Կենտրոն-Նորք-Մարաշի դատարանում ընթացող Պետական եկամուտների նախարարության հայցն ընդդեմ OTE, TWT եւ TWTH ընկերությունների, զուտ տեխնիկական առումով, տեղափոխվեց Վճռաբեկ դատարանի շենք։
Մեր դատավորները պետության վարկը փրկելու համար մտածեցին, որ միջազգային բնույթի այս դատավարությունը կարելի է անցկացնել ավելի բարվոք դահլիճում, քան Կենտրոնի ծակծկված հատակով եւ կոտրված նստարաններով դահլիճներն են։ Չնայած տարածքային պայմանների բարելավմանը դատաքննությունն այդպես էլ չսկսվեց, քանի որ կողմերը 40-օրյա ժամկետ վերցրին համաձայնության գալու համար։ Սակայն մինչ դատավոր Ավետիսյանը կկայացներ այս որոշումը, TWT եւ TWTH ընկերությունների ներկայացուցիչ Վան Կրիկորյանը միջնորդություն ներկայացրեց՝ որպես այս գործով վկաներ դատակոչել նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Դարբինյանին, Վահրամ Ավանեսյանին, Գրիգոր Պողպատյանին, Հրանտ Բագրատյանին, Պավել Ղալթախչյանին, Էդվարդ Սանդոյանին եւ գործարքի կնքմանը նախորդող շրջանի այլ պաշտոնյաների։ Այս միջնորդությունը կքննարկվի, եթե 40-օրյա ժամկետում կողմերը հստակ համաձայնության չգան, եւ եկամուտների նախարարությունը հետ չվերցնի հայցը։ Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար դիմեցինք TWT եւ TWTH ընկերությունների ներկայացուցիչ Վան Կրիկորյանին։
-Թվում է, թե դատարանն ունի պատրաստի վճիռ, եւ այն ձեր օգտին չէ։
-Ավելի շուտ Հեյդար Ալիեւը կհաղթի մարաթոնյան վազքում, քան մենք կպարտվենք այս գործում։ Պայմանագիրն այնքան պարզ է. այնտեղ գրված է, որ հարկերը պետք է վճարի գնորդ կողմը։
Կարդացեք նաև
-Այսինքն՝ OTE-ն։
-Տվյալ դեպքում գնորդը OTE-ն է՝ այդպես է պայմանագրով, եթե, իհարկե, այլ գաղտնի պայմանագիր գոյություն չունի։
-Դուք ներկայացրիք մի ցուցակ եւ միջնորդեցիք, որ նրանք հարցաքննվեն դատարանում։ Ինչպե՞ս են նրանք ապացուցել ձեր իրավացիությունը։
-Սա երկար բանակցությունների արդյունքում ստորագրված գործարք է։ Անընդհատ դոլարների առեւտուր է գնում, եւ մենք կառավարությանը 7 մլն դոլար հավելյալ գումար ենք մուծել։ Այս մարդիկ ներգրավված են եղել բանակցությունների մեջ, եւ յուրաքանչյուրը գիտի պատմության մի կտորը։ Այդ ամենը համադրելով կարելի է հասկանալ, որ պայմանագիրը հարկերը վճարելու պարտականությունը դնում է OTE-ի վրա։ -TWT-ի ներկայացուցիչ Ռոբերտ Գրինը պնդում էր, որ խոշոր չափի կաշառքներ են տրվել բանակցությունների մասնակից հայկական կողմին։ Դա կարող է ազդել դատաքննության վրա։ -Կազմակերպությունը լիովին ժխտում է դա։ Իսկ որպեսզի ես համոզվեմ դրանում, ժամանակ է պետք, քանի որ նոր եմ ընդգրկվել այս գործի մեջ։ Բացի այն, որ չկան ապացույցներ, կազմակերպությունը լիովին ժխտում է դա, թեեւ կան չարաշահումների դեպքեր։
-Երբ խոսում եք համաձայնության գալու մասին, ի՞նչ է դա ձեզ համար։
-Չհետեւել այն վնասների փոխհատուցման հարցին, որը պատճառել է Հայաստանի կառավարությունը TWT-ին։ Մենք պատրաստ ենք խոսել եւ նաեւ լսել։
ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հ. Գ. Վան Կրիկորյանը շնորհակալություն հայտնեց դատավոր Ավետիսյանին՝ նախորդ եւ ներկա դատարանների դահլիճների տարբերությամբ հաճելիորեն զարմացնելու համար։