ԸՆԴԴԵՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Գ. Խաչատրյան) շարունակում է քննվել Սվետլանա Գրիգորյանի հայցն՝ ընդդեմ մարզպետ Հրայր Կարապետյանի։ Երեկ շարունակվեց հերթական դատական նիստը, որին դարձյալ մարզպետը չներկայացավ (այս էլ երկրորդ անգամ)։ Նրա փոխարեն, որպես պատասխանող կողմ, այս անգամ էլ ներկայացավ սոց. ապահովության վարչության պետ Դավիթ Երիցյանը (առաջին նիստի ժամանակ պատասխանողի ներկայացուցիչ Ս. Ղուկասյանն էր)՝ մարզպետի լիազորագրով հանդերձ։ Մարզպետի կողմից նման «խաղերը» անչափ վրդովմունք էին պատճառել Ս. Գրիգորյանին։ Նա գիտեր, որ դատական նիստը սկսելուց առաջ պետք է նախապատրաստվել համապատասխան փաստաթղթերով («եթե, իհարկե, դատավորը նպատակ չունի դիտավորյալ դատական քաշքշուկ ստեղծել եւ այն ձգձգել»)։ Դատական նիստը «անհիմն պատճառներով» հետաձգվեց մինչեւ օգոստոսի 13-ը, որին կհրավիրվեն նախկին սոցապ նախարար Գագիկ Եգանյանը եւ ստուգող հանձնաժողովի անդամները։ Վերջիններս կքննվեն Գ. Եգանյանի ներկայությամբ։ Եթե «պահեստայինների նստարանին» այլ տեղաշարժեր չնկատվեն։ ՀԱՍՄԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