Լրահոս
Օրվա լրահոսը

РАСТЕТ НА ГЛАЗАХ

Օգոստոս 11,1999 00:00
Tigran Levonyan

Լեւոնյանի աճի տեմպերը

Տիգրան Լեւոնյանն իրար է խառնվել… կրկին վերադարձել է իր սիրած՝ «բաց նամակների» ու հարցազրույցների, ժանրին։ Մոռանում է միայն, որ ի տարբերություն իրեն, մարդկային հիշողությունը կարճ չէ ու ամրագրում է նախկին ասվածները։ Գրերի գյուտից հետո «Խոսքից հետք չի մնում» իսպանական առածը իմաստազրկվել է։ Իսկ մամուլը պարբերաբար արձանագրում է որոշ մարդկանց «խելոք» մտքերը։

1997 թ. (փետրվարի 28-ից) մինչեւ 1999 թ. (մեր օրերը) Լեւոնյանը գիտակցական ու մասնագիտական «մահացու» աճ է ապրել։ 1997 թ. փետրվարի 28-ին «Հայաստանի Հանրապետություն» թերթում «Մշակույթը պետք է ղեկավարեն ոչ թե մարդիկ, այլ չափանիշները» վերնագրով ծավալուն բաց-նամակատիպ հոդված էր գրել (այն ժամանակ՝ ընդդեմ մշակույթի նախարար Արմեն Սմբատյանի)։

Գրել է. «Հարգարժան նախարարի մի հրամանով վերջերս բոլոր թատրոնների գեղարվեստական ղեկավարները դարձան նաեւ տնօրեններ… Բայց չէ՞ որ այդպիսի համահարթման «արդյունքները» չեն ուշանա իրենց դրսեւորել. չէ՞ որ մշակույթին չառնչվողներն իսկ գիտեն, որ գլխավոր ռեժիսոր կա, որին չի կարելի գեղարվեստական ղեկավարի պաշտոն վստահել եւ գեղարվեստական ղեկավար կա, որին ուղղակի հակացուցված է նաեւ տնօրեն լինել (Սունդուկյանի անվան թատրոնի կործանումը մի՞թե դրա վառ օրինակը չէ)։

Մենք ե՞րբ պիտի ըմբռնենք, որ մեր մշակութային գործունեության բուրգի գագաթին պիտի լինի ոչ թե տնօրենի կամ նախարարի անձի գերիշխանությունը, այլ նրա առաջ քաշած եւ մյուսների կողմից ընդունված չափանիշների գերիշխանությունը»։

Պետք է ասենք նաեւ, որ 1997 թ. մինչեւ 1998-ը ընկած ժամանակահատվածում Լեւոնյանը հասցրել է մամուլով հայտարարել, թե միայն իրեն է պատկերացնում մշակույթի նախարարի պաշտոնում (այդ թվում նաեւ՝ ուրիշ ոչ մեկին, իրենից բացի, չի պատկերացնում Օպերայի եւ բալետի թատրոնի գեղարվեստական ղեկավարի, գլխավոր ռեժիսորի, տնօրենի պաշտոնում)։

Նույն Լեւոնյանը, 1999 թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում, իր սիրած ժանրին հավատարիմ, ընդվզում է Շառոյանի դեմ («Իրավունք», «Новое время»)։

«Վերջին 1,5 տարում Ռ. Շառոյանը հետեւողականորեն մեզ զրկեց անկախության այն կաթիլներից, որոնք անկախության տարիների սկզբից օգնում էին մեզ շնչել, ապրել եւ ստեղծագործել։ Եվ նա, անկախ մեր մասնագիտական փաստարկումներից, օպերային թատրոն ներմուծեց այնպիսի բորբոսնած, հին վարչահրամայական համակարգ, որ օպերային թատրոնի պրոֆեսիոնալները ուղղակիորեն վասալական կախման մեջ գտնվեցին մեր գործից ոչինչ չհասկացող մշակույթի նախարարից։ Անկախության տարիների սկզբում թատրոնում հաստատագրվեց գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն ըմբռնումը, երբ թատրոնի ստեղծագործող առաջնորդը տնօրինում է թատերական ընթացքը, որպեսզի թատրոնի ողջ կազմակերպական ներուժը ծառայեցվի ստեղծագործական գերխնդիրներին։ Սա կարեւորագույն հանգամանք է։

…Մշակույթի նախարարը ամենավարչահրամայական, հարձակողական անիրազեկությամբ ջնջեց այդ տարիներին կազմավորված մեր կազմակերպական եւ ստեղծագործական կարգավիճակը եւ ներմուծեց մի տնօրինական համակարգ, այսինքն՝ թատրոն ներմուծեց երկիշխանություն։ Ստեղծագործական, գեղարվեստական ղեկավարը ես եմ, իսկ ֆինանսատնտեսականը՝ նոր նշանակված տնօրենը՝ Կամո Հովհաննիսյանը։ Թատրոնի մեջ մտավ մի մեծ ճաք։ Եվ սա արվեց մեր՝ պրոֆեսիոնալներիս ընդհանուր ժողովի բացարձակ միաձայն բողոքին հակառակ. ուղղակի վարչահրամայական դիկտատով մեզ պարտադրեցին նոր կարգավիճակ՝ վերակենդանացնելով 15-20 տարի առաջվա սովետական դիկտատը»։

Անկախություն ասելով Լեւոնյանը հասկանում է իր մենիշխանությունը՝ «պապա Կառլոյի» մտրակով։ Էլ ինչպե՞ս հաշտվի, երբ իր ձեռքից խլում են ֆինանսատնտեսական-տնօրինական գործերով զբաղվելու լիազորությունները։ Ասում են. ռեժիսոր ես՝ գործովդ զբաղվիր։

Չափանիշիերի, սկզբունքայնության մասին խոսող Լեւոնյանը ինքն էլ չի նկատում՝ երբ ինչ է խոսում։ Իր համար տարբերություն չկա՝ 1997-ին ինչ է ասել եւ 1999-ին ինչ է ասում։ Անկանխատեսելի էր նման աճը…

Եվ դեռ համարձակվում է Գեղամ Գրիգորյանի կամ Օհան Դուրյանի պես արվեստագետներին էլ բացասական գնահատական տալ. սա էլ մեծամտության նոր դրսեւորում է։ Բայց սա էլ է «աճ» (րոպե առ րոպե, ժամ առ ժամ… աննախադեպ աճ)…

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031