Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐԻԿՍ ՊԵՏՔ Է ՀԱՃԱԽԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ

Օգոստոս 11,1999 00:00
mankapartez

Իրարամերժ զգացմունքները տակնուվրա են արել հոգիս։ Որդիս՝ առաջնեկս, պետք է ոտք դնի նախակրթարանի շեմին, դառնա նրա լիիրավ անդամը։ Փոքրիկիս կյանքում տեղի է ունենալու մի կարեւոր, շատ կարեւոր իրադարձություն, որի իմաստը հասկանալու եւ գնահատելու է ուշ, ավելի ուշ եւ պատմելու է, հիշելու եւ հրճվելու…

Ուղղվում ենք, բնականաբար, բնակության վայրին ամենամոտ մսուր-մանկապարտեզը (թիվ 227)։ Վարիչը տեղում չէ, երկար ժամանակ չի լինելու, անորոշ ժամանակով բացակայելու է, բայց.

– Կճանապարհենք նախադպրոցականների խումբը, երեւի տեղ կազատվի։ Սեպտեմբերին եկեք՝ մի բան կմտածենք։

– Լա՛վ, այլ մանկապարտեզ կփնտրեմ,- մտմտում եմ ես։

– Այստեղ ուրիշը չկա, միայն մենք ենք։ Մի՛ փնտրեք, ո՛չ վերեւ գնացեք, ո՛չ ներքեւ։

Տարօրինակ չէ՞, որ մի հսկայական թաղամասում միայն իրենք են։ Ո՛չ, տողատակ չեմ փնտրում, բայց զարմանալին այն է, որ ո՛չ ընդունում են, ո՛չ մերժում։ Տարակուսած դուրս եմ գալիս բակ, հետեւիցս, թերեւս, «պատահաբար» մի կին հասնում է ինձ ու բացատրում, որ պետք է պատրաստված գայի։

– Բայց երեխան բոլորովին ինքնուրույն է, նա…

– Մի՞թե այդքան միամիտ եք. պատրաստվելը՝ ա՛յ,– հետեւեց պատասխանը, եւ բութն ու ցուցամատը իրար շփեց։

Մյուս փորձությունն սպասվում էր թիվ 84-ում։

– Ձեր երեխան 2 տարի եւ 7 ամսական է։ Ա՛յ, որ լիներ 2 կամ 3 տարեկան՝ կընդունեի, այստեղ տեղափոխումը կատարվում է դասարանների նման։ Գուցե պատասխանն ունի մասնագիտական նրբությո՞ւն, բայց մի՞թե փոքրերի գործող խմբերում հավաքագրված են միայն նույն տարվա եւ նույն ամսվա երեխաներ, չկա՞ն 2,3, 2,5, 2,8 տարեկան երեխաներ։

Հետաքրքիր զուգադիպությամբ, այստեղ եւս վարիչի մոտից հեռանալուց հետո բակում ինձ հետ տարվեց բացատրական աշխատանք՝ «պատրաստվածության» ձեւի եւ չափի մասին։

Ես չգիտեմ՝ վարիչները տեղյա՞կ են տարվող այս աշխատանքների մասին. ո՞ւմ պատվերներն են կատարվում։

Գուցե չափազանցություն է, բայց ինձ թվաց՝ երեխան հասկանում էր իրադրությունը. նրան ջերմորեն չընդունեցին, շոյող հայացք ու գուրգուրող ձեռք չտեսավ, ինչին երկար ժամանակ նախապատրաստել էի։ Սխալն իմն էր, մերժման այս տարբերակներին չէի պատրաստվել, «տարօրինակ» տրամաբանությամբ մտածում էի եւ հավատում, որ կրթության այդ օջախում, որը կոչվում է նախակրթարան, նման հարցեր չեն քննարկվում, որովհետեւ գործ ունեն բոլորովին մանկահասակների հետ։ Նորից սխալվել եմ. աղտի սերմը, թերեւս, գցվում է հե՛նց այստեղ, որի վերջնական տեսքը մոլախոտն է…

ՀԱՍՄԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Ս.թ. մայիսի 5-ից երեխաս հաճախում է Արաբկիրի թիվ 76 մսուր-մանկապարտեզ, ուր ընդունվեց առանց ձեւականությունների եւ «սահմանված նորմերի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031