Խմբագրությունում հնչած հեռախոսազանգերը երեկ ընդամենը մեկ բովանդակություն ունեին. «Բա էս խավարման դեմն առնող չի՞ լինելու»։ Ուզում եմ հիասթափեցնել. կուսակցությունները հանրահավաքներ չեն անելու առ արեւն ու յուր խավարումը, կառավարությունը «գործուն» միջոցառումներ չի հասցնի ձեռնարկել «արեւի դեմն առնելու» համար, որքան էլ համալրված լինի երկրապահներով ու երկնապահներով։ Գրանտներ, ինչ արած, դուրս չեն գրվի մարդկությանն անհետաքրքիր այդ երեւույթն ուսումնասիրելու համար։ Մի խոսքով, ոչինչ արտառոց տեղի չի ունենա… Տեղի կունենա արեւի խավարում։
Արեգակին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, թե արեգակնային համակարգության մոլորակներն այդ օրը կդասավորվեն խաչաձեւ։ Մենք շատ քչերից կլինենք, որ չենք կարողանա տեսնել այդ շարժը… Ոմանք ասում են ժ. 11.00-ից հետո։
Արեւմտյան աստղագուշակներն այդ համարում են համաշխարհային պատերազմի նախասկիզբ։ Պավել Գլոբան ծիծաղում էր ընդամենը 90-ականներին եւ ասում էր, թե դա «իրականում մեծ թագավորի ծննդյան նշանն է. պայծառ մարդու»։ Յան Պարամոնովը այդ գրառելիս հաստատ պիտի հիշեր, որ ճիշտ ու ճիշտ մոլորակների դասավորությունը կլինի այնպես, ինչպես Սաշա Մակեդոնացու ժամանակ…
Էլ չենք նշում այն մասին, որ այս օրը ծնվել է մեկ այլ Սաշա… Կաշպիրովսկին, որի համար բամբասում են, թե «մոգադաշտը սեւ է»։
Կարդացեք նաև
Այս օրը ինքնակոչ, հավաստի, ալտերնատիվ-հավաստի աղբյուրները խորհուրդներ են տալիս վիրահատություններ չանել։ Մանավանդ, ժ. 15.12-ից հետո խորհուրդ է տրվում նստել տանը, չլինել փողոցում։ Չհուզվել, չծանրաբեռնվել ավելորդ գործերով։ Մեկ լուսանկարչական ապարատ չէր խանգարի պահել մոտներդ. հանկարծ ու էդ խավարումը կողքովդ անցավ։ Կարելի է եւ մուգ ակնոցներ կրել. այդ ժամին արեգակը հաստատ չի նեղանա։
«Նեռը կծնվի 1999 թվականին, իսկ …կբացահայտվի 2020 թվականի վերջերին». այդպես են ասում Հայաստանում գործող անլեգալ կրոնական կազմակերպության՝ «Սատանայի որդիներ», անդամները եւ գտնում, թե. «Կեղծ մարգարեները կհռչակեն մի նոր գերկրոն»։ Նեռից հետո կգա Աշխարհի փրկիչը՝ երկրորդ Քրիստոսը, որի ծննդյան թիվ է նշվում 2000 թվականի փետրվարի 5-ը։ Այդ օրն էլ կանցնի մի անհայտ գիսաստղ։
Սպասենք, թե խավարումը ի՞նչ օյին կբերի, հետո կմտածենք գիսաստղի շարժի մասին…
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