Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱՐԱՐՆԵ՛Ր, ԴԻՄԱՑԵՔ ՄԻՆՉԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԸ

Օգոստոս 11,1999 00:00
Smbat Ayvazyan

Ասում են, դարասկզբին Հայաստանում հարկերը չեն բարձրացնելու

«Գնացեք ամենահեշտ, ամենաուղիղ ճանապարհով՝ բարձրացրեք սակագները, կրճատեք բյուջետային ծախսերը։ Չե՞ք կարող՝ բարձրացրեք հարկերն ու տուրքերը».- հուլիսի 28-ի հեռուստաելույթում վարչապետ Վազգեն Սարգսյանը վկայեց, որ Միջազգային արժութային հիմնադրամն ու Համաշխարհային բանկն այս միջոցներն են առաջարկում բյուջեի ճեղքվածքը փակելու համար։ Եվ Հայաստանի պետական եկմուտների նախարար Սմբատ Այվազյանի հետ զրույցի առաջին հարցն էլ այդ ելույթից ծնվեց։

-Ուրեմն, բենզինի եւ ծխախոտի հաստատագրված վճարները բարձրացնելով՝ կառավարությունը նախընտրեց գնալ այդ ամենահեշտ ու ջանքեր չպահանջող ճանապարհո՞վ։

-Ո՛չ, հակառակը։ Եթե մենք հեշտ ճանապարհով գնայինք՝ պիտի առաջին հերթին բարձրացնեինք էլեկտրաէներգիայի, այնուհետեւ խմելու եւ ոռոգման ջրի սակագները։ Իմ կարծիքով, մենք գնացինք ավելի անցավ ճանապարհով։ Ակնկալիքն այստեղ հետեւյալն էր՝ բենզինի գինը չպետք է էապես թանկանար։ Իմ կարծիքով, սեպտեմբերի վերջին ավելի հարմար կամ էլ նախկին մակարդակի գին կունենանք։ Ավելի ստույգ, սեպտեմբերի վերջին 20 լիտրի համար 3600-3800 դրամ գին կարող ենք ունենալ։

-Թույլ տվեք հիշեցնել, որ չիրականացավ հաստատագրված վճարները բարձրացնելուց անմիջապես հետո ասուլիսում Ձեր այն կանխատեսումը, թե բենզինի գինը 4000 դրամի սահմաններում կլինի։

-Այս պահի թանկացումն առավել պայմանավորված է բենզինի միջազգային գների թանկացմամբ։ Բայց իմ կանխատեսած սահմանում այսօր էլ է հնարավոր պահել գինը։ Այս պահին բենզինն արժե 4200-4400 դրամ։ Իմ կարծիքով, դրանից ավելի չի թանկանա։

-Ձեր այլ կանխատեսումներին հակառակ, ըստ տնտեսական մեկնաբանների դիտարկումների, տեղական ծխախոտն այսօր ներմուծվածից թանկ է։

-Շուկան դա արագորեն կկարգավորի։ Երեւի թանկացման առումով դեր ունի ծխախոտի պակասը։ Նաեւ այսպիսի երեւույթ կա. վերավաճառողներն են առիթից օգտվում եւ շուկայում բարձր գներ պահպանում։ Իմ կարծիքով, «Գրանդ Տոբակոն» արագորեն ծխախոտների ավելի մեծ քանակ կմտցնի շուկա։ Եվ դրա հաշվին գները կիջնեն։ Ընդհանրապես տեղականն արտասահմանյանին համարժեք պիտի թանկանար՝ ոչ ավելի։

-Հայտարարել էիք, թե երբ գերշահույթ ապահովող ոլորտներում հարկերը բարձրացվում են՝ համարժեք թանկացում տեղի չի ունենում։ Անցած 10 օրում այդ պնդումը բազմիցս վիճարկվեց, թե բենզինի գնի բարձրացումն անպայման կանդրադառնա, ասենք, գյուղատնտեսական արտադրանքի գնի վրա։

