Խմբագրություն զանգահարեց անանուն մի քաղաքացի եւ հայտնեց, որ նախորդ գիշեր Աջափնյակի «Սանմաքրում» ձեռնարկության տնօրեն Ավոն ծեծել է իր աշխատակից պահակ Համոյին։ Անանունը կարծիք էր հայտնել, որ այս ծեծը կապվում է Աջափնյակի թաղապետի չարաբաստիկ ընտրությունների հետ։
«Սանմաքրում» ձեռնարկության տնօրեն Ավո Մելքոնյանը ժխտեց այս ծեծին իր մասնակցությունը, ասելով, որ իրականում երկու պահակներն են իրար ծեծել՝ ճաշարանում մի լավ ուտելուց հետո։ Ծեծվողի անունը ոչ թե Համո է, այլ՝ Հովո։ Մեր այն հարցին, թե թաղապետի ընտրությունների ժամանակ ո՞ւմ կողքին է եղել սանմաքրման Ավոն, վերջինս պատասխանեց. «Ես նեյտրալ զոնա եմ եղել, որոշել եմ քաղաքականության մեջ չմտնել, Հանրապետական կուսակցության անդամ եմ եղել, բայց դուրս եմ եկել»։
Վերջում պրն Ավոն խնդրեց այս մասին չգրել (եթե հնարավոր է)։ Մենք պատասխանեցինք, որ հնարավոր չէ. «Եթե սոխ չես կերել, սիրտդ ինչո՞ւ է մրմռում»։
Մ. Ե.