում տպագրվել է «Համալսարանի (?) հայոց լեզվի ամբիոնի դոցենտ» Ռուբեն Սաքապետոյանի «Հարցարանների եւ արհեստավարժ քննողների մասին» հոդվածը, որ «ծանր դեպք» է ընդունելության քննությունների ողջ պատմության ընթացքում:

Ինքնին բնական համարելով քննությունների թերի կողմերի քննադատությունը՝ կարծում եմ, որ Սաքապետոյանն ընտրել է գոտկատեղից վար խփելու եղանակը: Ծանր, պատասխանատու, լարված աշխատանքի մեջ մխրճված գործընկերոջը, անդունդի եզրով գնացողին նենգաբար հրելու փորձի ողջ ստորությունն ու սնանկությունը ցույց տալու համար ստիպված եմ մի պահ շեղվել բուն գործից եւ պատասխանել հակառակորդի գոնե գլխավոր մեղադրանքներին:

Ռ.Սաքապետոյանին կարեվեր խոցել է այն, որ «Առավոտին» տված վերջին հարցազրույցում ես քննադատել եմ հայոց լեզվի հարցաշարերի ժողովածուն: Չեմ ժխտում, որ վերջին երկու տարվա ընթացքում պաշտոնապես, թերթերի միջոցով եւ եթերում նշել եմ այդ հարցարանների թերությունները, որոնք, ի դեպ, շատ ցայտուն են երեւում հատկապես գրավոր աշխատանքների ստուգման ընթացքում: Իբրեւ «այդ հարցարանի կազմողներից, այլ նաեւ խմբագիրներից մեկը»՝ Ռ.Սաքապետոյանը պետք է որ իմանա ընդգրկված նյութերի մի քանի էական արատները: Նշեմ դրանցից միայն մեկը:

«Տեստ» կոչվող երեւույթը պետք է լինի առավելապես ձեւայնացված, այսինքն՝ ամեն հարց պիտի ունենա մեկ ճիշտ պատասխան: Գործող շտեմարանը հարյուրավոր դեպքերում շեղվում է այս պահանջից: Նույն Ռ.Սաքապետոյանի կազմած (կամ խմբագրած) 4-րդ առաջադրանքում կան բազմաթիվ նախադասություններ, որոնցում բաց թողած բառը դիմորդը կարող է տեղադրել ոչ թե 2, այլ 5-6, երբեմն 10-15 ձեւով: Ահա, օրինակ, 4-րդ հարցաշարի 705 նախադասութունը.

Անտառամիջյան արահետով ․․․ մի հորդառատ ․․․, որը ժայթքում է մամռոտ ․․․ միջից, խոր շունչ ․․․:

(քաշել, հասնել, ժայռ, աղբյուր)

Այս նախադասության 2-րդ եւ 3-րդ բառերն ունեն մեկական լուծում (աղբյուրի, ժայռի): Առաջին վանդակի բառը կարող է արտահայտվել «հասնելով» դերբայով, բայց կարող է ունենալ նաեւ դիմավոր ձեւ: Այդ դեպքում առաջին եւ չորրորդ դիքերում կառաջանա լուծումների աներեւակայելի բազմազանություն (հասա-քաշեցի, հասար-քաշեցիր, հասավ-քաշեց, հասանք-քաշեցինք, հասաք-քաշեցիք, հասան-քաշեցին, հասել եմ-քաշել, հասել ես-քաշել… կհասնեմ-կքաշեմ, կհասնես-կքաշես… եւ այսպես շարունակ):

Այսպես կոչված զուգաձեւությունների խնդիրն իսկապես ծանր խնդիր է, եւ Ռ.Սաքապետոյանն իզուր է կարծում, թե ես իբրեւ քննական հանձնաժողովի նախագահ շրջանցում եմ այն: Իրականում եւ՛ անցյալ տարի, եւ՛ այս տարի ստուգումը կատարվել է հնարավոր բոլոր ճիշտ լուծումները հաշվի առնելու հայեցակարգով, եւ այդ առումով նույնիսկ եզակի դժգոհություններ չեն եղել: Բայց զուգաձեւություն չի նշանակում կամայականություն: Ի վերջո, պետք է լինի մի սահման, որից անցնելն արդեն անհեթեթ է: Այդ սահմանը, իհարկե, դպրոցական դասագիրքն է, եւ դրանում արդեն իսկ կանոնակարգված, որոշարկված երեւույթները պետք է համարել վերջնական (այս պահին եւ այս փուլում):

Ընդդիմախոսն ինձ մեղադրում է «ընդհանուր ենթակայով դերբայական դարձվածի» (ի դեպ, սա Սաքապետոյանի միակ հանճարեղ գյուտը չէ) միայն մեկ կետադրություն ընդունելու համար: Նա ճիշտ է համարում նաեւ «Ձին երկու ոտքերի վրա ծառս լինելով՝ խրխնջաց» լուծումը: Չփորձելով դոցենտ կոչված լեզվաբանին բացատրել, որ դերբայական դարձվածը չի կարող ունենալ ենթակա, առաջարկում եմ բացել 8-րդ դասարանի հայոց լեզվի դասագիրքը եւ կարդալ.