-Այդպես չէ, թե բոլորովին չի անդրադառնում։ Բայց եկեք վերլուծենք։ Գյուղացին տարվա ընթացքում զուտ գյուղատնտեսական արտադրանքի համար շատ քիչ բենզին է օգտագործում։ Ենթադրենք, 300-500 կգ արտադրանք է տեղափոխում։ Ասենք, Արմավիրի կամ Արարատի մարզից տեղափոխման համար ընդամենը 10 լիտր բենզին է անհրաժեշտ գյուղացուն։ 10 լիտր բենզինի հաշվով ընդամենը 100-200 դրամ է թանկացում եղել։ Տեսեք, ամեն կիլոգրամի հաշվով նույնիսկ 1 դրամի թանկացում չի ստացվում։ Սա՝ մեկ։ Եվ երկրորդը, մեզ մոտ գյուղատնտեսական արտադրանքի վաճառքով ոչ թե գյուղացին է զբաղվում, այլ վերավաճառողները, եւ ձեռքբերման գնի եւ վաճառքի տարբերությունը նրանց մոտ բավական մեծ է։ Իմ կարծիքով, այդ 1 դրամը փոխհատուցվում է այդ տարբերության հաշվին։ Ես գյուղատնտեսական արտադրանքի թանկացում չեմ ակնկալում եւ այս պահին այն չկա էլ։ Մեր այս քայլը հիմնականում քիչ է կապված արտադրության հետ։ Բենզինն արտադրության մեջ բավական ցածր տոկոս է կազմում եւ էական նշանակություն չունի, բացի տրանսպորտային ձեռնարկություններից։

-Բենզինի ներմուծմամբ զբաղվողները կարծես առանձնապես դժգոհ չեն, փոխարենը ծխախոտի արտադրողներն էին վաղօրոք իրենց մտահոգությունները հայտնել։ Ասենք, «Գրանդ Տոբակո» ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը նշել էր, թե մաքսանենգ ճանապարհով ներմուծվող ծխախոտի ծավալի կտրուկ աճի հավանականություն կա։

-Ճիշտն ասած, այժմ էլ այդ մտավախությունը հիմք ունի, քանի որ ծխախոտի մաքսանենգությամբ զբաղվելու գրավչությունն ու շահավետությունն ավելի է մեծացել։ Մենք կազմել ենք մաքսանենգության դեմ պայքարի միջոցառումների ծրագիր, որը հատկապես ծխախոտին է վերաբերում։ Դրա դեմ մշտական, ամենժամյա անողոք պայքար է լինելու։ Ամեն դեպքում, մաքսանենգության ծավալը չի մեծանա։

-Եթե կառավարությունը հույս ունի, որ նաեւ հաստատագրված վճարների բարձրացումը մինչեւ տարեվերջ 8-11 մլրդ դրամի եկամուտ կբերի, Հրանտ Վարդանյանի գնահատմամբ՝ այս քայլն ընդամենը 2-3 ամիս կարդարացնի իրեն եւ ծխախոտից պետբյուջե կատարվող մասհանումները ոչ թե կավելանան, այլ ընդհակառակը՝ կնվազեն։

-Ամեն մարդ պիտի իր աշխատանքի համար պատասխան տա։ Կարծում եմ, որ այդպես չի լինի։ Մեր հաշվարկներն ավելի իրատեսական են։ Այն եկամուտները, որ ակնկալել, նախատեսել ենք՝ ստանալու ենք անպայման։

-Ասուլիսում արդեն իսկ որոշ բացատրություններ տվել էիք, թե ինչու չավելացան ոգելից խմիչքների համար սահմանված հարկերը։ Թերեւս բացատրությունները համոզիչ չէին, քանի որ այժմ առավել տարածուն է այն տեսակետը, թե վճռորոշ հանգամանքն այս է՝ գինու եւ օղու արտադրությամբ հիմնականում վարչապետի ծննդավայրի՝ Արարատի մարզի բնակիչներն են զբաղվում։

