Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ԿԵՂՏՈՏ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳԱՐՇԱՀՈՏ ԹԵՄԱ

Օգոստոս 11,1999 00:00
Toto

Քաղաքակրթության ինչ-որ մի աստիճանից մարդկության համար նոր «գլխացավանք» առաջացավ։ Խոսքը սեփական «արտադրության» աղբի մասին է։ Խոշոր քաղաքների համար աղբանոցները ֆինանսական լուրջ ծախսեր են պահանջում։

Խոշոր քաղաքների համար աղբավայրերը նաեւ էկոլոգիական լուրջ պրոբլեմ են։ Օրինակ՝ Երեւանի աղբավայրի տարածքը 60 հեկտար է։ Հետաքրքիր է, որ նույնիսկ խորհրդային շրջանում աղբահանությունը կանոնավորված բնույթ չի ունեցել։ Երեւի «հարուստ» երկրում նման պրոբլեմները լուրջ չէին համարվում։ Միայն 80-ականների վերջում սկսվեց աղբամշակման ձեռնարկության շինարարությունը, որը մինչեւ այսօր էլ կիսակառույց է։ Սեփականաշնորհման հանված Նուբարաշենի գործարանի անավարտ շինարարությունը այդպես էլ գնորդ չգտավ։ Մինչ այդ արտադրական եւ կենցաղային թափոնները որպես երկրորդային հումք հետաքրքրել են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան գործարարներին։ Երկրների ցուցակը միայն պատկառանք է ներշնչում՝ Ֆրանսիա, Ճապոնիա, Շվեյցարիա, Բելգիա, Ռուսաստան (անգամ Մոսկվայի կառավարությունը), Գերմանիա։ Այս բոլոր երկրների գործարարներն ու մասնագետները պարբերաբար ուսումնասիրել են երկրորդական հումքի արտադրության հնարավորությունը։ Ուսումնասիրել ու հեռացել են։

Մասնագետների եւ ոլորտի ղեկավարների կարծիքով աղբամշակման ձեռնարկություն հիմնելու նախագծերը չեն իրագործվում զուտ ծավալների պատճառով։ Ութսունականներին երեւանյան կենցաղային եւ արտադրական թափոնների ծավալը գերազանցում էր 1000 տոննան։ Այսօր Երեւանում հավաքվում եւ տեղափոխվում է 100-120 մեքենա աղբ։ Ընդհանուր ծավալն օրական կազմում է 250-300 տոննա։ Արտադրական (վերամշակման) տեխնոլոգիայի տեղադրումը, ֆինանսական իմաստով, իրեն կարդարացնի միայն ծավալների 3-4 անգամ մեծանալու դեպքում։ Ծավալի կրճատումից բացի, փոխվել է նաեւ աղբի «կառուցվածքը»։ Խորհրդային տարիներին երեւանյան կենցաղային թափոնների կեսից ավելին «սննդամթերքային» ծագում ուներ։ Հիմա սննդամթերք թափվում է միայն ամռան վերջին երկու ամսում՝ տնային տնտեսուհիների պահածոյացման մեծ եփութափի շրջանում։

Ձմռան ամիսներին աղբի ծավալը կտրուկ նվազում է, որովհետեւ բնակչությունը չի թափում այն, ինչ հնարավոր է օգտագործել ջեռուցման նպատակով։ Նուբարաշենի աղբավայր կենցաղային աղբը հասնում է արդեն մշակված։ Աղբամաններ «քրքրելը» սովորական կենցաղային երեւույթ է դարձել՝ «թշվառ ու փոքրիկ բիզնես»։ Մարդիկ փնտրում են հաց, մետաղ, շշեր։ Այն, ինչ հասնում է Նուբարաշեն, մշակվում է հետեւյալ կերպ։ Ձեռնարկության հին (T171) երկու տրակտորներ հարթեցնում են այն։ Երբ շերտը հասնում է 5 մետրի՝ այն հողով ծածկվում է։ Պարբերաբար մշակվում է նաեւ կենսագազերի հեռացման ծրագիր։ Աղբավայրերի մշակման մասնագետներ խորհրդային տարիներին չեն պատրաստվել, հետեւաբար, աղբի մշակումը որպես ռեկուլտիվացիա պարզապես օտար, անծանոթ բառ է։ Վերջին անգամ 5 մլն դրամ է ծախսվել կենսագազերի հեռացման համակարգի կիսատ շինարարության համար։ Մյուս կողմից Նուբարաշենի աղբավայրերի ձեռնարկության վիճակն այսօր ֆինանսական առումով վատ չէ։ Ձեռնարկության ղեկավարության տվյալներով 97-ին պարտքեր էին կուտակվել (մոտ 5 մլն հարկային, 5 մլն կենսաթոշակային ֆոնդին)։ Այս պարտքերը 98-ին մարվել են։ Աշխատավարձ 99 թվականին դեռեւս չի վճարվել։

Լուրջ չեն այն խոսակցությունները, թե աղբավայրը կենսագազի «հանք» է։ Նախ վերջին տարիներին փտելու ենթակա աղբի «տեսականին» կտրուկ կրճատվել է։ Երկրորդ՝ աղբավայրը համարյա ամեն տարի վառվում է։ Այսօր քաղաքի բարձրահարկ շենքերից նկատելի է ծխի շերտը այդ տարածքում։ Եվ երրորդ՝ անգամ ջատագով մասնագետների հաշվարկով կուտակված կա ընդամենը մոտ 9 մլն խմ գազ։ Սա, ինքնին, լուրջ ծավալ չէ արդյունահանում կազմակերպելու համար (2 օրվա ծախս երկրի համար)։

Փաստորեն, առայժմ մեր քաղաքի աղբավայրը միայն մեզ է հետաքրքրում։ Համատեղ ձեռնարկություն հիմնելու հարցը օտար ներդրողներին կհետաքրքրի միայն մեր կենսամակարդակի աճի դեպքում։ Երբ կավելանա կենցաղային աղբի ծավալը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031