«Միջադաս տրոհված դերբայական դարձվածը նախադասության մյուս անդամներից բաժանվում է ստորակետով:

Օրինակ՝ Նրանք, հաջողությամբ ավարտելով օրվա աշխատանքը, գոհ վերադարձան տուն:

Սխալ է «Նրանք հաջողությամբ ավարտելով օրվա աշխատանքը՝ գոհ վերադարձան տուն» տարբերակը. ենթական չի կարող մտնել դերբայական դարձվածի մեջ» (Սերգեյ Աբրահամյան, Հայոց լեզու, 8, 1998, էջ 159-160):

Արդեն որերոդ անգամ շահարկվում է նաեւ գրականագետ- լեզվաբան անմիտ հակադրությունը: Սաքապետոյանը, բարեբախտաբար, ճանաչում է «բազմաթիվ օժտված գրականագետների, որոնք նույնքան հմուտ են լեզվի հարցերում», բայց համոզված է, որ այս տարվա «հանձնաժողովներում ընդգրկված են ո՛չ այդ կարգի գրականագետները, եւ ոչ էլ՝ ամբիոնների առաջատար լեզվաբանները»: Խոսքի մշակույթի եւ ոճաբանության մասնագետ Սաքապետոյանի խղճին եմ թողնում վերջին երկու տարիների առաջին հանձնաժողովի գրականագետ նախագահի լեզվական գիտելիքների եւ օժտվածության գնահատումը, որը նա կարող է տալ երեք գրքերի եւ շուրջ հիսուն հոդվածների լեզվական մակարդակի վերլուծությամբ, բարձր գնահատականի արժանացած մի քանի հազար գրավորների վերընթերցումով: Կարծում եմ, չարժե քննական գործից մեկուսացված մարդու վրեժխնդրությամբ կառչել փրփուրներց եւ դիմել հերյուրանքների ու վիրավորական ընդհանրացումների: Ամիսներ առաջ ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Լեւոն Եզեկյանը նույնպես բամբասանքի էժանագին արտահայտությամբ մի քննարկման ժամանակ հայտարարեց, թե անցյալ տարվա նախագահները մասնագետ չէին, եւ հանձնաժողովներում «ոչ մի լեզվաբան չկար» (բառացի քաղված է մամուլից): Եվ դա այն դեպքում, երբ միայն առաջին հանձնաժողովի 15 անդամներից 9-ը լեզվաբաններ էին՝ համալսարանի հայոց լեզվի, հայոց լեզվի պատմության եւ լեզվաբանության ամբիոնների, ԳԱԱ լեզվի ինստիտուտի աշխատակիցներ, ընդամենը մեկ բացառությամբ՝ գիտությունների թեկնածուներ կամ դոցենտներ: Այլ հարց է, որ Սաքապետոյանն էլ իր վարիչի նման մասնագետ չի համարում իր գործընկերներին՝ առանց տարբերակման գրելով. «Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ այս տարվա հանձնաժողովներում քիչ չեն մարդիկ, որոնք դպրոցական թելադրությունն անսխալ չեն կարողանա գրել»:

Այս տարի նույնպես հայոց լեզու-1 առարկայական հանձնաժողովում մեծ թիվ են կազմում լեզվաբանները (12 անդամից 7-ը): Եթե մոլուցքի մեջ ընկած դոցենտն անգրագիտության մեջ մեղադրում է նաեւ նրանց, ծագում են խիստ բնական հարցեր: Այդ ինչպե՞ս է պատահել, որ տգետ, անտեղյակ մարդիկ հանձնաժողովներում ընգրկվելուց շատ տարիներ առաջ հայտնվել են, օրինակ, նույն հայոց լեզվի ամբիոնում, պաշտպանել դիսերտացիաներ, վարել դասընթացներ ու գործնական պարապմունքներ: Եթե մեղադրանքը տեղին է, այս ամենի համար պետք է պատասխանատվության կանչել հատկապես Լեւոն Եզեկյանին՝ հովանավորչության եւ վատ աշխատանքի համար (մեր հանձնաժողովում աշխատում են հայոց լեզվի ամբիոնի չորս անդամներ, մեկ դոցենտ եւ երեք թեկնածու): Իսկ եթե հերյուրանք է նրա ասածը, միգուցե արժեր նոր ուսումնական տարվա սկզբին ամբիոնի նիստում քննարկել զրպարտչի հարցը…