-Ավանդաբար այդ մարզում են գտնվել Արտաշատի, Վեդու, Երասխի գինու գործարանները, որոնք այսօր էլ շարունակում են աշխատել։ Ճիշտ է, գինու արտադրության տեսակարար կշռով նրանք առաջինն են մարզերի մեջ, բայց չեմ կարծում, թե դա ուղղակիորեն առնչվում է վարչապետի արարատցի լինելուն։ Դեռ երեք տարի առաջ, գինու արտադրության զարգացմանը համընթաց՝ այդ գործարաններն առաջնություն են ունեցել։ Եվ այդ նույն արտադրողների առաջարկությամբ մենք այժմ քննարկում ենք այդ ոլորտում հաստատագրված հարկերի անցնելու գաղափարը։ Իմ կարծիքով, դա ճիշտ ճանապարհ է, որ ե՛ւ իրենք կարողանան իրենց հաշվարկներն անել ու բիզնեսը նորմալ կազմակերպել, ե՛ւ պետությունը կարողանա հարկերը նորմալ ստանալ։ Եվ հետո, վարչապետի պաշտոնավարման առաջին իսկ օրից նա հստակ հսկողություն էր սահմանել հատկապես այդ ոլորտի վրա։ Եվ Արարատում գտնվող այն ձեռնարկությունները, որոնք զբաղվում էին օղու եւ սպիրտի արտադրությամբ՝ բոլորն էլ այսօրվա դրությամբ իրենց ապառքները փակել են։

-Այս իրադարձությունները դիտարկվեցին մանավանդ բենզինի ոլորտում գերադաս դիրքում հայտնված «Հայնավթգրուպին» կամ «Միկա-Արմենիային» իր դիրքերից հետ մղելու, եւ ընդհանրապես դարձյալ ազդեցության ոլորտների վերաբաժանման գործընթացի շրջանակում։

-Սա ուղղակի «Միկա-Արմենիայի» հետ չկապենք։ Վարչապետի տեսակետն է եւ այն շատ ճիշտ է՝ մենաշնորհային ոլորտ չպիտի լինի։ Իմ այն կանխատեսումը, թե բենզինի գինն իջնելու է՝ կատարվելու է հատկապես մրցակցություն ապահովելու միջոցով։ Համոզված եմ, որ եթե նախկինում այս ոլորտում մրցակցություն ունենայինք՝ 20 լիտրի գինը ոչ թե 3600 դրամ կլիներ, այլ ավելի պակաս։

-Այս ամենի մեջ, ԱԺՄ վարչության անդամ Դավիթ Վարդանյանի գնահատմամբ, բացասականն այն է, որ ժամանակ առ ժամանակ բարձրացող հարկերը գործարարներին անորոշության են մատնում։ Կառավարության հաջորդ քայլն անհայտ է եւ պարզ չէ, թե առաջիկայում ինչ փոփոխություններ են իրենց սպասում։ Հարկերի եւ տուրքերի անընդհատ բարձրացումը գործարարների շրջանակի նվազեցման գործոն չէ՞։

-Այս պահին քննարկվում է 2000 թվականի բյուջեն եւ այնտեղ հարկերի որեւէ բարձրացում չի նախատեսվում։ Հարկային համակարգի եւ քաղաքականության կարգավորման եւ պարզեցման խնդիրներ ունենք, բայց հարկային դրույքաչափերի բարձրացում, իրոք, չի լինելու։

-Բայց երկու ամիս առաջ կառավարությունն իր ծրագիրն ԱԺ-ում ներկայացնելիս նույնպես խոստանում էր հարկային բեռը նվազեցնել, մինչդեռ հակառակ քայլերի ականատեսն ենք։

-Նորից ասեմ, որ սրանք ստիպողական քայլեր էին մեզ համար։ Այն ժամանակ դեռեւս ամբողջությամբ չէինք տիրապետում բյուջեի ճեղքվածքի վերաբերյալ տեղեկատվությանը։ Հավելեմ, որ շատ ավելի շահավետ էր այստեղ բենզինի վաճառքով զբաղվելը, քան որեւէ արտադրություն կազմակերպելը։ Բոլորը տեսան, թե կարճ ժամանակահատվածում որքան բենզալիցքավորման կայաններ առաջացան Երեւանում։ Մի կողմից, ասում ենք, թե հանրապետությունում շրջանառու միջոցները բացակայում են, բնակչության ձեռքին փող չկա։ Մյուս կողմից՝ աշխարհի ամենաթանկարժեք, ամենահաճելի, ամենալավ, ամենագեղեցիկ լիցքավորման կայանները Երեւանում են (բա դա վա՞տ է- Ա. Ի.)։ Դրանք շատ արագ աճեցին, քանի որ գերշահույթ ապահովող ոլորտ է սա։ Ուղղակի պետք է իրենց շահույթը մի քիչ պակասեցնել եւ ամբողջ բնակչության մեջ վերաբաշխում իրականացնել։

Հարցազրույցը վարեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031