Լրահոս
Օրվա լրահոսը

Էդ է՞լ ես անեմ

Օգոստոս 11,1999 00:00
koxpeq

Երբ խոսում են քարտուղարուհիները, շեֆերը լռում են

«Արմենիկումի» մասին ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի սենսացիոն հայտարարությունից հետո, երբ «Комсомольская правда» թերթը Հայաստան ուղարկեց կալինինգրադցի «կամավոր» Կոլյա Կոլեսնիկովին՝ ազգովի շունչներս պահած հետեւում էինք նրա բուժման ընթացքին։

Ու գրեթե համոզված էինք, որ Կոլյա Կոլեսնիկովի բուժման շնորհիվ կվճռվի «Արմենիկումի» ճակատագիրն ու, դրան զուգահեռ, մեր բոլոր ժամանակների պետական, պատմական ու տարածքային խնդիրները։

Կոլյա Կոլեսնիկովը բավականին ժամանակ է մեկնել է Հայաստանից, սակայն մինչեւ օրս ոչ միայն «Արմենիկումը» չի ճանաչվել, այլեւ անգամ կասկածելի է Կ.Կոլեսնիկովի բուժման հարցը։ Մինչեւ օրս հայ բժիշկները պնդում են, թե նա բուժվել է՝ շարունակելով արտերկրից անվերջ նոր հիվանդներ ընդունել, իսկ նույն այդ արտերկրի գիտնականներն ու բժիշկները ոչ մի կերպ չեն ընդունում մերոնց պնդումները։ Եթե «Արմենիկումի» մասին արված հայտարարության առաջին օրերին դրա հետ առնչվող պատասխանատուները որոշակի հարցազրույցներ տվեցին, ապա վերջին շրջանում քար լռություն են պահպանում։ Այդ լռությունը թերեւս ժամանակ առ ժամանակ խախտում են լրագրողները։ Հայկական հեռուստառադիո-մամուլը խոսում է «Արմենիկումի» մասին՝ իբրեւ «դարի գյուտի», իսկ դրսի մամուլը, հատկապես «Комсомольская правда»-ն տպագրում է տեսակետներ, որտեղ «Արմենիկումը» իբրեւ դեղամիջոց չի ճանաչվում։ Արդեն որերորդ անգամ, «КП»-ն գրում է, որ ոչ Վալերի Պոկրովսկու (Մոսկվա), ոչ Պաստերի (Փարիզ) ինստիտուտները «Արմենիկումը» իբրեւ դեղամիջոց չեն ճանաչում։ Ավելին, այդ հրապարակումների համաձայն, թեպետ գիտա-բժշկական շրջանակներում լսել են այդպիսի դեղամիջոցի մասին, սակայն ոչ ոք չի տեսել դրա փորձարկումներն ու արդյունքները։ Բացի այդ, մինչեւ օրս միջազգային բժշկական շատ թե քիչ լուրջ որեւէ հանդեսում ոչ մի տող չի գրվել «Արմենիկումի» մասին, ինչը, ի դեպ, հաջողությամբ կարող են անել հենց հայ գիտնականները։

«Արմենիկումի» մասին նույն տեսակետը (դեղամիջոց չհամարելու մասին) հայտնեց նաեւ բոլորովին վերջերս Հայաստան ժամանած ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի ծրագրի խորհրդատու Էնդրյու Ամատո-Գաուչին։ Ու թվում էր, թե այսքանից հետո հայ գիտնականների նյարդերը տեղի կտային, ու նրանք կսկսեին բազմաթիվ գիտական հոդվածներ տպագրել միջազգային գիտա-բժշկական հանդեսներում։ Բայց հայ գիտնականներին «ջղայնացնելն» ու նրանց քար լռությունը խախտելը, պարզվում է, այդքան էլ հեշտ չէ։ Մտածեցի՝ լա՜վ, հայ գիտնականները չեն խոսում, գոնե մենք խոսեցնենք նրանց, ու դիմեցի «Դեղ» գործակալության տնօրեն Էմիլ Գաբրիելյանին։ Երկօրյա իմ փնտրտուքի ընթացքում Էմիլ Գաբրիելյանի քարտուղարուհին նախ ոչ մի կերպ թույլ չտվեց գոնե հեռախոսով անձամբ խոսել պարոն Գաբրիելյանի հետ, ապա հայտնեց. «Մենք երկու շաբաթ զբաղված ենք լինելու, պարոն Գաբրիելյանը ժամանակ չունի հարցազրույց տալու, նա նոր է վերադարձել Ամերիկայից»։

Համոզված եմ, որ Էմիլ Գաբրիելյանն ու իր քարտուղարուհին իսկապես երկու շաբաթ զբաղված են լինելու լուրջ գործով, թե չէ պարոն Գաբրիելյանը, եթե հարցազրույց չի տալիս, գոնե «Արմենիկումի» մասին մի երկու գիտական հոդված կտպագրի միջազգային գիտա-բժշկական հանդեսներում։ Կամ գուցե ավելի ճիշտ կլինի, որ դա է՞լ անի ՀՀ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, հը՞, ի՞նչ կլինի որ։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031