Իսկ հիմա անցնեմ ավելի շոշափելի, առարկայական մեղադրանքներին: Ավելի ճիշտ՝ մեղադրանքին, որովհետեւ Սաքապետոյանը բերում է լեզվի առաջին հանձնաժողովի «խոտան» աշխատանքի մասին վկայող մեկ հատիկ օրինակ (հավանաբար լրտեսները նյութ չունեն կամ վատ են աշխատում): Ստուգողը 1 միավոր է հանել ընդարձակ բառի ընդարդակ գրության համար՝ համարելով ուղղագրական սխալ եւ ոչ թե վրիպակ: Իսկապես, եղել է այդպիսի գրավոր աշխատանք, գնահատվել է 17 միավոր: Լեզվի ամբիոնի դոցենտին դասեր չտալով՝ հիշեցնեմ, որ ձայնեղ բաղաձայնները ր-ից հետո հայտնվում են ուղղագրական դիրքում: Տեղեկացնեմ նաեւ, որ ըստ գնահատման չափանիշների՝ «արտագրության ընթացքում թույլ տված ուղղագրական սխալի համար հանվում է 1 միավոր» (Դիմորդի ուղեցույց, 1999, էջ 30): Անտեսելով այս պարզ իրողությունը՝ դոցենտը լեզվական սխալներով ուղեկցվող անհեթեթ դատողություններ է անում ինչ-որ քմայնացման մասին: Իրականում ստուգողը պարտաճանաչորեն հետեւել է կանոնին, աշխատանքը գնահատվել է 17, ուստի չի վերստուգվել նախագահի կողմից: Բողոքարկման ժամանակ, հաշվի առնելով սխալի ոչ շատ կոպիտ լինելը եւ գրավոր աշխատանքի ընդհանուր մակարդակը, առարկայական հանձնաժողովի նախագահը գանգատարկման հանձնաժողովի նախագահի մասնակցությամբ բարձրացրել է գնահատականը: Այդ մասին կա արձանագրություն, որ մեջբերում եմ անտեղյակի եւ զրպարտչի համար, որը նենգամտորեն գրում է, թե «աշխատանքը չի վերագնահատվել բողոքարկման ընթացքում»:

«Դիմորդ Լուսինե Մերուժանի Դանիելյանի (անձնական համարը 01002017, տասնյոթ) գնահատականը վերանայել հետեւյալ հիմնավորմամբ. ընդարդակ բառի մեջ դ-ն համարել վրիպակ, քանի որ չի ենթարկվում ձ-ց ուղղագրության կանոնին. 16.5+1=17.5=18 (տասնութ)» (ստորագրված է իմ, գանգատարկման հանձնաժողովի նախագահ Բ.Ներսիսյանի եւ ԵՊՀ ընդունող հանձնաժողովի նախագահ Ռ. Մարտիրոսյանի կողմից):

…Հիմա ավարտին է մոտենում այսօրվա՝ օգոստոսի 8-ի քննությունը: Եվ քանի որ շուտով սկսվելու է ստուգումը, շատ չշեղվելու համար ասեմ վերջինը: Դիմորդի գրած դ-ն վրիպակ համարելով՝ չեմ կարող նույնքան ներողամիտ լինել լեզվի ամբիոնի դոցենտի, ուրիշին դասեր տվող «առաջատար լեզվաբանի» լեզվական կոպիտ սխալների նկատմամբ: Ամենամեղմ մոտեցումով անգամ՝ առնվազն 0.5 միավոր եմ հանում Սաքապետոյանի հոդվածում հանդիպող մի շարք սխալների համար.

1. «… կատարել էր ոչնչով չարդարացված միջնորդություններ» (պետք է լինի միջամտություններ):

2. «… մեր ձեռքն ընկան մի շարք գրավոր պատճեններ»:

Իսկ ահա հայերենում գոյություն չունեցող «բացթողված», «հասկացնել տալ» եւ այլ տասնյակ սխալ բառաձեւերի համար հանում եմ 1 միավոր: Բայց քանի որ այս ընթացքով Սաքապետոյանի հոդվածը կգնահատվի անբավարար, ընդհատում եմ ստուգումը: Չէ՞ որ այստեղ եմ եկել դիմորդներին եւ ոչ թե իմաստակ լեզվաբաններին քննելու համար:

Այսքանը:

Մնացյալը՝ քննություններից հետո:

ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հայոց լեզու-1 առարկայական հանձնաժողովի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031